«Շատ լավ է, որ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել: Դա քաղաքացիների հետ երես առ երես, առանց կառավարական շենքի պատերի և արգելքի շփվելու միջոց է, այն քաղաքացիների, որոնք իրեն պատվիրակեցին կառավարություն՝ իրականացնելու այնպիսի փոփոխություններ, որոնց սուր կարիքը զգացվում էր տասնամյակից ավելի»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է արձակագիր, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից իր՝ վարչապետ լինելու 100 օրվա առթիվ օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքին: Նա անդրադառնում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն առնչվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված այն պնդումներին, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նախկին իշխանությունների հանդեպ հետապնդումներ չեն լինելու.
«Ես վրեժխնդրության որևէ դրսևորում չեմ տեսնում: Իսկ եթե Հայաստանում գործողությունները զարգանում են ոչ այնպես, ինչպես Ռուսաստանում, պարոն Լավրովին կարող եմ միայն կարեկցել, որովհետև ռուսաստանյան իրականությունը խոսքի ազատության և ժողովրդավարության տեսանկյունից հույս չի ներշնչում: Նույնիսկ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք այդ առումով Հայաստանում վիճակն ավելի լավ էր: Կուզեի՝ Ռուսաստանի արտգործնախարարը չաներ այնպիսի արտահայտություններ, որոնց տոնը նման է ուրիշ երկրների գործերին միջամտելուն: Ռուսաստանը թերագնահատում է այն ամենը, ինչ տեղի է ունեցել Հայաստանում»,-ասում է նա: Ինչ վերաբերում է է Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար 41 պատգամավորների ստարագրահավաքին, պարոն Մարտիրոսյանը նկատում է.
«Կուզենայի իմանալ՝ այդ մարդիկ որտեղ էին, երբ 2008-ին և հետո տասնյակ ազնվագույն մարդիկ նետվեցին բանտեր, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Մի անգամ նրանք բողոքի ձայն չեն հանել: Թե՞ քո ոստիկանի մի մատիկը թանկ է, քան բոլորը: Ոչ, մեր քաղաքացու մի մատն է ավելի թանկ, քան դուք՝ քառասուն պատգամավորներդ»: