Թռչող սարքը տեսանկարահանել է եգիպտացորենի դաշտում վայրեջք կատարած ինքնաթիռը. Տեսանյութ

Կվադրոկոպտերը տեսանկարել է Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավը: Տեսանյութը հրապարակվել է Baza Telegram-ալիքում:

Օդից արված կադրերում երևում է եգիպտացորենի դաշտը, որի մեջտեղում գտնվում է օդանավը: Դրա կողքին հերթապահում է 2 հրշեջ մեքենա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում այսօր առավոտյան վթարային վայրէջք կատարած А321 օդանավում հայեր են եղել:

Ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավն այսօր առավոտյան վթարային վայրէջք է կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:

Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: Շարժիչներից մեկը սկսել է այրվել:

Օդանավի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել եգիպտացորենի դաշտում՝ օդանավակայանի թռիչքուղուց 1 կմ հեռավորության վրա: Օդանավը վայրէջք է կատարել հավաքված շասսիով:

Ուղևորները տարհանվել են փչովի թեքահարթակներով:

Վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 23 մարդ, այդ թվում՝ երեխաներ, բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Լուրջ վնասվածքներ չկան:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS