«Մեր ցավն այն է, որ պատժվեն մեր երեխեքի գլխին ապրիլը սարքողները». Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատները հանդիպում են պահանջում վարչապետի հետ

Ապրիլյան պատերազմում զոհված տղաների ծնողները գրանցվել էին վարչապետի մոտ ընդունելության, սակայն «մի 2 օր առաջ զանգել են և ասել, թե վարչապետը ժամանակ չունի նրանց ընդունելու»։ Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր արել զոհերից Ժորա Եսայանի մայրը՝ Մարինե Հակոբյանը։

«Պարոն վարչապետ, մեր տղաներն իրենց ամբողջ ժամանակը ձեզ են նվիրել, իսկ դուք ժամանակ չունեք նրանց ծնողներին 10 րոպե տրամադրելու։ Շատ շնորհակալ ենք ձեզնից նման վերաբերմունքի համար»,- գրել էր նա։

Մեզ հետ զրույցում Մ. Հակոբյանը նշեց, որ կառավարությունն ինքը պետք է նախաձեռներ ու ծնողներին հրավիրեր վարչապետի հետ հանդիպման, ոչ թե իրենք խնդրեին.

«Իրենք պետք է հրավիրեին մեզ, լսեին մեր խնդիրները։ Մի փոքր թոշակ է ավելացվում, տարածում են, բայց դա մեր ցավը չի մեղմացնում։ Մեր ցավը, առաջին մեծ խնդիրն այն է, որ պատժվեն մեր երեխեքի գլխին ապրիլը սարքողները, մեղավորները։ Ինչքա՞ն պետք է լռենք»։

Նա նշեց, որ իրեն զանգահարել են 010515789 հեռախոսահամարից, ներկայացել փոխվարչապետ, ասել, թե մոտակա մի քանի ամիսները վարչապետը ժամանակ չունի իրենց ընդունելու համար, և առաջարկել անձամբ ընդունել։

«Ազգանունը չասաց, այդ օրը Ժորայի ծննդյան օրն էր՝ օգոստոսի 9-ը, շատ հյուրեր ունեինք։ Ես միայն կարողացա ասել իրեն, որ, եթե վարչապետը մեզ համար ժամանակ չունի, երբ մեր տղաները երկրորդ եղեռն են կանխել, շնորհակալ ենք, պետք չի, որ ուրիշ մարդ ընդունի»։

Ըստ կառավարության կայքի՝ նշված հեռախոսահամարը վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի աշխատանքային հեռախոսահամարն է։

ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Արման Եղոյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ Նիկոլ Փաշինյանի ու Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատների հետ հանդիպումը չի չեղարկվել և անպայման կայանալու է, խնդիրը զուտ կազմակերպչական է։

«Վարչապետն իր օգնականին և արարողակարգի պատասխանատուին հանձնարարել է, որ Ապրիլյան պատերազմի զոհվածների, վիրավորների հարազատները, ովքեր ցանկություն ունեն, կազմակերպեն, բոլորի հետ միանգամից հանդիպի»,- ասաց Ա.Եղոյանը՝ հավելելով, որ օրվա և ժամի մասին կտեղեկացնեն ծնողներին։

Նա վստահեցրեց, որ զինվորի, բանակի թեման վարչապետի համար առաջնային է, և դրա հետ կապված որևէ հարցով որևէ բան նա չի հետաձգում ու անմիջապես համաձայնում է։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS