«Հնարավոր է՝ մենք դարի «հանցագործներն» ենք». Հայկ Այվազյան

Դեռևս սեպտեմբերի կեսերին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն էր կատարվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» գրասենյակում և նախաձեռնության ղեկավարներից Հայկ Այվազյանի բնակարանում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության գաղտնալսման հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում:

Հիշեցնենք, խուզարկության արդյունքում առգրավել էին նախաձեռնությանը և Հայկ Այվազյանին պատկանող համակարգիչներ, կրիչներ և բջջային հեռախոսներ։

168.am-ի հետ զրույցում Հայկ Այվազյանը տեղեկացրեց, որ դեպքից անցել է մեկ ամսից էլ շատ, բայց չեն վերադարձրել իրենց աշխատանքային գործիքները։

«Եթե Yerevan.today-ի խմբագրություն մտել էին խուզարկության այն կասկածանքով, որ իբր նրանք էին առաջինը տարածել ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը, ապա մեզ մոտ եկել էինք խուզարկելու, մտածելով, որ նրանց հենց մենք ենք գաղտնալսել։ Հնարավոր է՝ մենք դարի «հանցագործներն» ենք։ Մեզ վրա քրեական գործ չկա, այս գործում ներգրավված չենք՝ որպես մեղադրյալ կամ կասկածյալ, վկա չենք»,- նշեց Հայկ Այվազյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ այս ամենը ճնշման փորձ է իրենց դեմ, որով նպատակ ունեն զսպաշապիկ հագցնել նախաձեռնության անդամներին, քանի որ արդեն հինգ տարի է՝ պայքարում են աղանդների, համասեռամոլության քարոզի դեմ։ Թե իշխանական ո՞ր թևից են նման ճնշումներ գործադրում, Հայկ Այվազյանը կարող է միայն ենթադրել։

«Փաստ է, որ փորձում են մեզ խանգարել, այն տեխնիկան, որն առգրավել են, դրանով մենք փորձում էինք մեր արժեհամակարգի պահպանությանը նվիրված հաղորդումների շարք սկսել, մեր էլեկտրոնային կայքերն ուժեղացնել, բայց մեր աշխատանքը կասեցրեցին։ Դիմել ենք, որ դրանք վերադարձնեն, պատասխանում են, թե՝ քննություն է ընթանում, թե երբ մեզ կտան մեր աշխատանքային գործիքները, դժվարանում եմ ասել»,- եզրափակեց Հայկ Այվազյանը։

Զվարթ Խաչատրյան

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS