Կրակն ուժեղ էր, ահավոր էր, ուզում էի մեքենայից կախված աղջկան օգնել, չկարողացա, հնարավոր չէր, կրակն ուժեղ էր:
Այս մասին դեպքի վայրում լրատվամիջոցներին պատմեց Զոդի կամրջում տեղի ունեցած վթարի ականատես, Արարատ գյուղի բնակիչ Արթուր Նազարեթյանը:
Նա ասաց, որ երեք մեքենաներն էլ այրվել են, օգնություն ցուցաբերել չի հաջողվել:
«Ես անձամբ տեսել եմ հինգ զոհ, այդ թվում նաև «ԳԱԶել»-ի վարորդը: Արդեն հրդեհը հանգցնելուց հետո ոչինչ հնարավոր չէր անել:
Մյուսներին էլ եմ տեսել, իմ աչքի դիմաց վառվում էին, մեքենաներից միայն «ԳԱԶել»-ի վարորդն էր մահացել, ոտքերը սեղմված էին, երևի ուզեցել էր դուրս գալ ու չէր կարողացել:
Կրակն ուժեղ էր, հրշեջները մի 5-6 մետր հեռավորության վրա չէին կարող մոտենալ, որ հեռու պահեին: Հնարավոր չէր ոչ մի բան անել»,-ասաց ականատեսը:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա, կան զոհեր և տուժածներ: