Հայաստանում շատ հուզիչ ու ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում. Էլթոն Ջոն

Հայաստանում շատ հուզիչ և ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հայաստանից հեռանալուց հետո Instagram-ի իր էջում գրառում է կատարել հայտնի բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը:

Հրապարակելով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ արված լուսանկարը՝ երաժիշտը գրել է. «Մեծ պատիվ է նման ջերմ հյուրընկալության արժանանալ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Այս հրաշալի երկրում շատ հուզիչ ու ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում: Շնորհակալ եմ բոլորին` Դևիդին և ինձ նման կերպ ընդունելու համար»:Հրապարակելով մեկ այլ նկար, որում նա գրկախառնվում է լսողական խնդիր ունեցող հայ տղայի հետ, Էլթոն Ջոնը գրել է.

«Անհնար է նկարագրել այն ուրախությունը, որը զգում ես՝ տեսնելով, թե ինչպես է մարդն առաջին անգամ նորմալ լսում:

Այս տղայի մոտ հաջողությամբ լսողական սարքեր են տեղադրվել Starkey Hearing Technologies հիմնադրամի հրաշալի թիմի կողմից: Այս հիանալի բարեգործական հիմնադրամը ողջ աշխարհում մարդկանց տալիս է լսելու շնորհը: Ես և Դևիդն այնքան հպարտ ենք նրանց աջակցելու համար»:Էլթոն Ջոնի կողակիցը՝ Դևիդ Ֆըրնիշը, ով ևս այս օրերին Հայաստանում էր, նույնպես գրառումներ է թողել Instagram-ում: Նկարներից մեկում պատկերված է լսողական խնդիր ունեցող մի հայ տղա, ով Starkey Hearing Technologies-ի կողմից լսողական սարքի միջոցով կարողացել է լսել:

«Այս տղայի դեմքի արտահայտությունն արդեն ամեն բան ասում է: Մենք նրան առաջին լսողական սարքն ենք տվել և նրա կյանքը փոխվել է: Հիանալի է աշխատել այդ յուրահատուկ մարդկանց հետ»,- նշել է նա:Մեկ այլ նկարում պատկերված է Արարատ լեռը, որի մասին Ֆըրնիշը գրել է. «Հայաստանում մայրամուտի ժամանակ՝ դիտելով Արարատ լեռան չնաշխարհիկ գեղեցկությունը»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS