«Սերժաբարոները ջղաձգվում են, հասկացել են, որ հողը փախել է ոտների տակից»․ Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ճերմակ թիթեռնիկների մասին․

Ասում են բառացի կամ հասկացնում են. «Փաշինյանը կործանում (քանդում), ավիրում է Հայաստանի պետականությունը»:

Փաշինյանը, առնվազն չի թալանում, առնվազն իշխանությունը հարստացման և այլոց հարստահարման համար չի օգտագործում, առնվազն անմեղ մարդկանց բռնել, դատել, բանտարկել չի տալիս, առնվազն վայելում է հանրային վստահությունը, առնվազն սկսել է քանդել պետականությունը ոտնատակ տվածների հանցագործությունները և էլի ահագին բան:

Հայաստանի կործանման ողբասացներին հարցնեմ, դուք փորձած կա՞ք նորոգել մի տուն կամ կացարան, որը տասնամյակներով կրծոտվել է, լավ լուսամուտը տարել, տեղը գոմի դուռ են դրել, որտեղ տան մեջտեղը ուղղակի զուգարանի տեղ են օգտագործել: Տեսնեմ ոնց եք նորոգում, եթե հիմնահատակ չքանդեք, որ նորը շինեք: Էդ գիտուններդ, քանի՞ անգամ եք նման դրության մեջ եղել, երբ երկրի հարստությունները տարել ու ամենագլխավոր հարստությունը՝ մարդկանց դուրս են լարել, սպանել են հույսը, ակնալիքը, մարդկային արժանապատվությունը և՝ սկսել եք կարգի բերել էդ ամենը:

Ֆրանսիական թատերական քննադատներին, երբ բեմադրիչները նեղում էին, թե կյանքում մի ստից բան բեմադրած չկաք, էդ ինչ բարոյական իրավունք ունեք՝ քննադատում մեր աշխատանքը, պատասխան ունեին, թևավոր խոսք է դառել. «Եթե ձու ածել չգիտեմ, մի՞թե չեմ կարող հասկանալ ձուն հոտած է, թե ոչ»:

Անշուշտ, քննադատելու իրավունքը սրբազան կերպով բխում է մարդ համարվելու իրավունքից: Ես էլ եմ օգտվում նույն իրավունքից Հայաստանի դրության մասին զառանցախառն (վերոհիշյալ օրինակով) գրող-խոսողների մասին կարծիքս ասելիս:

Հեղափոխությունից առաջ ունեցածի ֆոնին, որքան էլ չկամենան տեսնել, հիմա բարենորոգումների շրջան է: Միաժամանակ՝ անցումային շրջան է, փաստացի երկիշխանություն է, մի կողմում հանրության ճնշող մեծամասնությունն ու գործադիր իշխանությունը, հակառակ կողմում՝ հանրապետական խունտան, պաշտոնանկված մի փունջ հանցագործներ, և դրանց դրածո ու պաշտպանող դատական և դատախազական համակարգ: Այդ երկու բևեռների արանքում մի շարք այլ իշխանական մարմիններ էլ կան հանձնաժողովների և գերատեսչությունների տեսքով, որոնցում կան և՛ բարեխիղճ պաշտոնյաներ, և՛ կան նախորդների անօրինական հրամանները անվերապահորեն կատարածներ:

Հեղափոխության մի փուլն է անցել միայն, օրենսդիրի և դատականի փոփոխությունները կամ բարեփոխումները առջևում են: Ինձ հասկանալի է, նաև, բարեփոխումների ահռելի հանրային պահանջմունքը, և շտապողականությունը, շատ բնական է մարդկանց վերջապես ազատ շունչ քաշելու համատեքստում․

— Ինչո՞ւ սրան չեն փակել դեռ…, ինչո՞ւ նրան կուլակաթափ չեն անում և այլն: Ձեռնունայն մնացած կամ շուտով մնալիք սերժաբարոները հասկանալի կերպով ջղաձգվում են, հասկացել են, որ հողը փախել է ոտների տակից, անընդհատ ստիպված են մանևրել, հավասարակշռություն պահելու և ինքնապաշտպանության համար: Դեռ ոմանք մանդատներին հենված լեզուներին են տալիս, փոքրաթիվ են սերժաբարոներից նրանք, որ հասկացել են, որ լռությունն է իրենց ամենաշահեկան դիրքը և այդ խմբից շահեկանորեն աչքի է ընկնում վերջին բոլշևիկ Սերժիկ Սարգսյանը, մարդն, ասես խելոք նստած, ծանուցագրին է սպասում, ինչպես խոստանում էինք առնվազն մեկ տասնամյակ: Սուս ու համեստ հետևում է, թե ով ինչ է ցուցմունք տալու իր վրա:

Արմատական (շտապ) հրատապ բարեփոխությունների պահանջատերերը պնդում են հրամայական և երբեմն անօրինական եղանակը որպես լավագույն ճանապարհ, չափավորները՝ համբերատար են և կարծում են, թե նախ պիտի ԱԺ-ն փոխվի, դրա համար պիտի գործող ԱԺ-ի հանրապետականներին կարգի հրավիրել պարբերաբար, ստիպել համաձայնել Ընտրական օրենսգրքի և այլ օրենքների կոշտացումներին, որ կբացառեն կեղծարարությունը և այլ ապականությունները, ԱԺ-ն կփոխվի, ապա դատախազություն և այլն:

Առաջինները համարում են, որ սերժիկներին պիտի հեռացնել հրամայական կերպով, անկախ այն հանգամանքից, որ օրենքը նման լիազորություն չի տալիս գործադիրին: Նիկոլը համարում է, որ ինքը հանրությունից օրենք խախտելու լիազորություն չունի, չեմ սխալվի, եթե ասեմ, որ հանրությունը կամ որոշում պարտադրող հանրությունը կամ մեծամասնությունը նույնպես համարում է, որ նման լիազորություն չի տվել Նիկոլին և իր կաբինետին և այս պայմաններում որևէ ապօրինի որոշում, կարող է շատ հաճելի լինել ոմանց համար, բայց դա կարճատև հաճույք է լինելու, երկարաժամկետ և քաղաքական հեռանկարում խայտառակ բան կլինի, կունենանք, բռնապետություն հաստատելու նախադեպ նոր Հայաստանում: Իսկ թե ինչի են վերածվում այդ նախադեպերը, տեսել ենք:

Հանելուկային կերպով ապօրինությամբ խնդիր լուծելու մոտեցումը պաշտպանում են հատկապես նրանք, որոնք տուժել են հենց բռնապետությունից: «Ինչպե՞ս կարելի է ապօրինության դեմ պայքարել անօրեն իշխանությունների սահմանած օրենսդրության բազայով»: Այդպես մտածողների համար անշուշտ փակուղի է: «Ինչո՞ւ հրամայական կերպով չի ազատում Շանթին»: Չեն բացատրում, թե ունե՞ն երաշխիք, որ այդ պահանջը կատարելուց հետո նույն Նիկոլը կամ ուրիշը կառավարությունից կամ իրավապահ համակարգից, չեն կամենա պարբերաբար օգտվել այդպիսի ապօրինություն կատարելու հնարավորությունից: Այսինքն, բանտից մարդուն անօրինական եղանակով հանողը չի կամենալու՞ այլոց էլ հանել բանտից, կամ վերադարձնել բանտ, կամ ուրիշի բանտ դնել տալ: Թվում է, թե պարզ են այս հարցերի պատասխանները, բայց ոչ, պարբերաբար ականջալուր ենք լինում նման պահանջատիրության: Իրավունք է անշուշտ:

Ես, որքան ետ եմ նայում, նկատում եմ, որ չեմ մասնակցել հեղափոխությանը որպեսզի մի բռնապետին մյուսը փոխարինի, ուզել եմ, որ ժողովրդից լինի իշխանությունը՝ երկու իմաստով, մեզնից ծառա ունենանք և մեր կողմից լինի մեր ծառան: Անտարակույս, որ սա երկար ու աշխատատար ճանապարհ է, համբերությամբ է հարկավոր իրականացնել մնացած փոփոխությունները. ԱԺ ընտրություններ, անցումային արդարադատության համակարգի մշակում և ներդրում օրինական եղանակով, հակակոռուպցիոն ծրագիր ունենալ և իրականացնել, ՏԻՄ ընտրություններ և այլն: Սակայն այս ճանապարհի հետ կապված մտահություն կա, թե ռիսկային է տևական բարեփոխումների ճանապարհը: Ասում են՝ ռիսկն այն է, որ սերժաբարոները կսկսեն հզորանալ, վայելել դժգոհների համակրանքը, ընտրազանգված ձևավորել և հակահողափոխություն անել: Համոզված եմ, որ այդ ռիսկը գերագնահատված է: Ինձ կասեն, որ ես էլ թերագնահատում եմ, միամիտ եմ, կատակի եմ տալիս: Բայց համոզմունքս պնդեմ հետևյալ հիմնավորմամբ: Եթե Նիկոլի իշխանությունը չի փչանում, չի թալանում, չի հարստահարում երկրի շահը չի նաղդում իշխանություն պահելու համար, եթե ապօրինությունների չի դիմում իշխանություն պահելու համար, անհնար է, որ հակահեղափոխություն ձևավորվի և մանավանդ՝ հաղթի: Դժգոհ մարդիկ, խմբեր, կուսակցություններ, իհարկե, լինելու են, և չեն կարողանալու չլինել, պարտադիր է, որ ընդդիմություն լինի: Շարմազանով-Սերժիկ-Աշոտյան-Քոչարյան քառյակն ի նկատի չունեմ, իհարկե, նրանք ընդդիմություն դառնալու համար պիտի նորից ծնվեն առնվազն: Ընդդիմությունը չարժե շփոթել իրենց դիրքերը վերստանալ կամեցող ու դրա համար ամեն ինչի գնացող զավթարարների հետ: Շատ գիտելիքներ չպետք է ունենալ ռեվանշիստ-վրեժխդիրներին ընդդիմության հետ չշփոթելու համար, առաջինների գարշահոտը տասը մղոնից գալիս է:

Առաջիկայում Երևանի ավագանու ընտրություններն են: Սա կարևոր ստուգարք է: Արդեն գոհ եմ, որ մեկ տարի առաջ տեղի ունեցած ընտրություներին մասնակցած 3 քաղաքական ուժի փոխարեն մասնակցում են 12-ը, սա մասանակցայնության ապացույց է, որ հաստատում է, թե կուսակցությունները և քաղաքական ուժերը հույս ունեն, որ արդար է լինելու, դրա համար էլ մասնակցում են, ինչքան հասկանում եմ, և արդարացված հույս է: Վերհիշենք, նաև, որ դեպքեր ունենք, երբ կուսակցությունները նախագահական ընտրություններին չեն մասնակցել, նունիսկ, որովհետև բռնպետություն էր երկրում: Հիմա ազատ են՝ առաջադրվել կամ չառաջադրվել:

Ավելի ուշ կլինեն ԱԺ ընտրությունները և կերևա՝ որ քաղաքական ուժն ինչ կշիռ ունի, արմատականներն ինչ քվե կստանան, չափավորներն՝ ինչ, ձախերն ինչ դիրք կստանան, ու քանի օլիգարխ կհամարձակվի վերարտադրվել: Վստահ եմ, որ վերջապես կունենանք հանրության կամքն արտահայտող խորհրդարան, այնտեղ չեն լինի խայտառակ մականուններով մարդիկ, հանրային շահը ոտնատակ տվող ցինիկներ, սեփական բիզնեսի սպասարկման հետաքրքրությամբ օրենքներ սղղացնող ու լրագրողներին թուլայավարի դիմող մանդատավորներ:

Կա մտահոգություն և ենթադրություն, թե սերժաբարոները ամեն ինչ փորձում են հեղափոխությունը տապալելու համար, ու առայժմ չեն հաջողում և հույսները դրել են Կրեմլի հրահրմամբ կամ առանց հրահրման Արցախյան ճակատում պատերազմի վերսկսման վրա, որ իբր այդով հանրային դժգոհություն կլինի, կկարողանան ուժով կամ ժողովրդով հեռացնել Նիկոլին և իր կառավարությունը …. Սա ինձ պատմում են շատ լուրջ դեմքով, ես ամեն անգամ չեմ կարողանում ծիծաղս զսպել: Ասեմ և հիասթափեցնեմ հույսեր փայփայողներին՝ հնարավոր պատերազմական դրության ժամանակ դրանից օգտվելու, քաղաքական շահ կորզել կամեցողներին պսպղուն անակնկալներ են սպասվում նույն պատերազմի օրենքներով, այնքան սիրուն, որ մոռանան սեփական անուն-ազգանունները, իրենք իրենց թիթեռնիկ թվան, որոնք ճախրում են ճերմակ պատերով հիվանդասենյակի մի մահճակալի գլխից մյուս մահճակալի գլխին»։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS