Կոչ բոլոր ծնողներին. Կտրականապես չօգտվել փողոցում պատրաստվող, վաճառվող փափուկ «բամբակից»․ ՍԱՊԾ գլխավոր մասնագետ

Վերջին շրջանում մայրաքաղաքի փողոցներում, հատկապես հանգստի գոտիներին հարակից տարածքներում հաճախ ենք հանդիպում մեքենաներից «քաղցր բամբակ» պատրաստողների ու վաճառողների:

Անթույլատրելի պայմաններ, սանիտարահիգիենիկ նորմերի խախտում. մեր նկարահանումների ընթացքում նման տեսարանների հանդիպեցինք:

Մայրաքաղաքում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից տարվող պայքարի ընթացքում քայլեր են ձեռնարկվում առևտրի այս տեսակը ևս կանոնակարգելու համար:

Բացի այն, որ փողոցային առևտրի այս տեսակն ապօրինի է, այն նաև վտանգ է ներկայացնում առողջության համար: Մասնագետները խորհուրդ են տալիս խուսափել փողոցում պատրաստվող և վաճառվող «քաղցր բամբակ» գնելուց:

«Անհայտ է մնում, թե այդ գործունեություն իրականացնողը բժշկական զննություն անցե՞լ է, ի՞նչ պայմաններում է պատրաստում այդ հումքը, որից ստանում է «բամբակ» և որը գայթակղում է երեխաներին, թեև իրենից վտանգ է ներկայացնում:

Միգուցե այդ գործունեություն իրականացնողը տուբերկուլյոզով հիվանդ է, չէ՞ որ նա երեխաների հետ է շփվում, բացի այդ, ինչ պարբերականությամբ է վերջինս բժշկական զննություն անցել, ինչ հաճախականությամբ են այդ սարքերը ախտահանվում, միգուցե տարաները երբևէ չե՞ն ախտահանվում:

Ես խորհուրդ կտայի ծնողներին, որ կտրականապես չօգտվեն փողոցում պատրաստվող, վաճառվող փափուկ «բամբակից», քանի որ դրանով իսկ նրանք վտանգում են իրենց երեխաների առողջությունը»,- նշում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գլխավոր մասնագետ, տեսուչ Արմեն Գալստյանը:

Թեև անզեն աչքով տեսանելի են այն պայմանները, որտեղ պատրաստվում է քաղցր «բամբակը», մեր համաքաղաքացիներից շատերը շարունակում են օգտվել դրանից: Հարցումների ընթացքում լսեցինք տարբեր կարծիքներ:

Որպեսզի վարչարարությունն առավել արդյունավետ լինի, քաղաքապետարանը հանդես կգա օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ: Այն դեպքերում, երբ ապօրինի առևտրով զբաղվողները չեն ենթարկվի նախազգուշացումներին, քաղաքապետարանը կառգրավի վաճառվող ապրանքը:

Իսկ մինչ այդ, յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է մտածի իր և իր երեխայի առողջության մասին՝ խուսափելով փողոցում վաճառվող ամեն տեսակի կասկածելի ծագումով ապրանքներից: Բացօթյա ապօրինի առևտրի վերացումը մեծապես նաև այս վերաբերմունքից է կախված:

Աղբյուրը՝ Երևանի քաղաքապետարան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS