Միգուցե՞ մազերն են մեղավոր. Հայաստանում օտարերկրյա կնոջ նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին…

Հայաստանում անցկացրած մեկ տարվա ընթացքում Էվան բազմիցս սեռական ոտնձգությունների է ենթարկվել, մեկ անգամ էլ՝ բռնաբարության փորձի: Նա որոշեց չլռել, ու դա շատերին զարմացրեց։

Մեզ մոտ նման բան հնարավոր չէ

«Մի ձեռքով նա պինդ սեղմել էր ձեռքս, իսկ մյուսով քարշ էր տալիս հեծանիվս: Արդեն հասկացել էի, որ դիմադրությունն անիմաստ է. նա ինձնից ավելի արագաշարժ է և ուժեղ: Մի քիչ թեթևացած զգացի, երբ հասկացա, որ գյուղում ենք, որովհետև այստեղ պետք է, որ մարդիկ լինեին, կկարողանայի օգնության կանչել:

Առաջին տան դուռը բաց էր: Ձեռքս ազատեցի ու վազեցի դեպի այդ տունը: Ինձ գցեցի տան ներսը, որտեղ ընտանիքը նստած ընթրում էր, և խնդրեցի, որ թույլ տան մի քանի րոպե մնամ իրենց մոտ: Բացատրեցի, որ դրսում մի տղամարդ կա, ով փորձում է ինձ բռնաբարել:

Բայց նրանք գոռացին. «Անհնար է, որ Հայաստանում նման բան լինի: Դո՛ւրս կորիր այստեղից»: Տանտիկինն ինձ դուրս հրեց ու դուռը բակեց երեսիս:

Ես նստեցի դռան կողքի մի աթոռի: Փորձում էի հանգստանալ ու չդողալ: Ամբողջ ընթացքում լսում էի հեծանվիս արգելակների ժանգոտ ձայնը. նա հավանաբար մոտակայքում էր:

Կինը նորից դուռը բացեց և ինձ հրահանգեց հեռանալ:

Վազեցի հարևան տան մոտ: Այստեղ երկու տղամարդ իրենց ավտոմեքենան էին նորոգում: Գոռացի, որ ինձ օգնություն է պետք, որ մեկը գողացել է հեծանիվս: Տղամարդկանցից մեկը մոտեցավ դարպասին ու կոպիտ տոնով առաջարկեց, որ ոստիկանություն դիմեմ: Ես խնդրեցի, որ ինքը զանգի, որովհետև մոտս հեռախոս չկար: Բայց նա զայրացավ ու ասաց, որ հեռանամ: Գիտակցեցի, որ նույնիսկ գյուղում, մարդկանց մեջ լինելն ինձ չի օգնելու: Ես արտասահմանցի էի, և նրանց ավելորդ խնդիրներ պետք չէին»:

Էվան նկարիչ է, Չեխիայից է: Նա շատ շփվող անձնավորություն է, ընկերներն ու հարազատները նրան բնութագրում են որպես հեշտ յոլա գնացող մարդ, ով ոգևորությամբ յուրացնում է նոր մշակույթներ ու ավանդույթներ:

Նա ավտոստոպով անցել է աշխարհի կեսը, մյուս կեսն էլ ճանապարհորդել է հեծանվով: Նա շուրջ մեկ տարի Եվրոպական կամավորների ծրագրով կամավորություն էր անում Վանաձորում, մինչև վերը նկարագրված օրը:

Նրա աշխույժ, ծիծաղկոտ աչքերը մի տեսակ մարում են, երբ, գուցե արդեն հարյուրերորդ անգամ, վերհիշում է այդ օրը Գուգարք գյուղում իր հետ պատահածը: Պատմելիս երբեմն կանգ է առնում, թեթեևակի թափահարում է գլուխը, կարծես փորձում է մոռանալ այն պատկերները, որոնք չափազանց հստակ են պահպանվել հիշողության մեջ:

Գիտեմ, որ ուզում ես

Eva 1.jpg (84 KB)

Մարտի առաջին օրն էր: Էվան հեծանիվ էր քշում Վանաձորի մոտակայքում՝ վայելելով թարմ օդը. արդեն գարնան հոտ էր գալիս: Ավարտվող օրվա ստվերները մեղմորեն գետնին էին պառկում: Ձայներն աստիճանաբար մարում էին՝ տեղի տալով լռությանը: Հանգիստ ու խաղաղ էր: Բայց հանկարծ սարերն ավելի մոտիկ դարձան, իսկ տները՝ հեռու-հեռու և սակավ, մի քանի հարյուր մետրից էլ լրիվ վերացան: Էվան հասկացավ, որ կորել էր:

Հետդարձի ճանապարհը փնտրելով՝ որոշեց պտույտ անել բլրի շուրջը և ուրիշ կողմից քաղաք վերադառնալ: Մոտակա լքված տան կողքը ձիեր էին արածում, որոնք մի քիչ խրտնեցին Էվայի հեծանվից: Անցավ ձիերին ու հանկարծ տղամարդու ձայն լսեց:

Նրան թվաց, թե տղամարդը կենդանիներին է կանչում, բայց ձայնը մոտենում էր, և նա հասկացավ, որ տղամարդն իրեն է ինչ-որ բան ասում: Փորձեց արհամարհել նրան ու արագացրեց հեծանվի ընթացքը: Բայց ճանապարհը շատ վատն էր, վնասված էր անձրևի ու բեռնատարների պատճառով, և հեծանվի անիվները փոսերն էին ընկնում:

Տղամարդը հասավ ու նրա թևից բռնեց: Նա, կարծես, արագ հասկացավ, որ Էվան կորել է և առաջարկեց ցույց տալ Վանաձոր տանող ճանապարհը: Էվան փորձեց բացատրել, որ ինքն արդեն գտել է ճանապարհն ու գնում է քաղաքի լույսերի ուղղությամբ: Բայց քանի որ հայերեն վատ գիտեր, դժվարանում էր մտքերն արտահայտել: Իրավիճակն ավելի էր բարդացնում այն, որ տղամարդը ո՛չ ռուսերեն գիտեր, ո՛չ անգլերեն:

Խոսքերի հետևից չընկնելով՝ նա բռնեց Էվային ու քաշեց հեծանվից այն կողմ: Էվան փորձեց վազել, սակայն նա հետևից բռնեց նրան ու ցավոտ սեղմեց կուրծքը: Հետո շպրտեց նրան գետնին ու փորձեց համբուրել դեմքը: Նրանից ձիու հոտ էր գալիս: Էվան գոռում էր, իսկ նա միայն քրքջաց. «Այստեղ մարդ չկա, քեզ ոչ ոք չի լսի»: Սուտ չէր ասում: Մոտակայքում միայն լքված շինություններ էին երևում և ինչ-որ մեկի այգին:

Տղամարդը երկու ձեռքով բռնեց նրա թևատակերից ու քարշ տվեց շինություններից մեկի ներսը: Էվան իր ոտքերը սեղմում էր գետնին, որպեսզի առաջ չգնա, բայց դա չէր օգնում, տղամարդը շարունակում էր ուժով առաջ տանել նրան: Մուտքի մոտ տղամարդը հոգնեց ու կանգնեց՝ հանգստանալու:

«Ես դիմադրում էի, աքացի տալիս նրան, գոռում, բայց նա ձեռքը բերանս մտցրեց, որ խեղդվեմ: Հետո նա կարողացավ քաշել-հանել անդրավարտիքս: Նա ձեռքը դրեց կոկորդիս ու սկսեց խեղդել ինձ: Մինչ այդ ինձ թվում էր, թե բավականին ուժեղ եմ ու կկարողանամ դուրս պրծնել: Սակայն երբ զգացի, որ շնչահեղձ եմ լինում, գիտակցեցի, որ նա ուղղակի կարող է սպանել ինձ, հենց այդպես, ու ոչ ոք օգնության չի գա»:

Տղամարդը սեղմեց նրան իր ամբողջ քաշով և հանեց իր անդրավարտիքը: Էվան հաջողեց ազատել մի ձեռքը, բռնեց նրա առնանդամը, սեղմեց ու պտտեց այն: Ցավից տղամարդը մի պահ բաց թողեց նրան, և նա ոտքի ցատկեց: Բայց հաջորդ վայրկյանին տղամարդը նորից բռնեց նրան, այս անգամ՝ գլխից, և գլուխն իջեցրեց իր առնանդամի մոտ:

«Նա իր անդամը դեմքիս ու բերանիս էր խփում, ու այս կարգի մի բան ասաց՝ գիտեմ, որ ուզում ես»:

«Դա նողկալի էր: Ես ինձ այլևս մարդ չէի զգում»:

Ոչ մի րոպե չանցավ առանց խփելու, աքացի տալու, բռնելու, քաշելու, ճղելու, կծելու: Նրանք գնալով ավելի էին հոգնում: Հանկարծ տղամարդը նրան գետնին շպրտեց ու ասաց, որ ձայնը կտրի: Ասաց, որ էլ չի դիպչի նրան, ու որ կգնան գյուղ: Էվան մտածեց, որ այդ պահին ավելի լավ է հնազանդվել, մինչև գյուղում, մարդկանց մեջ ավելի ապահով լինի:

Հետդարձի ճանապարհին տղամարդը վերցրեց հեծանիվը, որը թողել էր այդտեղ, բռնեց Էվայի թևից ու սկսեց հարցեր տալ, կարծես ոչինչ էլ չէր պատահել՝ անունն ինչ է, ինչով է զբաղվում Հայաստանում: Էլ ավելի անսպասելիորեն՝ նա որոշեց, որ անպայման պիտի միասին սելֆի նկար անեն: Դրա համար նա ստիպված էր թողնել հեծանիվն ու Էվայի թևը, որպեսզի միացնի հեռախոսի տեսախցիկը: Էվան կրկին փորձեց փախչել: Նա բռնեց նրան, այս անգամ՝ իր գրպանից մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ հանելով:

«Մտածեցի, որ նորից ուզում է ինձ գետնին գցել ու նույնիսկ սպանել ու մատնահետքեր չթողնել: Կարծես չէր հասկանում, որ արդեն բավականին շատ հետքեր է թողել: Բայց նա նորից բռնեց թևիցս ու քաշեց ինձ: Նա խաղ էր անում ինձ հետ, ինչպես կատուն մկան հետ»:

Ինչ-որ պահի Էվան կարողացավ փախչել բռնարարից և փորձեց օգնություն խնդրել գյուղացիներից, սակայն ապարդյուն: Երբ վազելով փախչում էր, նորից նրան պատահեց: Նա բարկացած էր, գոռաց ու նրան անվանեց «սուկա» (ռուս.՝ բոզ):

Մեկ անգամ ևս, նորից ակնթարթային, տղամարդը հանգստացավ ու խոստացավ այս անգամ իրոք բաց թողնել Էվային, սակայն… համբույրի դիմաց: Մինչ Էվան քարացած նրա երեսին էր նայում, նա հեռախոսով ինչ-որ մեկին զանգեց ու խնդրեց գալ այդտեղ, Էվան այդքանը կարողացավ հասկանալ: Նրանք արդեն մոտեցել էին մայրուղուն: Էվան մտածեց, որ քանի որ նա միայնակ չի հաջողեցրել բռնաբարել իրեն, հիմա էլ ընկերներին է կանչում, պետք է արագ փախչել:

Նա փորձեց կանգնեցնել անցնող մեքենաները: Մի մեքենա կանգնեց, ու Էվան խնդրեց իրեն քաղաք հասցնել: Բայց հենց մոտեցավ բռնարարը, մեքենայի վարորդը բացականչեց. «Արմեն, բարև, ո՞նց ես»: Նրանք մի քիչ զրուցեցին, ու մեքենայի վարորդը քշեց-գնաց:

Էվան ցատկեց կանգ առած հաջորդ մեքենան ու կողպեց դուռը: Նույն պահին հայտնվեց Արմենի ընկերը՝ մեկ այլ մեքենայով: Նրանցից մեկը մոտեցավ մեքենային ու սկսեց համոզել Էվային դուրս գալ այնտեղից: Բռնարարը վարորդին բացատրեց կնոջ վարքի պատճառների իր տարբերակը, թե իբր կինը «սթրեսի մեջ է» և չի կառավարում իր գործողությունները: «Վարորդն ինձ խնդրեց դուրս գալ իր ավտոմեքենայից: Ես ասացի, որ նրանք ուզում են ինձ վնասել, բայց նա չլսեց»:

Էվան դուրս եկավ մեքենայից: Նրանցից մեկը վերադարձրեց նրա հեծանիվը: Նա ցատկեց հեծանվի վրա և անմիջապես հեռացավ՝ որոշ ժամանակ շարունակելով հետապնդվել տղամարդկանց կողմից: Վանաձորի մոտ նրանք գլուխները դուրս հանեցին մեքենայի պատուհանից ու սուլեցին: Հետո մեքենան շրջադարձ կատարեց: Նրանք անհետացան:

Ի՞նչ կարծիքի ես Հայաստանի մասին

Տուն վերադառնալով՝ Էվան տեսավ, որ լրիվ թրջվել է անձրևից: Փաստորեն, ուժեղ անձրևում էր, իսկ նա չէր էլ նկատել: Նրա բնակարանի հարևանուհին ասաց, որ վստահ էր՝ Էվան մի տեղ ապաստան է գտել, այդ պատճառով էլ չէր անհանգստացել, որ նա ուշանում է: Էվան չափազանց հոգած էր խոսելու համար: Նրան ժամանակ էր պետք, որպեսզի խելքի գար, որպեսզի հաղթահարեր այն մղձավանջը, որի միջով անցել էր, որպեսզի ընդուներ, որ դա իրական էր ու չէր անհետանալու նոր օրվա հետ:

Հաջորդ առավոտյան Էվան իր համակարգողի հետ գնաց Գուգարքի ոստիկանական բաժանմունք: Նրանք այստեղ հասան կեսօրին, իսկ դուրս եկան կեսգիշերին: Հաջորդող հինգ օրերն անցան նույն գրաֆիկով: Նա ստիպված էր նորից ու նորից կրկնել իր պատմությունը:

Սկզբում նա պատմեց դա մուտքի մոտ կանգնած ոստիկանության սպաներին, ովքեր ալարկոտ ու թմրած՝ ծխում էին: Հետո պատմեց ներսում գտնվող տղամարդ ոստիկանին: Հետո՝ Լոռու մարզի քննիչին, որի հետ միասին գնաց դեպքի վայր: Նա հիշում էր հանցագործի դեմքն էլ, անունն էլ: Նկարագրությանը համապատասխանող միակ անձը 24-ամյա Արմեն Ֆ-ն էր:

Պարզվեց՝ նա երիտասարդ կին և փոքր երեխա ունի: Ոստիկանությունը նրան ձերբակալեց: Ինքնությունըպարզելու գործընթացում բռնարարին ու զոհին կանգնեցրել էին նույն սենյակում, երես առ երես: Նա նույն հագուստով էր, ինչ նախորդ օրը: Ոստիկանությունը որոշեց առերեսում կազմակերպել, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը պատմի պատահածի իր տարբերակը:  Նրանք բացատրեցին, որ կոնֆլիկտի կողմերը հաճախ կարողանում են վեճը լուծել խաղաղ ճանապարհով, առանց դատարան մտնելու:

«Ես ցնցված էի: Ի՞նչ խաղաղ կարգավորման մասին կարող էր խոսք լինել: Իմ երկրում բռնության զոհից ընդամենը մեկ անգամ են վկայություն վերցնում, ձայնագրում են այն, ու այնուհետև բռնությունը վերապրած անձինք պարտավորված չեն լինում նորից ու նորից կրկնել պատմությունը կամ երես առ երես հանդիպել բռնարարի հետ: Ինձ մի քանի ժամ շարունակ հարցաքննում էին, նույնիսկ ուտելու հնարավորություն էլ չեն տվել: Ոստիկանությունը համաձայնեց սպասել մինչև հաջորդ օրը: Հաջորդ օրը նրանք նորից ինձ հարցաքննեցին մինչև կեսգիշեր, իսկ հետո նրան ներս բերեցին»:

Էվան ստիպված էր մի քանի ժամ անցկացնել բռնարարի հետ նույն սենյակումփակված և կրկնել պատմությունը, այս անգամ՝ նրա ներկայությամբ: Մինչ նա նշում էր փաստերը, ոստիկանության հրավիրած թարգմանիչը թարգմանումէր: Քննիչն էլ ամեն ինչ գրի էր առնում:

Այնուհետև Արմենը՝ բռնարարը, պատմեց պատահածի իր տարբերակը: Ըստ նրա, նա Էվային էր հանդիպել, երբ վերջինս նստել էր գետնին՝ հանգստանալու: Նա նույնպես նստել էր գետնին, գրկել ու համբուրել էր նրան ու ասել, որ ամեն ինչ լավ կլինի: Հետո ինչ-որ բան «այնպես չէր գնացել»: Էվան, ով մինչ այդ սիրառատ էր, հանկարծակի սկսել էր պաշտպանվել, ու նա դադարեցրել էր իր գործողություններ: Ուրեմն ինչպե՞ս էին նրա մարմնի վրա հայտնվել կապտուկներն ու քերծվածքները… Նա ասաց, որ Էվան կատակով կճմտել էր իրեն, իսկ ինքն էլ, քանի որ խուտուտ ուներ, փորձել էր ազատվել ու պատահաբար հրել-գցել էր նրան: Կինն ընկել էր ու կպել քարին:

Պետք է, որ մի տասն անգամ ընկած ու քարին կպած լիներ՝ դատելով մարմնի վրա գրանցված կապտուկների քանակից:

«Ամենից աբսուրդն այն էր, որ նա չէր գիտակցում, որ սխալ է արել: Նույնիսկ կալանավորվելուց հետո էր իրեն անպատշաճ պահում: Երբ նշեցի, որ զանգել էր ինչ-որ մարդկանց, նա ճչաց, թե դա սուտ է՝ չհասկանալով, որ ոստիկանությունը հավանաբար արդեն իսկ ստուգել է նրա կատարած հեռախոսազանգերը: Երբ հաստատեցի նրա ինքնությունը, նա ասաց, որ մտքով էր չէր անցնի բռնաբարել ինձ, քանի որ, իր խոսքերով, միայն հիմարը չգիտի, որ Եվրոպայի կեսը ՁԻԱՀ-ով է վարակված»:

Երբ նրանց հնարավորություն է տրվել միմյանց հարցեր տալու, Արմենն Էվային հարցրել է՝ «Քեզ դո՞ւր է գալիս Հայաստանը»: 

Դու ծիծաղում էիր

Eva from Czech Republic.jpg (82 KB)

Դատաբժշկական փորձագետը գրանցում էր Էվայի մարմնի վրա եղած կապտուկներն ու քերծվածքները: Մի քանի այլ տղամարդիկ նստած էին սենյակում: Նրանք ծխում էին: Բաց պատուհանից Էվան լսում էր փողոցի ձայները:

Փորձագետն էվային զննեց անփութորեն, մի փոքր անգամ չհավատալով, որ նա իր կամքին հակառակ է ոտնձգությունների ենթարկվել: Կարդաց նրա ցուցմունքն ու հարցրեց, թե որտեղից է ճանաչում Արմենին:

«Ես պատասխանեցի, որ այդ օրը կյանքումս առաջին անգամ եմ նրան տեսել, և հուսով եմ, որ այլևս երբեք չեմ տեսնի: Բժշկական փորձագետը լինովին անտեսեց ինձ ու նորից հարցրեց. «Ուրեմն ինչքա՞ն ժամանակ է՝ հանդիպում եք»:

Նորից ու նորից պատմությունը տասնյակ անգամներ նկարագրելուց հետո, ոստիկանը հարցրեց, արդյոք վստա՞հ է, որ Արմենն իրոք ցանկանում էր բռնաբարել իրեն, այլ ոչ թե, ասենք, թալանել:

«Ինձ թվում էր՝ նրանք ինձ ընդհանրապես չեն լսել: Նա չէր փորձել գողանալ ուսապարկս կամ գրպանս մտնել»:

«Նրա ձեռքերը ներքնաշորիս մեջ էին: Ի՞նչ էր նա ուզում գողանալ: Հետո՞ւյքս»:

Քրեական գործը հարուցվեց։ Էվային ասացին, որ Արմենը, ով մինչ այժմ մեղադրանքները մերժում էր, ի վերջո խոստովանել է իր մեղքը, ուստի դատավարությունը մեկ կամ երկու նիստից ավել չի տևի։ Սակայն այն ամիսներ տևեց։

Առաջին երկու նիստերն անընդհատ հետաձգվում էին, քանի որ Էվայի թարգմանիչն ամեն անգամ բացակայում էր։ Երրորդ նիստի ժամանակ պաշտպանական կողմը հայտնեց, որ պատրաստ չէ նիստին, քանի որ ամբաստանյալը հրաժարվել է մինչ այդ տրված ինքնախոստովանությունից։ Այնուհետ, ամբաստանյալի փաստաբանը հրաժարվեց գործը շարունակել ֆինանսական անհամաձայնությունների պատճառով։ Հաջորդ նիստին նոր փաստաբանը պատրաստ չէր։

Դա վերջին դատական նիստն էր, որին Էվան կարող էր ներկա գտնվել, քանի որ մի քանի օր անց պետք է մեկներ Հայաստանից Չեխիա, ուստի պաշտպանական կողմին տրվեց երկու ժամ նախապատրաստվելու համար։ Վերադառնալով նիստին՝ փաստաբանն իր խոսքը սկսեց՝ նշելով, որ առաջին նիստի ժամանակ Էվան ծիծաղից պոռթկացել է և հարցրեց՝ գուցե Էվան բնավ էլ սթրեսային հոգեվիճակում չէ՞ ենթադրվող ոտնձգության հետևանքով,  ինչպես փորձում է ներկայացնել։

«Առաջին նիստի ժամանակ Արմենը շատ ագրեսիվ էր։ Նա ինձ անդադար ընդհատում էր՝ գոռալով, որ ինքը պետք է առաջինը խոսի։ Նա ուզում էր, որպեսզի լսեմ պատմության իր վարկածն ու ընդունեմ, որ ես սխալ եմ։ Ծիծաղս հենց դրա վրա եկավ։ Կյանքումս առաջին դատական նիստն էր, ես շատ լարված էի, և ծիծաղս իմ նյարդային արձագանքն էր նրա անհեթեթ պահվածքին ու խոսքերին։ Հինգ րոպե անց, ցուցմունքը տալիս, ես արդեն լաց էի լինում»։

Առաջին իսկ օրվանից Էվան ապշած էր, թե որքան անփույթ են վերաբերվում Հայաստանի թե՛ ոստիկանությունը և թե՛ ամբողջ դատական համակարգը սեռական ոտնձգություն վերապրած անձանց։

Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը հարցրեց՝ արդյոք Արմենի առնանդամը բավականին ամուր էր հեշտոց ներթափանցելու համար: «Հակառակ դեպքում նա չէր կարող մեղադրվել բռնաբարության փորձի մեջ»,-  պնդում էին նրանք:

«Կարծում եմ՝ բռնաբարության թեման, ինչպես նաև սեքսի հետ կապված ամեն ինչ, այնքան մեծ տաբու է, որ հայաստանցի կանայք դժկամությամբ են նման դեպքերում բողոք ներկայացնում ոստիկանություն: Ամենավատն այն է, որ ոստիկանությունը չգիտի, թե ինչպես վարվել նման դեպքերում»,- ասում է Էվան:

Էվայի փաստաբանն Ինեսա Պետրոսյանն է, որն աշխատում է «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպությունում։ Կազմակերպությունը անվճար իրավաբանական և հոգեբանական աջակցություն է տրամադրում սեռական բռնություն վերապրած անձանց։ Ինեսայի խոսքերով, սեռական բռնության դեպքերի պարագայում մեծագույն խնդիրներից հենց այն է, որ ոստիկանությունը միշտ փորձում է մեղադրել նախ և առաջ բռնության ենթարկված կողմին։

«Նրանք «ոտքից գլուխ» հարցաքննում են զոհին․ ինչո՞ւ նստեց մեքենան, ինչո՞ւ այսինչ տեղը գնաց, ինչո՞ւ էր այդքան շատ ծիծաղում, ինչո՞ւ էր կարճ շրջազգեստով։ Բռնության ենթարկվածներից շատերի համար հոգեբանական ճնշումն այնքան անտանելի է դառնում, որ ի վերջո հրաժարվում են քրեական հետապնդումը շարունակելուց։ Էվային ևս փորձում էին ճնշման ենթարկել։ Բայց նա, բարեբախտաբար, լավ տեղեկացված էր իր իրավունքներից, ուստի պայքարեց և կանգուն մնաց՝ դատաքննությունը ավարտին հասցնելով»։

Էվան պնդեց, որ նիստերը դռնբաց անցկացվեն։ Բայց մի քանի նիստից հետո դատավորը որոշեց, որ դրանք պետք է դռնփակ լինեն՝ Արմենի ընտանիքին պաշտպանելու նկատառումով։ Նրա առաջին փաստաբանը պնդում էր, որ դատարանը չպետք է մոռանա, որ ամբաստանյալը կին և երեխա ունի։ Օջախի և ընտանիքի սրբությունը չպետք է վտանգի տակ դրվի՝ ենթարկվելով խայտառակության։

Մտածիր նրա ընտանիքի մասին

Eva 3.jpg (311 KB)
Eva 4.jpg (187 KB)
ԶԼՄ-ներն ամենից շատը հոգ տարան Արմենի ընտանիքի մասին՝ անտեսելով բռնության զոհի իրավունքները կամ նրա ընտանիքի մտավախությունները։ Տեղի ունեցածից կարճ ժամանակ անց դեպքի մասին գրեց Շամշյանի կայքը՝ հոդվածում հրապարակելով Էվայի անունը, տարիքը, աշխատանքի և բնակության հասցեները՝ բոլոր անձնական տվյալներն ամենայն մանրամասնությամբ։ Մինչդեռ, մեղադրյալի մասին հիշատակելիս, նշվում էր միայն «Արմեն Ֆ․»։ Հոդվածը մոտ 10.000 դիտում ունեցավ: Վանաձորի պես փոքր քաղաքի համար սա բավարար էր Էվային հանրաճանաչ դարձնելու համար։

Հետևանքները վրա հասան անմիջապես։ Արմենի եղբայրը սկսեց հետապնդել Էվային։ Նա խնդրեց Էվայի թարգմանչին փոխանցել նրան, որ Էվան պետք է վերանայի իր դիրքորոշումն ու հետ վերցնի բողոքը։ Նա ակնարկեց, որ հարցի լուծման այլ՝ խաղաղ ճանապարհներ էլ ունեն։ Նա պնդում էր, որ Էվան պետք է մտածի իր եղբոր երեխայի ճակատագրի մասին։

«Շատերն էին փորձում ինձ մոտ խղճահարություն առաջացնել, ասելով, թե երեխան չպետք է առանց հայր մեծանա և նման բաներ։ Չգիտես՝ ինչու, ոչ ոք չէր ասում, որ նախ և առաջ հայրն ինքը պետք է սեփական երեխայի մասին մտածեր։ Մարդիկ խնդրում էին, որ ցուցմունքս ետ վերցնեմ, քանի որ Արմենին դաժանորեն բռնաբարելու են բանտում իր արածի համար։ Թերևս, մինչ այժմ ինձ ասվածներից ամենաանհեթեթն այն էր, որ իրականում բան էլ չի պատահել, մեծ հաշվով, քանի որ Արմենի մոտ, ի վերջո, չի ստացվել ինձ բռնաբարել։ Ես գիտեմ, որ բռնի կերպով հարցեր լուծելը սովորույթ է Հայաստանում։ Բայց ինձ համար սա երբևէ ճիշտ ու լավ ձև չի եղել։ Ինձ համար կարևոր է գնալ դատարան, ուղերձս, որքանով որ կարող եմ, հասցնել Արմենի նմաններին՝ նրանց հիշեցնելով, որ նրա արարքը հանցագործություն է, ուստի նա պետք է պատիժ կրի։ Նրա ընտանիքը չէր կարող ինձ կաշառել՝ շատ աղքատ են, ուստի որոշել էին զգացմունքներիս հետ խաղալ»։

Էվան չգիտեր, թե դիմումը հետ վերցնելուց հրաժարվելն ինչ հետևանքների կհանգեցնի. այլևս իրեն ապահով չէր զգու մ Վանաձորում ։ Բնակարան փոխելը չէր օգնի. բավարար էր հարցուփորձ անել «տարօրինակ մազերով» աղջկա մասին, ու հեշտությամբ հնարավոր կլիներ գտնել նրան այդ փոքրիկ քաղաքում։ Ուստի Էվան տեղափոխվեց Երևան։ Իսկ դատավարությունը շարունակվում էր։

Հաղթահարելով վախը

Վանաձորում Էվայի ընկերների մեծ մասը տղամարդիկ էին։

«Կին ընկերներ գտնելը միշտ ավելի դժվար էր։ Նրանց գրեթե անհնար էր բռնացնել, շատ դժվար էր նրանց հետ հանդիպելը կամ շփվելը աշխատանքից հետո։ Բոլորը շտապում էին տուն, քանի որ ծնողները նրանց չէին թողնում մինչև ուշ ժամ դուրսը մնալ։ Նրանք ինձ էլ էին զգուշացնում, որ դա «վտանգավոր» է»։

Բայց Էվան չէր պատրաստվում հնազանդ գառնուկի պես ենթարկվել հայրիշխանության չգրված կանոններին՝ կարճ շրջազգեստ մի՛ հագիր, ալկոհոլ մի՛ խմիր, մի՛ նստիր «նրա» մեքենան, անգամ եթե դա տաքսի է, մթին դրսերը մի՛ մնա, «եթե չես ուզում, որ քեզ վնասեն»։

«Ես միշտ սիրել եմ գիշերվա կողմ փողոցներով զբոսնել։ Ամենալավ ժամանակն է անցած օրդ ամփոփելու, մտքերիդ հետ մենակ մնալու, վերլուծելու։ Երբ հետևում ես «վտանգներից հեռու մնալու» վերաբերյալ կանոններին, ապա ամեն անգամ, երբ դրանց չես հնազանդվում, տղամարդկանց տալիս ես քո հանդեպ բռնանալու իրավունք։

Էվան ասում է, որ փորձում էր ինքն իրեն թույլ չտալ այս ամենի արդյունքում փակ ու վախվորած դառնալ, բայց դա ներքին մեծ ուժեր էր պահանջում։ Սկզբում, երբ նրան մոտենում էր անծանոթ մեկը, նա նախընտրում էր փախչել։ Սոսկ միտքն այն մասին, որ որևէ մեկը կրկին կարող է փորձել բռնաբարել իրեն, անտանելի էր։

«Տղամարդկանց այլևս չէի վստահում։ Սա շատ բարդացրեց հարաբերություններն առհասարակ։ Առնանդամը կանանց նվաստացնելու գործիք էր դարձել, դոմինանտության խորհրդանիշ։ Ինձ համար դա զզվելի էր դարձել»։

Արտասահմանցի կանայք իրենք են մեղավոր

Eva.jpg (146 KB)

Եթե բռնությունից տուժած տեղացի կանանց հանդեպ հայաստանյան հասարակությունը գոնե մի փոքր կարեկցանք է տածում, ապա արտասահմանցիների դեպքում դա այդպես չէ. անմիջապես սկսում են դատապարտել:

Երբ ոստիկանությունը որպես վկա հարցաքննել է այն տան բնակիչներին, ովքեր հրաժարվել էին Էվային օգնել, նրանք ընդունել են, որ Էվայի դիմաց փակել էին իրենց դռները, որովհետև չէին հավատացել նրան. «Բոլորը գիտեն, որ Հայաստանում «նման բան» չկա, իսկ եթե կա էլ, ուրեմն արտասահմանցի կանայք իրե՛նք են դրդում»:

Էվան նման նախապաշարմունքի Հայաստանում բախվել է ամենուր՝ աշխատանքից ազատ ժամանակ ավտոստոպով Հայաստանով ճամփորդելիս, հանրային տրանսպորտից օգտվելիս և նույնիսկ փողոցում քայլելիս:

Անծանոթները նրա հասցեին մեկնաբանություններ էին անում, հատկապես մազերի հետ կապված: Ավտոբուսներում երիտասարդները մշտապես մոտենում, իրենց հեռախոսահամարներն էին ստիպողաբար տալիս, իրենց ընկերակցությունն էին առաջարկում, նման ընկերակցության տրամաբանական ավարտի մասին ակնարկներ էին անում:

Ոմանք հենց ուղղակիորեն սեքս էին առաջարկում:

Կարծես մի կտոր հաց էին գնում:

«Մի մեքենայի վարորդ իր հեռախոսի նկարներն էր ցույց տալիս. «Ահա կինս, ահա երեխաներս, տես ինչ սիրուն են», ու հետո հանկարծ «իսկ սա… հավանո՞ւմ ես»: Դա, իհարկե, նրա անդամի նկարն էր: Մի անգամ էլ մի տղամարդ ինձ մեքենայով քաղաք հասցրեց: Հարցրեց՝ Վանաձորում ինչ եմ անում: Պատասխանեցի ու հետո իրեն հարցրի, թե ինչ է անում Վանաձորում: Ասաց, որ ինձ Վանաձոր է տանում, քանի որ սեքս է ուզում: Ես զայրացած ու վիրավորված էի, իսկ ինքը զարմացած էր. «Բայց ես կվճարեմ քեզ»»:

Երբ Էվան այս իրավիճակի մասին պատմել է այլ արտասահմանցի աղջիկների, պարզվել է, որ նրանք ևս առնչվել են նմանատիպ ոտնձգությունների: Շատերը բողոքում էին, որ տղամարդիկ իրենց վերաբերվում են ինչպես առարկաների, ոչ թե մարդկանց: Կարծես նրանք ինչ-որ ապրանք են, որը կարելի է հեշտությամբ ձեռք բերել:

«Շատ տղամարդիկ ապշում էին իրենց առաջարկներին իմ արձագանքից: Նրանք բացատրում էին, որ չեխերը գրեթե ռուս են, իսկ ռուս կանայք պատրաստ են ցանկացածի հետ սեքսով զբաղվել շաբաթը 7 օր, օրական 24 ժամ»:

Մեկ այլ տարածված կարծիք էլ այն է, որ արտասահմանցիները հակված են քանդելու «լավ տղայի» կյանքը: Կարծես նրանք գայթակղում են այդ տղաներին ու իրենց նենգ թակարդները գցում, որ հետո դատի տան նրանց ու փող պոկեն:

Էվան կարծում է, որ հայերն իրենց հոգում փայփայում են այն առասպելը, թե Երկիր մոլորակի վրա Հայաստանը վերջին վայրն է, ուր չեն ներթափանցել կեղտը, հանցագործությունն ու գռեհկությունը: Շատերն, ըստ նրա, պատրաստ են բոլոր մահացու մեղքերը, նաև արժեհամակարգի պակասը, ցածր բարոյական վարքն ու անառակությունն օտարներին վերագրել… Որպեսզի վերջին ապահով հանգրվանի պատրանքը չփշրվի:

Ստացվում է՝ հայկական աշխարհում բռնաբարությունը հանցանք չէ, այլ պատիժ է «անպարկեշտ» պահվածքի համար։ 

Որպեսզի կանայք չլռեն

Արմեն Ֆ-ի նկատմամբ քրեական գործ հարուցվելուց հետո Վանաձորում կային կանայք, ովքեր Էվային առաջարկում էին հետ վերցնել իր բողոքը և «չխայտառակել իրեն»:

Ամոթը, օրինապահ և դատական համակարգերի հանդեպ թերահավատությունը, սեփական իրավունքների չիմացությունը, բռնարարի բարեկամների կողմից վենդետայի վախը, ծեծկռտուքով հարցեր լուծելու ավանդույթը, հանրության կողմից դատապարտվելու վախը այն պատճառներն են, որոնցից դրդված բռնաբարության դեպքերի մասին լռում են հենց բռնության ենթարկված կանայք:

«Չեմ ակնկալում, որ իմ պատմությունը հայ կանանց մտածելակերպը միանգամից կփոխի: Բայց որոշեցի իմ դեպքի մասին բարձրաձայնել, որպեսզի մյուս կանանց էլ ոգեշնչեմ ու կոտրեմ լռությունը: Կարևոր է իմանալ, որ մենակ չես, որ մեղավորը դու չես ու չպետք է որևէ բանից ամաչես: Հակառակը՝ պետք է ոստիկանություն հայտնես ու հասնես նրան, որ հանցագործը պատժվի: Զոհի լռությունն ու բռնարարի անպատժելիությունը նորանոր բռնությունների տեղիք են տալիս»:

Գործընթացային ճահիճ

Քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար հանցագործը դատապարտվում է 3-6 տարվա ազատազրկման:

Վերջին դատական նիստի ժամանակ, որին Էվան ներկա էր, Արմենը «փորձեց» կտրել երակները: Նրան դատարանից հեռացրեցին, իսկ դատական նիստը կրկին հետաձգվեց:

Հաջորդ նիստին Արմենի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու մասին: Նրա բարեկամները մեկ միլիոն դրամ (մոտ 2000 ԱՄՆ դոլար) գրավ վճարեցին, որի դիմաց նա հաջորդ դատական նիստերին արդեն ազատության մեջ էր սպասելու:

Արմենի երեխան մեկ տարեկան է: Պաշտպանությունը ենթադրել էր, որ դրա շնորհիվ Արմենի վրա կտարածվի Հայաստանում վերջերս ընդունված ամենամեծ համաներումը, բայց դա էլ չաշխատեց:

Պաշտպանությունը նաև որպես ապացույց ներկայացրել էր ժամանակին մեղադրյալի՝ մտավոր խնդիրների պատճառով բանակից ազատվելու հանգամանքը, ուստի դատարանը բժշկա-հոգեբուժական փորձաքննություն էր նշանակել: Հերթական անգամ գործընթացը երկարաձգվել էր:

Էվան սկսել է վերականգնվել և առաջ շարժվել, բայց նա սպասում է արդարության վճռին: Ի վերջո, այս նախադեպը շատ ավելի կարևոր կարող է լինել հենց Հայաստանի, և ոչ միայն Էվայի համար:

Հավելում2019թ. մայիսին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է Արմեն Ֆ-ին դատապարտել  3 տարվա ազատազրկման:

Նյութը առաջին անգամ հրապարակվել է անգլերեն և ռուսերեն՝ kalemon.am-ում, հայերեն թարգմանությունը՝ Արփինե Գալֆայանի, Սոֆյա Մանուկյանի, Անահիտ Սիմոնյանի

Լուսանկարները՝ Ֆյոդոր Կորնիյենկոյի եւ Էվայի անձնական արխիվից

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS