Հին «Պոպլավոկ», մետրոյով Շենգավվթից «Երիտասարդական» ու երկար զբոսանքներ երեխաների հետ. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, պատմում է իր յուրահատուկ Երևանի մասին։
Ամեն օր դասի էի գալիս կենտրոն ու միշտ մետրոյով` փոքր ժամանակ մեր տունը Շենգավիթում էր, բայց ես սովորում էի 119-րդ դպրոցում ու Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում:
Դասերից հետո սիրում էի զբոսնել քաղաքի հին ու նեղլիկ փողոցներով: Ստացվում էր, որ օրվա մեծ մասը փոքր կենտրոնում էր անցնում: Երևի դրա համար է, որ ես կապված եմ Երևանի, հատկապես դրա սրտի հետ: Եվ քաղաքի ու իմ այդ կապը շատ ամուր է:
Ուսանողական կյանք ես չեմ ունեցել` դրա տարածված դասական իմաստով: Դեռ նոր-նոր էի ընդունվել Երևանի պետական համալսարան, երբ հանդիպեցի ապագա ամուսնուս: Սկսեցինք ընկերություն անել, ու մեր ամբողջ ազատ ժամանակը իրար հետ էինք անցկացնում:
Հիմա դժվարանում եմ հիշել այն թեյարաններն ու սրճարանները, ուր ամուսնուս հետ ժամադրության էինք գնում` քաղաքը շատ է փոխվել: Բայց իմ անձնական ամենասիրած վայրը «Առագաստ» սրճարանն էր` «Պոպլավոկը»: Դպրոցի վերջին տարիներին շատ էի գնում այնտեղ` նստում, կարդում էի: «Պոպլավոկում» միշտ արվեստի մարդիկ էին լինում, ու այդ առանձնահատուկ մթնոլորտը չափազանց գրավիչ էր ինձ համար: Հետագայում էլի գնում էինք այդ սրճարան, բայց ինչպես գիտեք, այն շատ փոխվեց: Հին «Պոպլավոկը» այլևս չկա:
Երեխաների հետ մեր ամենասիրելի ժամանցի տարբերակը մի ամբողջ օր քաղաքի տարբեր վայրերով ու փողոցներով շրջելն է: Օրինակ, դուրս գալ շաբաթ կամ կիրակի, գնալ փոքրիկ կենդանաբանական այգի, հետո սրճարան` մի բան ուտելու, իսկ երեկոյան անպայման շատրվանների մոտ: Հիմա, իհարկե, այնքան էլ չի ստացվում ժամանակ գտնել այդպիտի երկար զբոսանքների համար:
Երևանը ուրիշ քաղաքներից մի պարզ տարբերություն ունի` այն իմ քաղաքն է: Աշխարհում չկա ուրիշ մի քաղաք, որ իմը լինի: Հենց այդ պատճառով էլ ես չեմ կարող Երևանը օբյեկտիվորեն գնահատել, համեմատել մոլորակի մյուս քաղաքների հետ: Բայց ես նաև տեսնում եմ, որ օտերերկրացիներն են հավանում ու սիրում Երևանը:
Երևանում բազմաթիվ են այն վայրերը ուր կարելի է հյուրերին պատվով տանել: Երբ ընտանիքով հյուրընկալում ենք արտասահմանցի ընկերներ, առաջին հերթին նրանց թանգարաններ ենք տանում, հատկապես` Մատենադարան և, իհարկե, Կասկադ: Էլ չեմ ասում այն փոքրիկ գողտրիկ վայրերի մասին, ուր կարելի է ուղղակի մի բաժակ գարեջուր վայելել ու հաճելի զրուցել:
Երևանի գիշերների մասին շատ է խոսվում: Եվ իսկապես, քաղաքը երեկոյան սքանչելի է ու նաև շատ անվտանգ: Կենտրոնի փաբերն ու կենդանի երաժշտությունով տեղերն էլ ապահովում են յուրակատուկ ակտիվ մթնոլորտ:
Երևանը ոչ թե ուղղակի գեղեցիկ է, այլ ունի իր ուրույն կոլորիտը, շունչը, որը պահմանվել է անկախ այն ամեն ինչից, որ տեղի է ունեցել այս տարիներին մեր քաղաքի հետ:
Ինձ խորը ցավ է պատճառում այն, ինչի վերածվեց Օղակաձև այգին տարիների ընթացքում: Մինչև հիմա չեմ կարողանում անտարբեր անցնել այդ տարածքով, չեմ կարողանում չնկատել այդ բոլոր շինությունները, կանաչ գոտիների վերանալը և ընդհանուր փնթի տեսքը: Շատ-շատ կուզեի այն իր նախկին տեսքով լիներ այսօրվա Երևանում: Այս բոլոր փոփոխությունների հետ կուզեի ունենայինք փոքր կենտրոնի շուրջ այդ կանաչը: Դա ինձ շատ է պակասում ու դա մի բան է, որի հետ չեմ կարողանում հարմակերպվել:
Վերջին տարիներին մի քիչ հեռացել եմ քաղաքի եռուզեռից` անընդհատ երեխաներով եմ զբաղված, ու շատ քիչ ժամանակ եմ ունենում քաղաքի հետ կապս սերտացնելու: Դրա համար էլ երևանցու կերպարի մասին իմ պատկերացումները մի քիչ հնացել են: Չնայած, այսօրվա քաղաքը ինձ մոտ ավելի ու ավելի է ասոցացվում գեղեցիկ ու կրթված երիտասարդների հետ, երիտասարդ զույգերի, ընտանիքների հետ: Նրանց շփումը, նրանց աչքերի պայծառությունը, նույնիսկ հագնվելու յուրահատուկ ոճը` ժամանակակից Երևանը ես զգում եմ այն ազատության հետ, որ կա երիտասարդների մեջ:
Ոչ մի յուրահատուկ զգացողություն չեմ ունենում, երբ անցնում եմ Հանրապետության, Ֆրանսիայի կամ Ազատության հրապարակով: Հեղափոխությունը եկավ այնտեղ ու դուրս եկավ այնեղից: Իսկ հրապարակները ինձ համար մնացին նույնը, ինչ եղել են ամբողջ կյանքիս ընթացքում: