Կոշտ բանավեճ և փոխադարձ մեղադրանքներ Հայկ Մարությանի և Դավիթ Խաժակյանի միջև. ընդհուպ մինչև ՛՛իմպոտենտ՛՛ և այլ հայտարարություններ

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը այս էլ որերորդ անգամ շեշտում է, որ քաղաքի սանմաքրումն իրականացնող «Սանիթեք» ընկերությունը իր գործունեության համար անհրաժեշտ տարածքները վարձակալել է Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հորից: Այսօր հրավիրված ավագանու արտահերթ նիստում էլ անդրադարձավ դրան:

Նաեւ նշեց, որ ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մտերիմ հարաբերություններ ունի Վահե Նիկոյանի հետ՝ ըստ էության ակնարկելով, որ Խաժակյանը կողմնակալ մոտեցմամբ է գնահատում քաղաքի սանմաքրման ուղղությամբ քաղաքապետարանի նախաձեռնությունները:

«Երբ խոսեցիք կոռուպցիոներ հանրապետականների մասին, ակամայից հիշեցի այսօրվա գործակարգավարական խորհրդակցությունը, որի ընթացքում պարոն Խաչիկյանը զեկուցեց, որ «Սանիթեք» ընկերության օֆիսի եւ գարաժների տարածքում պրոբլեմ է եղել, մարդիկ եկել են, փակել են, ասել են՝ հերիք եղավ, բոլ եղավ, խանգարում եք եւ այլն եւ այլն:

Ու ոնց հասկանում եմ՝ քանի որ դուք պարոն Նիկոյանի հետ մոտիկ եք, եւ քանի որ իր հայրն է դա վարձակալությամբ տվել «Սանիթեք» ընկերությանը եւ գումար է աշխատում, իսկ բնակիչները դրանից նեղվում են, բողոքում են, նաեւ մեկ սպանություն է եղել այդ բողոքի հողի վրա, եթե չեմ սխալվում, անընդհատ ինչ-որ պրոբլեմներ են առաջանում, խնդրում եմ փոխանցեք (ես նաեւ գործակարգավարականի ժամանակ դա հանձնարարեցի տվյալ վարչական շրջանի ղեկավարին), որ ինքը իր կողմից նույնպես կարգավորումներ այդտեղ անի, որովհետեւ այսպես շարունակել հնարավոր չէ: Եթե չեմ սխալվում, օդում կախված լուրերով, դուք բավականին մոտիկ եք պարոն Նիկոյանի հետ, կարծում եմ նաեւ ընկերական հորդորը այստեղ բավականին մեծ դեր կխաղա»,- դիմելով Դավիթ Խաժակյանին՝ ասաց քաղաքապետ Մարությանը:

«Նախ սուրհանդակային ծառայություններով, փոխանցումներով հավանաբար դուք եք զբաղվում, որ ինձ կոչ եք անում: Ես նման բաներով չեմ զբաղվում: Սա առաջինը: Երկրորդ՝ անատամ եւ, հազար ներողություն արտահայտությանս համար, իմպոտենտ արտահայտություններ անելու փոխարեն՝ մեխն էլ է ձեր ձեռքին, չագուչն էլ. տարածքը վա՞տն է, քաղաքապետ եք, վարչապետը ձեր ուժի ներկայացուցիչ է, ազգային ժողովի մեծամասնությունը այնտեղ է, լուծեք այդ հարցը: Այդ հարցը ես բարձրաձայնել եմ, երբ որ գնացել եմ «Սանիթեքի» այդ տարածքի դիմաց «Ելք» խմբակցության օրոք ցույց եմ արել:

Այո, ես համարում եմ, որ այդ տարածքից պետք է դուրս գա, լուծեք այդ հարցը: Երբ դուք ասում եք, որ այդտեղ եղել է շահերի բախում, բոլոր իրավապահ մարմինները ենթարկվում են իրենց համապատասխան կառույցներին, դիմեք, հաղորդում ներկայացրեք»,- արձագանքեց Դավիթ Խաժակյանը:

Ինչ վերաբերում է Վահե Նիկոյանի հետ իր հարաբերություններին, նա, դրանք որակելով աշխատանքային, շարունակեց. «Ես ձեզ մի կարեւոր բան եմ ցանկանում հիշեցնել. պարոն Նիկոյանին դուք առաջարկել էիք լինել քաղաքապետի խորհրդական եւ նախկին քաղաքապետի տեղակալներից միայն պարոն Արեյանն է այստեղ, ամենայն հարգանքով նրա նկատմամբ: Երբ դուք այդպիսի հայտարարություններ եք անում, առաջին հերթին ձեր հետագիծը, անցած ճանապարհը նայեք՝ նման մեղադրանքներ մարդկանց ուղղելիս:

Երկրորդ, ես չեմ տառապում մարդկանց ամեն կերպ պաշտպանելու առումով: Մենք աշխատել ենք տրանսպորտային համակարգի շուրջ, պաշտպանել եմ, պաշտպանում եմ, որովհետեւ այդ մասնագիտական խմբի մասն եմ եղել, հիմա էլ դուք ապացուցում եք, որ ամեն ինչ նորմալ գնում է այդ մասով: Բայց ես խնդրում եմ, ձեր ակնարկները հաջորդ անգամ այդ ուղղությամբ չանեք՝ ես ում հետ ինչ հարաբերություններ ունեմ, որովհետեւ դա լավ տեղ չի տանում, առաջին հերթին ձեզ»:

Այսուհանդերձ, քաղաքապետ Հայկ Մարությանը պնդեց Դավիթ Խաժակյանին ուղղված իր առաջարկը: «Ես վստահեցնում եմ ձեզ, որ այն ամենը, ինչ ասացի, ուժի մեջ է մնում եւ այո՛, դուք, որպես մտերիմ, կարող եք ձեր հորդորը ասել:

Այն, ինչ որ կապված է մեզ հետ, վստահեցնում եմ՝ բոլոր գործերը հերթով, հանգիստ գնում են դատախազություն, ԱԱԾ, քննչական այլ մարմիններ: Բոլոր գործերին հերթով ընթացք է տրվելու: Այնպես որ, ես հասկանում եմ այդ շահագրգռվածությունները կամ կապվածությունները»,- ասաց Հայկ Մարությանը:

Հ.Գ. -1 «Սանիթեք» ընկերությունից փորձեցինք մեկնաբանություն ստանալ տարածքի վարձակալության, դրա ընտրության պատճառների մասին:

Լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ բոլոր հետաքրքրող հարցերին կպատասխանեն առաջիկայում հրավիրվելիք ասուլիսի ընթացքում: Դրա հստակ ժամկետ դեռ որոշված չէ:

Հ.Գ. -2 Բողոքի հողի վրա սպանությունը կամ մահվան դեպքը, որի մասին խոսում է քաղաքապետը, վերաբերում է 2017 թվականին: Այդ ժամանակ մամուլը գրել էր, որ ծեծկռտուք է տեղի ունեցել «Սանիթեքի» աշխատակիցների եւ երկու քաղաքացու միջեւ։ Վեճը ծագել է Չարբախում աղբատար մեքենաների լվացման պատճառով։

Այդ մեքենաները լվանալու ժամանակ աղբի ուժեղ հոտ է տարածվում, ինչն էլ դուր չի գալիս տեղի բնակիչներին։ Նրանցից մեկը գնացել է բողոք հայտնելու, բայց գործն ավարտվել է նրանով, որ ծեծի են ենթարկվել այդ բնակիչն ու իր որդին՝ ստանալով մարմնական վնասվածքներ: Դրանից որոշ ժամանակ անց հայրը մահացել էր սրտի կաթվածից:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS