Կոտայքի մարզպետը մանրամասնել է ներկայացրել իր և Սասուն Միքայելյանի միջև հարաբերություններից…

Առաջիկայում ունենք մարզխորհրդի նիստ, Աբովյանի քաղաքապետը կներկայանա, ինչպես մյուս 67 բոլոր համայնքների ղեկավարները եւ կմասնակցի նիստին։ Մեր հարաբերությունները ես պայմանավորում եմ բացառապես ՏԻՄ օրենքով, Սահմանադրությամբ եւ այլ իրավակարգավորումներով։

Այս մասին այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության հետ փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատկերացնում Աբովյանի քաղաքապետի հետ աշխատանքային գործընթացը․

«Քաղաքական գնահատականները, որոնք հնչեցրել եմ մինչ ընտրությունները եւ ընտրությունների բուն ընթացքում՝ մնում են ուժի մեջ, քանի դեռ վերընտրված քաղաքապետը չի ապացուցել հակառակը՝ էֆեկտիվ կառավարման, օրինականության պահպանման եւ կլանային շահեր չսպասարկելու առումով»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ այս հարցը նիստի ժամանակ քննարկե՞լ են։ Ի պատասխան՝ մարզպետն ասաց, որ ինքն անձամբ անդրադարձել է հարցին եւ տվել որոշակի գնահատականներ ու բնորոշիչներ․

«Թե ինչ խնդիրներ կային համայնքներում ՏԻմ ընտրություններից առաջ, առ այսօր կարող ենք բախվել այդ իրողություններին։ Դրա համար պետք է մեր պառլամենտական գործունեությամբ զբաղվող գործընկերները ուշադրության կենտրոնում պահեն։

Թույլ տվեք շատ փակագծեր չբացեմ, որովհետեւ փակ նիստ է եղել, բայց քննարկումներն ընթացել են առողջ մթնոլորտում»։

Անդրադառնալով իր եւ Սասուն Միքայելյանի հարաբերություններին՝ Կոտայքի մարզպետն ասաց, որ որեւէ սրվածություն չկա, Սասուն Միքայելյանը չի հերքել, որ որոշակի տարաձայնություններ կան․

«Ես ինքս էլ չեմ հերքում, որ քաղաքական որոշակի տարաձայնություններ կարող են լինել քաղաքական ուժի ներսում, վարչության ներսում։ Դա շատ առողջ է, որովհետեւ մենք սուպերլիդերով կառավարվող քաղաքական ուժ չենք եւ շատ առողջ է, որ քաղաքական տարաձայնություններ են լինում»։

Մարզպետն ասաց, որ ինքը Կոտայքի մարզում գործում է բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացիների․

«Հայաստանի Հանրապետության հիմքերը ամրացնելուն են ուղղված իմ գործողությունները Կոտայքի մարզում, դրա համար ես հաճախ եմ խոսում ՀՀ քաղաքացի, ինստիտուտներ, մարզպետի ինստիտուտ եզրույթների մասին»։

Լրագրողի հարցին՝ այդ ինստիտուտները Աբովյանում չկա՞ն, Պետրոսյանն ասաց, որ, իր կարծիքով, ցավոք սրտի, դեռ ունենք կլաններին սպասարկող տեղային կառավարում։

Թե ինչպիսի գնահատական կտա Սասուն Միքայելյանի որդու՝ Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի աշխատանքին՝ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ Հրազդանի քաղաքապետի հետ ունի աշխատանքային լավ հարաբերություններ․

«Հրազդանում այս պահին սուբվենցիոն 7 ծրագրերի հայտ ենք ներկայացրել կառավարություն, դրանցից երկուսն արդեն ընդունվել են։ Հրազդանը բավականին փոխվել է, կարող եք ինքներդ էլ այցելել եւ համոզվել։

Որեւէ այլ հանգամանքով պայմանավորված որեւէ այլ խնդիր չեմ տեսնում։ Իսկ ՔՊ վարչությունը որոշում էր կայացրել ընտրությունների ժամանակ չպաշտպանել Սեւակ Միքայելյանին, ինչը ես ի կատար ածեցի՝ որպես ՔՊ կուսակցության հիմնադիր եւ վարչության անդամ։ Ընդամենը սա է, անձնային խնդիրներ չկան»,-եզրափակեց Պետրոսյանը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS