«Ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր բոլոր կարիքներն ու երազանքները՝ իմ հոգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարեց իր հրաժարականի մասին. «Ես այսօր հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից: Դրա նպատակը, սակայն, ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից խուսափելլը չէ, այլ ընդհակառակը, մեր թավշյա հեղափոխությունն ավարտին հասցնելն, արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելը»,- ասաց Փաշինյանը:

Ապա նա ներկայացրեց հրաժարականից հետո սպասվելիք ընթացակարգը:

«Այս ողջ ընթացքում ես և կառավարության անդամները շարունակելու ենք իրականացնել մեր լիազորությունները: Ես շարունակելու եմ լինել ժողովրդի հաղթանակի լիազորը: Շատերը մտավախություն ունեն՝ իսկ եթե խորհրդարանական ուժերը վարչապետի ուրիշ թեկնածու առաջադրեն, արդյոք մենք պատրաստ ենք նման սցենարի:
Ժողովրդի կամքի առաջ չի կարող կանգնել ոչ մի ուժ: Ինչքան էլ հակասություններ ունենանք ԱԺ մի շարք ուժերի հետ, չեմ կարող մտածել, թե նրանք հակազգային հակապետական որևէ քայլերի կդիմեն: Մեր ժողովուրդն ու պետությունը կարմիր գիծ են թե ՀՀԿ-ի, թե ՀՅԴ-ի համար, նրանք այդ կարմիր գիծը երբեք չեն անցնի:

Դիմում եմ խորհրդարանական ներկայիս մեծամասնությանը. մենք ձեզ քննադատել ենք, բայց դա չի նշանակում, որ մենք ձեզ թշնամիներ ենք ընկալում: Ես Հայաստանում թշնամիներ չեմ ունեցել, չունեմ ու չեմ ունենալու: Չնայած այս հրաժարականը ֆորմալ բնույթ է կրում, բայց պահը հուզիչ է, որովհետև սրանով մենք ամփոփում ենք հեղափոխական փուլն ու մտնում նոր ժամանակաշրջան»:

Վերջում նա դիմեց ժողովրդին հետևյալ խոսքերով. «Ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր բոլոր կարիքներն ու երազանքները՝ իմ հոգում:
Ամեն ինչ շատ լավ է լինելու, պատրաստեք ձեզ նորանոր հաղթանակների, սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Եվ ուրեմն, կեցցե Ազատությունը, կեցցե Հայատանի Հանրապետությունը, կեցցենք մենք և եր երեխաները, որ ապրել ենք և վստահաբար ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը Փաշինյանն ասել էր, որ Աժ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի մոտավոր 9-ին-10-ին: «Եվ սրա համար ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ը»,- նշել էր նա:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ Աժ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է, որ վարչապետի հրաժարականից հետո Ազգային ժողովը երկու անգամ չընտրի վարչապետի թեկնածու, ինչից հետո օրենսդիր մարմինը ցրվում է օրենքի ուժով, և նշանակվում են արտահերթ ընտրություններ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS