Սահակ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Սկոպյեում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հրաշալի են հանդես եկել նաև հունահռոմեական ոճի ըմբիշները:

60 կգ քաշային կարգում հանդես եկող Սահակ Հովհաննիսյանը դարձել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Հայ ըմբիշը անցկացրել է 5 գոտեմարտ: Մինչև կիսաեզրափակիչ նա ուժեղ է եղել ուկրաինացի, սլովակ և թուրք ըմբիշներից, կիսաեզրափակիչում 4-1 հաշվով հաղթել է ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին: Եզրափակչում էլ Հովհաննիսյանը 5:3 հաշվով առավելության է հասել վրացի Գեորգի Չխիկվաձեի նկատմամբ:

Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են նվաճել 48 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 51 կգ քաշային Ռոբերտ Կարապետյանը և 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը:

Արգենտինայում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնի նորընծա Եվրոպայի չեմպիոն Սահակ Հովհաննիսյանը:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Պատանեկան Օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերի 6-ից 18-ը Բուենոս Այրեսում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS