Մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչվելուց հետո ՀԱՊԿ-ում Հայաստանի ու Յուրի Խաչատուրովի դիրքերը թուլացել են, նրան էլ չեն վստահում եւ նույնիսկ կարող են հեռացնել:
Յուրի Խաչատուրովը հարցաքննության էր ներկայացել հուլիսի 26-ին: Նա իհարկե մնաց երկրորդ նախագահ Քոչարյանի հարցաքննության ու նրան ներկայացված մեղադրանքի ստվերում, բայց հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ նույն մեղադրանքը առաջադրվել է նաեւ նրան:
Խաչատուրովին սակայն երեւի թե արժեր հարցեր տալ ոչ միայն Մարտի 1-ի մասին, այլ նաեւ ապրիլի՝ 2016 թվականի, երբ նա Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր: Այդ օրերին մամուլում եղավ տեղեկություն, թե Խաչատուրովը երեկոյան բիլիարդանոցում Կարեն Ճշմարիտյանի հետ բիլիարդ է խաղացել, թանկ խմիչքի վրա, երբ նրան հետախուզական տվյալ են զեկուցել ադրբեջանցիների կուտակումների մասին: Ըստ հրապարակման, թեեւ նրան զեկուցել են մի քանի անգամ, բայց նա չի թողել խաղը:
Իրակա՞ն է այդ հրապարակումը, թե ոչ, հարցը սակայն դա էլ չէ: Իրական է այն, որ հայկական զինված ուժերը ապրիլյան գրոհին եղել են մի շարք առումներով անպատրաստ, ինչի համար գլխավոր պատասխանատուներից իհարկե ոչ միակը, բայց մեկը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է:
Պատերազմից մի քանի ամիս անց Խաչատուրովը պաշտոնանկ եղավ նախարար Սեյրան Օհանյանի հետ մեկտեղ: Օհանյանը չընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար աշխատելու Սերժ Սարգսյանի առաջարկը եւ դարձավ ընդդիմություն: Խաչատուրովը մի քանի ամիս աշխատեց ԱԽ քարտուղար, իսկ հետո Հայաստանից ներկայացվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, քանի որ ռոտացիոն կարգով եկել էր Հայաստանի հերթը:
Ընդ որում հետաքրքիր էր, որ Հայաստանից թեկնածուի ներկայացումն ու նշանակումը պարբերաբար հետաձգվում էր գրեթե մեկ տարվա ընթացքում: Գնահատականները տարբեր էին: Կային կարծիքներ, որ ՀԱՊԿ որոշ անդամներ, մասնավորապես Բելառուսն ու Ղազախստանը չէին ուզում, որովհետեւ Ադրբեջանը կնեղանար, եւ կար սակայն նաեւ կարծիք, որ իրականում Հայաստանն էր խուսանավում, հասկանալով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումն ավելի շատ ծուղակ է, քան հնարավորություն:
Բանն այն է, որ ՀԱՊԿ-ը իբրեւ կազմակերպություն մշտապես աչքի է ընկել Հայաստանի խդիրների հանդեպ անտարբերությամբ եւ հակառակը՝ Ադրբեջանի հետ դե ֆակտո ավելի սերտ հարաբերությամբ: Դրա վառ վկայությունն էր այն, որ 2014 թվականին Սերժ Սարգսյանը նույնիսկ բացահայտ մեղադրեց ՀԱՊԿ նախագահներին, որ հեռախոսը չեն վերցնում եւ անգամ չեն զանգում Երեւան, հարցնելու, թե ինչ խնդիրներ կան ու ինչպիսին է վիճակն անվտանգության հարցերում:
Եվ ահա, ՀԱՊԿ-ից Հայաստանի այդ դժգոհության պայմաններում վարքագիծը չի փոխվում, փոխարենը փոխվում է գլխավոր քարտուղարն ու նշանակվում Հայաստանի ներկայացուցիչ, ինչն այլ բան չէ, քան պատասխանատվությունը դնել Հայաստանի վրա եւ փակել Երեւանի բերանը:
Այդ առիթով չափազանց խոսուն ենթատեքստով արտահայտվել էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, երբ Խաչատուրովը նոր էր նշանակվել պաշտոնում. «Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի գլխավոր քարտուղար ունենալն ինչքան խնդրի լուծում է, այնքան էլ միաժամանակ կարող է խնդրի բարդացում լինել: Որովհետև Ռուսաստանի քաղաքացի Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը այլ կշիռ ուներ, քան Հայաստանի քաղաքացի գլխավոր քարտուղարի արվելիք որևէ հայտարարությունը: Հասկանալի է, որ շատերի համար ընկալումը լինելու է այսպես՝ դե, Հայաստանի քաղաքացի է, ի՞նչ պետք է ասեր», հայտարարել էր Վիգեն Սարգսյանը:
Ժամանակը գործնականում հաստատեց դա, Խաչատուրովի նշանակումից հետո ՀԱՊԿ ռազմա-քաղաքական վարքագծի որեւէ փոփոխություն ըստ էության տեղի չի էլ ունեցել: Մյուս կողմից, Խաչատուրովի նշանակումով Սերժ Սարգսյանը պարզապես լուծեց նրանից ազատվելու խնդիր, լավ պատկերացնելով, որ միեւնույն է որեւէ այլ բան չի փոխվելու, փոխարենը նա Խաչատուրովին «կաքսորի» Մոսկվա եւ կազատվի նրանից:
Խաչատուրովի հայաստանյան խնդիրները չէին կարող բերել ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերի թուլացման, քանի որ Խաչատուրովը ՀԱՊԿ-ում գործնականում կապ չի ունեցել Հայաստանի դիրքերի հետ: Իսկ ահա թե ինչ կապ է ունեցել նա արցախյան այն դիրքերի հետ, որ ապրիլյան պատերազմի հետեւանքով մնացին այն կողմում, թերեւս պետք է պարզել, ինչը նույնիսկ Սերժ Սարգսյանն է ակնարկել 2017 թվականին Կիսելյովին տված հարցազրույցում: Խոսելով Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետերի հանդիպման ու հրադադարի շուրջ պայմանավորվածության մասին, նա ասել էր, թե ինքը տեղյակ չէ այդ հանդիպման մանրամասներին:
Տարօրինակ չէ՞, որ քառօրյա պատերազմի չորրորդ օրը Հայաստանի ԳՇ պետը Մոսկվայում հանդիպում է Ադրբեջանի ԳՇ պետի հետ, իսկ Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարը հայտարարում է, թե տեղյակ չէր մանրամասներից:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am