Մարտի մեկի գործով որպես մեղադրյալ ներգրավված, միջպետական հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանը 2000-ական թվականներին պաշտպանության նախարար է եղել՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունը, գրում է Armtimes-ը
Այսօր ռուսական «Ինտերֆաքս» գործակալության տարածած գրության համաձայն՝ ՌԴ իրավապահ մարմինները Միքայել Հարությունյանին արտահանձնելու՝ Հայաստանի իրավապահների դիմումը մերժել են՝ հիմնավորելով, որ Հարությունյանը 2002 թվականից ՌԴ քաղաքացի է:
Եթե Միքայել Հարությունյանը 2002 թվականից ունի ՌԴ անձնագիր, նշանակում է՝ չէր կարող լինել ՀՀ պաշտպանության նախարար, քանի որ, ըստ ՀՀ 2005 թվականի Սահմանադրության հոդված 85-ի՝ ՀՀ վարչապետն ու նախարարները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
Այնինչ, Միքայել Հարությունյանը 1994-2007 թվականներին եղել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1995-ի մայիսին, 2000-ի մայիսին, 2007-ից 2008-ը եղել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար:
Բացի այս՝ Հարությունյանը չէր կարող ունենալ նաև երկքաղաքացիություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության ինստիտուտը ներդրվել է 2008 թվականի ապրիլին՝ Սահմանադրական փոփոխություններից հետո, երբ փոփոխություններ ընդունվեցին նաև «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում:
Փաստաբան Նորայր Նորիկյանը հաստատում է այն միտքը, որ խախտվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Ավելին՝ փաստաբանը նշում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի կողմից ՀՀ քաղաքացի լինելուց բացի այլ քաղաքացիություն ձեռք բերելու պայմաններում նա անհապաղ պետք է ազատվեր աշխատանքից. «Հետևաբար իրավասու մարմիններն այս պահին պետք է հասկանան, թե ինչու չեն կատարվել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները: Ինչպե՞ս է Միքայել Հարությունյանը, հանդիսանալով պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ձեռք բերել օտար երկրի քաղաքացիություն»,- հավելում է Նորիկյանը: Վերջինս նշում է, որ պետք է առանձին ուսումնասիրություն կատարվի, թե Հարությունյանը երբվանից է հանդիսացել ՀՀ քաղաքացի, այնուհետև հասկանալ, թե Հարությունյանը երբ է նախաձեռնել գործընթաց՝ ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելու և այդ գործընթացն ինչ խողովակների միջոցով իրականացվել.
«Պետք է պարզել՝ այդ ժամանակվա վարչապետը, նախագահը չե՞ն իմացել Հարությունյանի՝ ՌԴ անձնագիր ձեռք բերելու մասին, եթե իմացել են, ապա ինչու չեն ազատել զբաղեցրած պաշտոնից: Եվ դա ավելի մեծ խայտառակություն կլինի: Ստացվում է՝ այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձը ղեկավարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը»,- Armtimes-ի հետ զրույցում ասել է փաստաբանը: