Գեղեցիկ կնոջ ու հոգատար մայրիկի պարտավորությունները հավասարապես ստանձնած Մերի Մարտիրոսյանը մասնագիտության բերումով ընդգծում է նաև մյուսների գեղեցկությունը: Մինչև այսօր դիմահարդարին շատերը ճանաչում են որպես Հովհաննես Ազոյանի նախկին կնոջ: Զույգն ամուսնալուծված են 2016 թվականից, սակայն իրենց շփումը չի դադարում: Մերին ասում է՝ իրենց պարագայում այլ տարբերակ չէր էլ կարող լինել:
Tert.am Life-ը Մերիի հետ զրուցել է դստրերի ու նախկին ամուսնու հետ հարաբերությունների, կանացի գրավչության, երջանիկ լինելու նախապայմանների մասին:
Դիմահարդարը համոզված է, որ կնոջ գեղեցկությունը նրա ներքին հանգստության ու երջանիկ լինելու մեջ է: Նա գիտի՝ նույնիսկ մասնագիտական հնարքները չեն փրկի կնոջ դեմքը, երբ նա հոգնած է, հիասթափված, վատ տրամադրության մեջ. «Երբ կինը սիրված է, սիրում է, բավարարված է ու ներդաշնակ ինքն իր հետ, դա արտացոլվում է նրա դեմքին։ Միայն այդ դեպքում է նա դառնում կատարյալ գեղեցիկ»:
Հայտնի ասացվածքի համաձայն` կոշկակարն առանց կոշիկի է մնում, Մերիի դեպքում սա մասամբ գործում է, թեև իր իսկ ցանկությամբ: Առօրյայում դիմահարդարվել նա չի սիրում։ «Շատերն ինձ ճանաչում են որպես չշպարվող դիմահարդարի:
Ես իսկապես չեմ սիրում շպարվել առօրյայում: Հիմա ավելի շատ շեշտը դնում եմ դեմքիս խնամքի վրա, որպեսզի պահպանեմ բնական գեղեցկությունս: Երբ որևէ առիթի եմ մասնակցում, շպարվում եմ և բոլորի զարմանքը հարուցում, ինչը հաճելի է»,- ասաց նա:
Մերիի խոսքով` իր արտաքին տեսքում կտրուկ փոփոխությունների հաճախ չի դիմում: Առաջին այդպիսի փոփոխությունը, թերևս, շիկահերից սևահեր անցումն է եղել: 10 տարի շարունակ նա եղել է շիկահեր, ինչը դեռ դպրոցական տարիների մեծ ցանկությունն էր, բայց ամուսնությունից հետո վերադարձել է վարսերի՝ սև, բնական երանգին:
«Դա Հովոյի պահանջը չէր, պարզապես, ինձ մոտ նման ցանկություն առաջացավ: Ինքն ինձ ընտրել էր շիկահեր ու սիրում էր ինձ այդպիսին, սև գույնին վերադարձն իմ նախընտրությունն էր»,- ասաց նա:
Մերին չի հերքում, գուցե, կինն իր արտաքնի հետ կապված կտրուկ փոփոխությունների գնում է սթրեսը հաղթահարելու նպատակով, բայց ասում է` նման անձնական օրինակ չի ունեցել. «Ինձ մոտ նման բան չի եղել, գուցե, ես շատ սթրեսային կյանք չեմ ունեցել, դրա համար:) Հակառակը՝ ինձ մոտ փոփոխությունները կարող են լինել բարձր տրամադրությամբ պայմանավորված»:
Բարձր տրամադրությունը Մերիի դեպքում, կարող է ապահովել նաև ուշադրության կենտրոնում լինելն ու հաճոյախոսություններ ստանալը: Եղանակից հետո դա նրա տրամադրության վրա ազդող կարևոր գործոն է: «Չեմ հավատա, որ որևէ կին ասի, թե ուշադրության կենտրոնում լինելը դուր չի գալիս իրեն:
Իհարկե, խոսքը կիսամերկ կամ մերկ փողոց դուրս գալու և ուշադրություն գրավելու մասին չէ, այլ հաճելի ու չափի մեջ ներկայանալի լինելու: Կարծում եմ՝ աչքի ընկնող կանանց շարքին եմ դասվում: Իմ տրամադրությունը կարող են բարձրացնել ու ինձ ինքնավստահություն հաղորդել թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց կողմից արված հաճոյախոսությունները»,- նկատեց նա:
Գեղեցիկ կնոջ պատասխանատու կոչումը Մերին տանում է հոգատար մայրիկի առաքելությանը հավասար: Երկու աղջիկների մայրիկը փաստում է՝ դստրերն իրեն չեն հասցնում կարոտել: 10-ամյա Կարինան և 5-ամյա Վիկտորյան, Մերիի խոսքով, չափազանց ինքնուրույն ու կազմակերպված են, բայց տարիքային տարբերությունը ենթադրում է առանձին խնամք նրանցից յուրաքանչյուրին:
«Շատերն ասում են, որ ես «էներջայզեր» եմ, որովհետև ես հասցնում եմ ամեն ինչ: Նույնիսկ հումոր են անում, ասում են՝ դու ամեն ինչ վազելով ես անում, իրականում, այդպես էլ կա: Իմ 24 ժամը, իրոք, լարված է և վազքի մեջ, արդյունքում ես հասցնում եմ ամեն ինչ: Երբեմն, գիշերը, երբ բոլոր գործերս ավարտին հասցրած պառկում եմ, մտածում եմ՝ Աստված ինչքան ուժ է տվել ինձ, որ կարողանամ այս ամենն անել»,-ասաց Մերին։
Տանը Մերին 2 ընկերուհի ունի։ Նրա խոսքով` դստրերի հետ ավելի շատ ընկերներ են, հաճախ են անկեղծ զրույցներ ունենում: Չնայած այս հանգամանքին, Մերին իրեն խիստ մայրիկների շարքին է դասում. «Սիրում եմ խստությունը: Երկուսին էլ ասում եմ «ոչ», իհարկե, խոսքը խելամիտ «ոչ»-ի մասին է:
Կան կարևոր արժեքները, որոնք թե՛ ես, թե՛ հայրիկը փորձում ենք հնարավորինս սերմանել իրենց մեջ։ Դրանք են` խելացի, լսող լինելն է, չստելը, չգողանալը և այսպես շարունակ»:
Մերին նշեց, որ երեխաների խնամքի հոգսը Հովոն իր հետ չի կիսում: Նրան ավելի շատ բաժին է հասել երեխաների դաստիարակության և ժամանցային կողմն ապահովելը։ «Քանի որ մեր հայրիկը շատ զբաղված է իր մասնագիտությամբ, ես չեմ կարող երեխաների խնամքի հոգսը լիովին թողնել իր վրա: Հովոն այն հայրիկներից չէ, ով տեղյակ է երեխաների խնամքին առնչվող բոլոր հարցերից, բայց ինքն իր մեծի խոսքն ունի, դաստիարակության հարցերում էլ է միջամտում, ապահովում է երեխաների ժամանցը: Մենք եկել ենք ընդհանուր հայտարարի, որ այդպես ճիշտ է»,– ասաց նա։
Մերիի խոսքով` աղջիկները հայրիկից գենետիկորեն ժառանգել են արտիստիզմն ու դերասանական տաղանդը, որը երկուսի մոտ էլ վառ արտահայտված է. «Իհարկե, դեռ շատ փոքրիկ են, կմեծանան, կորոշեն այդ մասնագիտությունն են ընտրում, թե ոչ: Ես էլ, Հովիկն էլ այդ հարցում իրենց չենք ճնշի: Մեզնից հասնում է նրանց լավ ուսման տալ, քանի որ ես դա շատ եմ կարևորում»:
Մերին նկատեց, որ թեև ինքն ու Հովոն ամուսնալուծված են, դա որևէ կերպ չի ազդել իրենց շփման վրա։ «Շփումը երբևէ չի էլ դադարի, քանի որ մենք երկու աղջիկ ունենք: Մեր պարագայում այլ կերպ չէր էլ կարող լինել: Թշնամությունը բացառաված է մեր դեպքում,-ասաց նա և ավելացրեց, որ անձնական կյանքը վերադասավորելու մասին այս պահին չի մտածում, բայց չի էլ բացառում այդ հեռանկարը։
–Սա այն դեպքն է, որ երբեք չպետք է ասես` երբեք: Այսինքն, ոչ կարող եմ ասել երբեք չեմ դասավորի կյանքս, ոչ էլ հակառակը: Առայժմ որևէ նորություն չկա իմ կյանքում: Իմ բալիկներով եմ զբաղված: Փորձում եմ ավելի շատ իրենց դաստիարակությամբ զբաղվել, քան իմ անձնականով, որովհետև իրենց հետ ես ինձ շատ երջանիկ եմ զգում»,-եզրափակեց Մերին: