Ես աշխատում եմ որպես շտապ օգնության բժիշկ: Աշխատանքից հետո հոգնած էի, տաքսի նստեցի: Լուռ գնում ենք: Մեկ էլ հեռախոսս զնգաց:
Ընկերուհիս էր, նրա երեք տարեկան տղան բարձր ջերմություն ունի, եւ ոչ մի կերպ չի իջնում, խորհուրդ է հարցնում: Ես բացատրեցի, թե ինչ է պետք անել եւ ինչպես վերահսկել իրավիճակը: Երբ խոսակցությունն ավարտվեց, տաքսու վարորդը նրբանկատորեն, կարծես ի միջի այլոց հարցնում է.
— Բժի՞շկ եք:
— Այո, շտապ օգնության բժիշկ եմ, Ձեզ նո՞ւյնպես խորհուրդ է պետք,- ժպտում եմ:
— Ոչ, -տաքսու վարորդը ժպտաց, — ես արդեն որոշ ժամանակ է բժիշկներին անվճար եմ տեղափոխում:
Ես որոշեցի, որ կատակում է.
— Դա նոր պետական ծրագի՞ր է:
— Ոչ, դա իմ անձնական ծրագիրն է: Ընդամենը մեկ տարի առաջ, Շտապ օգնության բժիշկը փրկեց իմ երեխային, որ կարող էր մահանալ ավտովթարի հետեւանքով:
— Հասկանալի է, բայց, ի վերջո, դա մեր գործն է, մեր պարտքն է, մենք գումար ենք ստանում դրա համար, ճիշտ այնպես, ինչպես ձեր հացը վաստակում եք ձեր արհեստով: Ինչո՞ւ հրաժարվել ազնվորեն վաստակած գումարից, — զարմացա ես:
— Պարտականությունը՝ պարտականություն, բայց միայն այդ չէ: Այնտեղ, վթարի վայրում, նա խախտել է ձեր կանոնակարգը:
Երկրորդ շտապ օգնության թիմն ասաց, որ Ալիսան հիվանդանոց չի հասնի, մեզ առաջարկեցին այդտեղ հրաժեշտ տալ նրան, իսկ այդ տղան որոշեց տեղում վիրահատություն անել: Դուստրս մեծ սպի ունի վզին, բայց նա կենդանի է, եւ թոռներս չեն կորցրել մորը:
Այնուհետեւ տղային հեռացրել են աշխատանքից՝ հրահանգների համաձայն չգործելու համար: Նա մեկնել է իր քաղաք եւ այժմ այնտեղ է փրկում մարդկանց: Այժմ ես սա համարում եմ իմ շնորհակալությունը Աստծուն, ուզում եմ ինչ-որ կերպ շնորհակալ լինել, որ այն տղան մեզ հանդիպեց, որ նրա հերթափոխն էր:
Դրանից հետո ես անվճար եմ տեղափոխում բժիշկներին: Չեմ կարող իմանալ նրանցից ով է լավը, ով՝ ոչ այնքան, ես դատավոր չեմ: Հետեւաբար, ես գումար չեմ վերցնում անխտիր բոլորից:
Ես չվիճեցի նրա հետ: Ոչ թե որովհետև ագահությունը ներսումս խոսեց և ուրախ էի, որ գումար կտնտեսեմ: Կոկորդումս գունդ էր կանգնած, ես խոսել չէի կարողանում:
Մեր մասնագիտության մեջ, իսկապես, տարբեր մարդիկ են հանդիպում, բայց ես, այդ տղայի տեղում, նույնպես աշխատանքս կզոհեի հանուն մարդու կյանքի: