Հակաբիոտիկների ընդունումը տարեց կանանց համար վտանգավոր է

Այն կանայք, ովքեր տեւական ժամանակ հակաբիոտիկներ են ընդունում, ավելի հակված են սրտի կաթվածի կամ ինսուլտի։ Այդ մասին են վկայում գիտնականների նոր ուսումնասիրությունների արդյունքները, որոնք տպագրվել են European Heart Journal հանդեսում։

Գիտնականներն ուսումնասիրություն են իրականացրել 36.500 կանանց շրջանակներում, որի արդյունքները ցույց են տվել, որ 60 եւ ավելի տարեկան այն կանայք, ովքեր 2 ամիս եւ ավելի հակաբիոտիկներ են ընդունել, սրտանոթային խնդիրների առաջացման ավելի մեծ հավանականություն են ունեցել։

Հակաբիոտիկների երկարատեւ կիրառումը միջին տարիքի կանանց համար (40-59 տարեկաններ) եւս վտանգավոր է։

Սակայն 20-39 տարեկան կանանց մոտ նման վտանգ չի հայտնաբերվել։

Գիտափորձի հեղինակ, ամերիկյան Տուլեյնի համալսարանի պրոֆեսոր Լու Ցին (Lu Qi) նշում է, որ գուցե հակաբիոտիկների ու սրտանոթային հիվանդությունների միջեւ առկա կապի պատճառն այն է, որ հակաբիոտիկները փոխում են աղիներում միկրոօրգանիզմների բալանսը, ոչինչացնում «լավ» բակտերիաները՝ մեծացնելով վիրուսների տարածման վտանգը, ինչն էլ արդյունքում հանգեցնում է սրտանոթային խնդիրների առաջացմանը։

Գիտափորձի ժամանակ կանանց 4 խմբի են բաժանել՝ նրանք, ովքեր հակաբիոտիկներ չեն ընդունել, ովքեր ընդունել են 15 օրվանից քիչ ժամկետում, նրանք, ովքեր 15 օրվանից մինչեւ մեկ ամիս են ընդունել եւ նրանք, ովքեր երկու ամիս եւ ավելի ընդունել են։

Հետո 8 տարի շարունակ կանանց առողջական վիճակին հետեւել են։ Արդյունքում մասնագետները պարզել են, որ տարիքով կանայք, ովքեր երկու ամիս եւ ավելի հակաբիոտիկներ են ընդունել, ավելի հակված են սրտի կաթվածի եւ ինսուլտի, քան մյուսները։

Միջին տարիքի կանանց պարագայում եւս այդ վտանգն առկա է։

Մասնագետները կոչ են անում հակաբիոտիկներ ընդունել միայն այն ժամանակ, երբ իսկապես դրա կարիքը կա եւ միայն բժշկի նշանակումից հետո։

Աղբյուր՝ Բուժ ինֆո

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS