Ալեն Սիմոնյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից. նա Երեւանի քաղաքապետ կդառնա՞

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ այսօր դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ իր լիազորությունները որպես պատգամավոր դադարեցնելու մասին:

Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի պատգամավորի մանդատ էր ստացել՝ փոխարինելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մինչ այդ նա Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ էր: Սիմոյանն այժմ որոշել է պահպանել ավագանու անդամի մանդատը՝ հրաժարվելով պատգամավորի մանդատից: Պարզաբանելով իր այդ քայլը՝ նա նշեց, որ օրենքով սահմանված է 7 օր, երբ պատգամավոր ընտրված ավագանու անդամը հնարավորություն ունի շտկել իրավիճակը եւ ընտրել մանդատներից որեւիցե մեկը:

Ի վերջո, Երեւանի ավագանու մանդատը նախընտելու որոշումը Ալեն Սիմոնյանը այսպես մեկնաբանեց. «Արել եմ այս քայլը հանուն Երեւանի, հանուն աղավաղված շենքերի, որոնք մենք ունենք, հանուն անօրինական ձեւակերպումներ ստացած սեփականաշնորհված մանկապարտեզների, նկուղների, հանուն հատված ծառերի, հանուն այն բանի, որ Երեւանի քաղաքապետարանում եւ ընդհանրապես տեղ չպետք է չունենա կանանց նկատմամբ բռնությունը, հանուն լավ, հանուն մաքուր, հանուն սիրո, հանուն ազատ Երեւանի, որը մենք բոլորս շատ ենք սիրում»:

Ենթադրվում է, որ Ալեն Սիմոնյանն այսպիսով փորձելու է ընտրվել Երեւանի քաղաքապետի պաշտոնում: Վերջերս իր հարցազրույցներից մեկում Սիմոնյանը չէր բացառել, որ կարող է հավակնել այդ պաշտոնին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS