Շիրակի մարզում 2500-ից ավելի հուշարձան կա: Դրանց պահպանությունը իրականացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները: Ոչ միայն պահպանում ու հանրահռչակում են, այլև` բացահայտում մշակույթի նվիրյալներին:
ՊՈԱԿ-ի գիտաշխատող Խորեն Գրիգորյանը Շիրակի մարզում դաշտային աշխատանքներից մեկի ժամանակ ծանոթացել է հետաքրքրասեր երիտասարդի հետ: Նեղ մասնագիտական կրթություն չունեցող, բայց ազգագրության մասին բավականին տպավորիչ գիտելիքներ ունեցող Նարեկ Դավթյանը չի վրիպել ՊՈԱԿ-ի գիտաշխատողի աչքից: Հոռոմ գյուղում ապրող համեստ երիտասարդը օրվա հացի փողը վաստակում է առևտուր անելով:
Ընտանիքը մեծ է, բայց դա չի խանգարում, որ վաստակած գումարի մի մասը Նարեկը ծախսի ազգագրական բնույթի կենցաղի իրեր ու առարկաներ ձեռք բերելու համար:
Համեստ կենսակերպով այս օջախում միանգամից աչքի են զարնում սկուտեղները, թեյնիկները, կշեռքները, ինքնաեռները, սայլերի մասերը, արծաթե գոտիները, կճուճները, թանկարժեք արդուզարդը, դաշույնները: Դրանց թվում նույնիսկ 300 տարվա վաղեմություն իրեր կան, որոնք գնել է Սյունիքից, Ջավախքից, Իրանի Իսլամական Հանրապետությունից: Որքան մեծ է աշխարհագրությունը, այնքան հետաքրքիր է առարկաների պատմությունը: Նարեկ Դավթյանի «թանգարանը» իր տունն է, «ցուցասրահն» էլ` հյուրասենյակն ու ննջասենյակը, որտեղ անգամ ողջ հավաքածուն չի տեղավորվում:
Առաջին նմուշը Նարեկը ձեռք է բերել 7 տարի առաջ, երբ պատահաբար իմացել է, որ հարևանը տանը կճուճ ունի: Դրանք վերցրել է ծաղկամանի նպատակով, բայց երբ հասկացել է, որ արժեքավոր են` մտափոխվել է:
Յուրաքանչյուր իր կամ առարկա գնելիս Նարեկը լուրջ աշխատանք է իրականացնում: Գրեթե բոլոր մարզերում ծանոթներ, ընկերներ ունի: Նրանց հետ մշտական կապ է պահում: Եթե իմանում է, որ Սյունիքում ինչ-որ մեկը դաշույն կամ գոտի է վաճառում, անձամբ է գնում տեսնելու, նաև` գնելու համար:
«Նախկինում, երբ ինչ որ մեկին տեսնում էի, ոչ թե հարցնում ո՞նց է, այլ հետաքրքրվում էի ազգագրական բնույթի իր կամ առարկա ունի՞»,- պատմում է Նարեկը:
«Ցանկալի է, որ Հոռոմում բացվի, իմ հարազատ գյուղում կյանք ու մշակույթ կա: Զբոսաշրջիկներն էլ շատ են գալիս Հոռոմ` «Քաղաքատեղի Հոռոմ» դամբարանադաշտը, 1860թ. կառուցված Սուրբ Հսիփսիմե եկեղեցին տեսնելու համար: Եթե կարողանանք մեկտեղել այս ամենը թանգարանի հարկի ներքո` հետաքրքիր ու յուրօրինակ մշակութային օջախ կունենանք»,- ասում է Ն.Դավթյանը:
Սուրբ Հսիփսիմեն խոնարհված եկեղեցի է: Նարեկն ասում է, որ այն առաջիկայում կվերականգնվի բարերարի շնորհիվ: Նույն բարերարը նաև խոստացել է աջակցել տարածքի ձեռքբերման հարցով: Նորոգումն ու տարածքի բարեկարգումը երիտասարդ կոլեկցիոներն անձամբ կանի:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը և տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանը ցուցանմուշներին տեղում ծանոթանալուց հետո Ն. Դավթյանի հետ քննարկել են այն խնդիրները, որոնց լուծումը կարող է նպաստել ցուցադրությունը պատշաճ ներկայացնելուն: ՊՈԱԿ-ի տնօրինությունը պատրաստակամ է աջակցել թանգարանի ստեղծմանը, հավաքածուն թանգարանային ցուցադրության պատշաճ վիճակի բերելու, էթիքեթների պատրաստման ու այլ հարցերում:
Համապատասխան ընթացակարգից ու թանգարանի ստեղծումից հետո Նարեկ Դավթյանն էլ իր հերթին պատրաստ է ողջ հավաքածուն նվիրատվությամբ հանձնել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:
ՀՀ մշակույթի նախարարություն
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
եվ պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առեվտրային կազմակերպություն