Ովքե՞ր այս տարի կպայքարեն «Միսս Հայուհի» տիտղոսի համար

EXCLUSIVE

«Միսս Հայուհի» մրցույթը շարունակում է մնալ հանրության ուշադրության կիզակետում։ «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանին լսարանը քննարկում է մինչև օրս։  Շուտով կկայանա 2018–ի մրցույթն ու կընտրվի այս տարվա Գեղեցկուհին։ Մինչև մրցույթի մեկնարկը Tert.am Life–ը փուլ առ փուլ կներկայացնեի Գեղեցկուհու տիտղոսի համար պայքարող աղջիկների լուսանկարները։ Այսօր բացառիկ կարգով ներկայացնում ենք նախընտրական փուլերը հաղթահարած աղջիկների առաջին յոթնյակի լուսանկարները։

Մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը Tert.am Life-–ին հայտնեց, որ այս պահին շարունակում են հայտերի ընդունումը։ «Արդեն ընտրել ենք 15 աղջկա։ Միջազգային չափանիշները թույլ են տալիս 15 աղջկա առկայության դեպքում մրցույթ անցկացնել, սակայն եթե լինեն արժանի նոր հայտեր, կցանկանանք թիվն ընդլայնել և դարձնել 24»,- ասաց Գոհարը, ում կազմակերպած մրցույթի առաջին և երկրորդ մրցանակակիրները Հայաստանը կներկայացնեն «Միսս Աշխարհ» և «Միսս Տիեզերք» մրցույթներում։

Այս փուլում նախընտրական փուլն անցել է 15 աղջիկ, 11–ը` Հայաստանից, 4–ը Սփյուռքից։  Գոհարը հայտնեց, որ աղջիկներին ընտրել են 100–ից ավելի դիմորդների միջից։

Ընտրող հանձնաժողովում ներգրավված են եղել ներկայացուցիչներ Մշակույթի և Սփյուռքի նախարարություններից,  «Միսս Հայուհի» հիմնադրամի տնօրենների խորհրդից, «Ատեքս» նորաձևության կենտրոնից։ Նախընտրական փուլին աղջիկները ներկայացել են լողազգեստով, բացի այդ, անցել են հարցազրույցի փուլ։ Գոհարը նշեց, որ այս անգամ ավելի ծավալուն հարցազրույց են արել, որպեսզի պատկերացում ունենան աղջիկների ինտելեկտուալ մակարդակի մասին։

«Կային աղջիկներ, որոնք հուզվում էին, անհանգստանում, սակայն փորձում էինք ցրել անհանգստությունը։ Զրույցն անմիջական մթնոլորտում էր անցնում»,– ասաց Գոհարն ու հավելեց, որ առաջին փուլն անցած աղջիկներին խորհուրդներ են տվել, օրինակ, մի քիչ նիհարել, արևային լոգանք ընդունել, սանրվածքը փոխել և այլն։  Որոշ ժամանակ անց աղջիկները մասնակցել են նախընտրական երկրորդ փուլին, որի ընթացքում հանձնաժողովն ուշադրություն է դարձրել, թե որքան են աշխատել իրենց վրա։

Գոհարը հայտնեց, որ Սփյուռքի 4 աղջիկներից 2–ին ընտրել են տեսանյութերի միջոցով, մեկին ընտրել է համայնքը` նա համայնքում կազմակերպված «Միսս Բուլղարիա–Արմենիա» մրցույթի հաղթողն է։ Իսկ ահա Պարսկաստանից ընտրված մասնակիցը ժամանել է  Հայաստան և անձամբ մասնակցել նախընտրական փուլին։

«Մինչև մրցույթն աշխատում ենք աղջիկների հետ, նրանք խորեոգրաֆիա են անցնում, թե ում մոտ որքանով է ստացվում առաջընթացը, անհատական է։ Յուրաքանչյուր աղջիկ պետք է ինքն իր վրա աշխատի` հաջողության հասնելու համար։ Ազգային մրցույթի առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուրը ներկայանում է այնքան, որքան կարողանում է պատրաստվել։ Հետագայում մենք ծավալուն աշխատանք ենք տանում հաղթած հետ, որպեսզի նա կարողանա մասնակցել միջազգային մրցույթների»,– ասաց Գոհարը։

Եվ այսպես, 2018–ին Գեղեցկուհու տիտղոսին արժանանալու համար կպայքարեն հետևյալ աղջիկները.

Արենա Զեյնալյան, 24 տարեկան

Շուշան Գրիգորյան, 17 տարեկան

Լուիզա Մկրտչյան, 24 տարեկան

Յուլիաննա Եղյան, 23 տարեկան

Մանե Դանիելյան, 19 տարեկան

Հռիփսիմե Խաչատրյան, 21 տարեկան

Հռիփսիմե Սարգսյան, 23 տարեկան

Ամալյա Հովհաննիսյան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS