Կասես ինչ խոստում եք կատարել. Կարմիր գծերն եք հանել, տեսախցիկներն եք հանել թե տնտեսական աճ եք ապահովել. Շարմազանովը Փաշինյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, սկսել է քարոզարշավը։ Աշխատանքային այցերի ներքո՝ նա սեփական կուսակցության քարոզչությունն է իրականացնում՝ կոչ անելով դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում քվեարկել իրենց օգտին.

«Հիմա մեր բոլորի ճակատագիրը ձեր ձեռքում է, բայց էս փուլի դրությամբ մենք մեր ստանձնած պարտավորությունները ձեր առաջ լիարժեք կատարել ենք։ Մենք կգանք և ձեզնից կխլենք մանդատ։ Մենք քաղաքական հեղափոխություն արել ենք, հիմա մեզ պետք է ձեր վստահության քվեն երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Բայց որոշողը դուք եք, իշխանությունը ձերն է»,- հավաքված ժողովրդին դիմելով՝ ըստ էության քարոզարշավը ժամկետից շուտ սկսելով՝ ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով Փաշինյանի՝ Մարտունիում ունեցած ելույթին, որտեղ վերջինս մի քանի անգամ կրկնում էր, թե ժովովրդին տված խոստումները կատարել է, ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում ասաց.

«Այսօր գործող իշխանությունները բուծում են կեղծ ընդդիմադիր ուժեր, որոնք 6 ամիս ձայն չեն հանել, բայց խոսում են ընդդիմություն լինելու հավակնություններից: 6 ամիս դուք էիք իշխանության՝ մի բան անեիք:

Այսօր Մարտունիում ասել է՝ մեր քաղաքական թիմը բոլոր խոստումները կատարել է… Այդ ի՞նչ խոստում եք կատարել: Կարմիր գծե՞րն եք հանել, տեսախցիկնե՞րն եք հանել, տնտեսական ա՞ճ եք ապահովել…

Դուք ժողովրդին խոստացել եք, որ աշխատատեղերը պետք է նվազեցնե՞ք: Ալավերդիում այսօր 630 հոգի աշխատավարձ չի ստացել, աշխատանքից զրկվելու վտանգի տակ են, իսկ փոխվարչապետը կանգնում ասում է, թե պղնձաձուլական գործարանն ուշ թե շուտ պետք է փակվի: Այդ ինչպե՞ս եղավ, որ մեր իշխանության ժամանակ չէր փակվում, ձեր ժամանակ ուշ թե շուտ պետք է փակվի: 630 ընտանիքի ապրելու, ուտելու փողերը դուք եք տալո՞ւ:

ՀԱՊԿ-ում Հայաստանը խայտառակ իրավիճակում է: Մեծ-մեծ խոսելով չէ: Դե հիմա այնպես արա, որ Լուկաշենկոն քեզանից ներողություն խնդրի: Կարո՞ղ է հասնել նրան, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում խնդիր չունենա: Իշխանությունը բարձր գոռալը չէ: Մայիսի 8-ին երբ ընտրվում էր, ես իրեն  ասացի՝ միգուցե լավ հռետոր եք, բայց որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար՝ ես Ձեզ չեմ տեսնում:

Այս վեց ամիսները ցույց տվեցին, որ երբ նեղվում է՝ միտինգ է անում: Հա, լավ, մինչև դեկտեմբերի 9-ը ցույց արա, 6 ամիս հետո ի՞նչ ես անելու: Ժողովուրդը փայտ չունի, որ վառի, հացը, միսը թանկացել են, միրգը՝ նույնպես:

Միայն բանանն է էժանացել: Կարո՞ղ է այս ժողովուրդը բանան ուտող ժողովուրդ է: Մարդիկ հրապարակ են դուրս եկել՝ իրենց խնդիրների պատճառով: Ո՞ր մեկն ես լուծել, որ կանգնում ասում ես, թե՝ մեր թիմը բոլոր խոստումները կատարել է: Այդ ի՞նչն ես կատարել:

Մեկի աշխատավարձը, թոշակը մի կոպեկ բարձրացրե՞լ ես, աշխատատեղ բացե՞լ ես: Հո մենակ գոռալով ու «նախկինները վատն են» ասելով չէ: Նախկինները քեզ ժառանգել են 9 տոկոս տնտեսական աճով երկիր, դու այսօր բյուջեում 4.9 ես գրել:

Ինչ վերաբերում է սպասվող ընտրություններին՝ ասեմ, որ չեն կարող դրանք քաղաքական ու գաղափարական լինել, քանի որ տոտալ հակաքարոզչություն է ընթանում: Հենց տեղները նեղանում է՝ մեկին բռնում են, ինչ-որ մի հատ կոռուպցիոն գործ են հորինում կամ հիշում:

Հիմա Փաշինյանին հարց եմ տալիս՝ քաղաքական ի՞նչ հեղափոխություն ես արել: ՀԱՊԿ-ում ՀՀ ամուր դիրքերը խարխլել ես: Իմ ինչի՞ն է պետք, որ վարչապետը կանգնում մատ է թափ տալիս Լուկաշենկոյի կամ Նազարբաևի վրա: Ինձ պետք է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանն օգուտ ստանա, շատ զենք ստանան:

Մենք մտել ենք այնտեղ, որ գործընկերային ճիշտ հարաբերությունների արդյունքում շահի Հայաստանի անվտանգությունը: Եթե ՀՀ-ն ՀԱՊԿ-ում իր ամուր դիրքերը կորցնի, միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է լինելու»,- եզրափակեց Է.Շարմազանովը:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS