Նիկոլ Փաշինյանն աստծո պարգև է Քոչարյանի նմանների համար. ԱԺ պատգամավոր

Primenews.am-ը զրուցել է ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Հովիկ Աղազարյանի հետ:

— Պարոն Աղազարյան, Ռոբերտ Քոչարյանի հանդեպ կատարվածը որոշ շրջանակների՝ այդ թվում 2-րդ նախագահի կողմից որակվում է, որպես քաղաքական հետապնդում: Այդ մասին ի՞նչ կասեք:

— Նիկոլ Փաշինյանն աստծո պարգև է Քոչարյանի նմանների համար: Թույլ տվեք ասել, նման տիպի այլախոհների համար, կներեք բառիս համար՝ հանցագործ այլախոհների համար, որովհետև Նիկոլ Փաշինյանն իր հավասարակշիռ հետևողական կեցվածքով թույլ չի տալիս, որպեսզի պրոցեսները դուրս գան ինչ որ շրջանակներից և այդ ժամանակ արդեն անհասկաանլի կլինի, թե ով ինչ ճակատագրի կարժանանա: Նա այսօր մեղմ ասած մեծ կարողությունների, շրջապատի տեր անձնավորություն է:

Ազգային ժողովի 45 պատգամավոր ստորագրել են նրա խափանման միջոցը փոխելու համար: Դա հսկայական քաղաքական աջակցություն է: Նա ունի ֆինանսներ և նրան ոչինչ չի խանգարում իր պաշտպանությունն անհրաժեշտ մակարդակով անցկացնելու համար: Հետևաբար ինքն ի՞նչ անհանգստություն ունի, որ սա քաղաքական հետապնդում է, կամ կարող են իր գլխին սարքել: Այդպիսի անհանգստություններ նա չպետք է ունենա, որովհետև դա անհնարին կլինի անել:

-Համաձա՞յն եք այն դիտարկումների հետ, որ Քոչարյանի վերջերս Երկիր Մեդիա հեռուստալիքին տված հարցազրույցն ուղղված էր նաև ՌԴ-ին: Այսպես ասած, օգնություն էր ուզում դաշնակից Ռուսաստանից:

-Այո, նրա որոշ մեսիջներ Ռուսաստանին էին ուղղված: Այնտեղ, այդ իմաստով, իր կողմնակիցների կողմից լոբիստական մեծ աշխատանք է կատարվում, որոնց հիմնական նպատակն է ապացուցել ռուսական իշխանություններին, որ հայաստանյան նոր իշխանությունները թեկուզ և արտաքուստ ցույց են տալիս, որ Ռուսաստանի հետ ոչ մի աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխություն չունեն, այնուհանդերձ ներքին կարգով Ռուսաստանի շահերի դեմ են գործում: Դա այդպես չէ:

Մենք միշտ գործում ենք Հայաստանի շահերին համահունչ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, և, մեծ մասամբ, մեր և Ռուսաստանի շահերը համընկել են և, հետայսու էլ, այդ տենդենցը կպահպանվի երկու պետությունների հավասար իրավունքների պահպանման շրջանակներում:

— ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խիստ քննադատություններ հնչեցրեց նաև ներկայիս կառավարության հասցեին: Ի՞նչ եք կարծում՝ դրանք տեղին էին:

-Մասնակիորեն համաձայն եմ իր գնահատականների հետ, որ կառավարությունը փորձառություն չունի, բայց այստեղ ոչ մի սարսափելի բան չկա: Իր, մի քիչ էլ իր նախորդների և իր հետնորդների կառավարությունները մեծ փորձառություն ունեին, բայց այդ փորձն օգտագործում էին իրենց անձնական հարստացման, կոռուպցիոն սխեմաների ճշգրտման և ամրապնդման համար: Իսկ այն, որ մեր կառավարության երիտասարդ անդամները որոշակի փորձառության պակաս ունեն, ապա դա շատ կարճ ժամանակահատվածում կլրացվի և նրանք կկատարեն իրենց վրա դրված բոլոր պարտականությունները:

-Քոչարյանը ասաց նաև՝ համարեք վերադարձել եմ քաղաքականություն: Ինչպե՞ս եք պատկերացնում նրա վերադարձը քաղաքական դաշտ: Ովքե՞ր կհամագործակցեն նրա հետ:

-Ինքը քաղաքականությունից չէր էլ հեռացել, որովհետև այն քաղաքական ուժերը կամ անհատները, որոնք այս կամ այն ձևով կապված են եղել նրա հետ, մինչև օրս էլ գտնվում են սերտ կապերի մեջ նրա հետ: Շատ ժամանակ ինքը չերևալով առաջին ճակատում տանում էր իր քաղաքական գիծը: Վերջին ժամանակահատվածում էլ, հեղափոխությանը զուգահեռ, ինքը հավաքագրում էր հակահեղափոխական ուժերին՝ անհրաժեշտ պահին հակահարված տալու համար:

Կարծում եմ՝ սա իր վերջին ճակատամարտն է, որովհետև ամեն ինչ այնքան պարզ ու թափանցիկ է, մասնավորապես, երբ ինքն ասում է՝ ես ինչ եմ արել, հրաման եմ տվել, որպեսզի սահմանադրական կարգը պաշտպանվի, ոչ թե խախտվի, այդ դեպքում նշենք, որ ինքն այդ հրամանը տվել է, այդ իրավիճակը ստեղծել է, որպեսզի զորքերի հանդերձանքի տակ՝ հանցավոր խմբավորումները կատարեն իրենց սև գործը, որը և արեցին մարտի մեկին: Հանցանքի բուն էությունն այստեղ է: Մնացածները նախադրյալներ են, հիմք են այդ ամենն անելու համար:

Աղբյուր՝ Primenews.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS