Մոսկվան անկեղծացել է. անպատկառ ներխուժում, բանալին Հայաստանում է

Lragir.am-ը գրում է․

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում դժգոհել է Կովկասը «ռազմա-քաղաքական առումով յուրացնելու» ԱՄՆ եւ ՆԱՏՕ գործողություններից․․․

Զախարովայի խոսքով, դա «անպատկառ» ձգտում է: Նա միաժամանակ նշել է, թե անհնար է չասել ղարաբաղյան հակամարտության մասին, որում ըստ նրա ներգրավված են ՌԴ երկու մերձավորագույն բարեկամներն ու գործընկերները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նկատել է Զախարովան․․․

Արդյոք ՌԴ ԱԳՆ խոսնակը, դժգոհելով ԱՄՆ ու ՆԱՏՕ այդ գործողությունից եւ այն համարելով «անպատկառ» ձգտում, դժգոհություն է հայտնում նաեւ Ադրբեջանին, որն օրինակ օրեր առաջ եղել է Վրաստանում ՆԱՏՕ բազմազգ վարժանքի մասնակիցների շարքում․․․

Հայաստանն այդ վարժանքին չէր մասնակցել, ասելով, որ զորավարժության սցենարը Հայաստանի անվտանգության խնդիրների տեսանկյունից արդիական չէ․․․

Վրաստանում եւ ընդհանրապես ՆԱՏՕ վարժանքներին Հայաստանի մասնակցության «զիգզագը»՝ Երեւանը որոշ վարժանքների մասնակցում է, որոշներին՝ ոչ, մշտապես արժանանում է քաղաքական գնահատականի, երբ մասնավորապես չմասնակցելը դիտարկվում է կամ ՌԴ հրահանգ, կամ ՌԴ-ին չզայրացնելու վախվորածություն․․․

Գործնականում սակայն, Կովկասում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը շատ ավելի խորը ընդգրկում եւ համատեքստ է պարունակում, քան լոկ վարժանքներին մասնակցությունը․․․

Ավելին, այդ առումով գործակցությունը բացառիկ է: ՆԱՏՕ-ն Հայաստանից չի ակնկալում սկզբունքորեն ավելին, քան արվում է ներկայում՝ երկկողմ գործակցության տիրույթում: Խոսքն իհարկե դինամիկայի մասին չէ, այլ քաղաքական նշաձողերի․․․

Գործնականում տեղի է ունենում շատ ավելի հետաքրքիր գործընթաց, երբ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին է մղում Հայաստանի համար «ավելին» անելու, իսկ այլ կերպ՝ Ռուսաստանին մղում է Հայաստանի հանդեպ ստանձնած դաշնակցային պարտավորությունների շրջանակ,

միաժամանակ ամենեւին չդնելով այդ շրջանակից Հայաստանը դուրս բերելու խնդիր եւ ավելին՝ շեշտելով, որ Հայաստանն այդ շրջանակում որեւէ խնդիր չի առաջացնում ՆԱՏՕ համար․․․

Բանն այն է, որ Կովկասի հանդեպ ՆԱՏՕ եւ ԱՄՆ ռազմա-քաղաքական աշխուժությունը կառուցվում է շատ ավելի բարդ եւ բազմազան սխեմայով, ելնելով մի կողմից աշխարհքաղաքականության ուրույն «ոճաբանությունից», մրցակցային զինանոցի առավելությունից եւ հարստությունից, ինչպես նաեւ առկա ռեգիոնալ իրողություններից․․․

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թուրքիային հայտնել է, որ պետք է կատարի ընտրություն՝ ՆԱՏՕ, թե ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր: Սակայն հատկանշական է, որ Փենսը չի ասում ՆԱՏՕ եւ Ռուսաստան, այլ ռուսական համակարգեր․․․

ԱՄՆ հրաշալի պատկերացնում է, որ Թուրքիան Ռուսաստան ընտրելու առաջ չէ, Ռուսաստանն է Թուրքիային ընտրելու առաջ, կամ Թուրքիան Ս-400 գնելով ոչ թե Ռուսաստանին է ընտրում, այլ գործնականում գնում է Ռուսաստանը, սկսում է Ռուսաստանը գնելու գործընթաց․․․

Խոշոր հաշվով, դա կասեցնելու առանցքային միջոցը ոչ միայն Թուրքիային «անկախ» խաղի հետեւանքի մասին զգուշացնելն է, այլ նաեւ Կովկասի նկատմամբ ԱՄՆ-ՆԱՏՕ ռազմա-քաղաքական հավակնությունը․․․

Այն Մոսկվային ստիպելու է կանգնեցնել Թուրքիային վաճառվելու գործընթացը, ելնելով դրա անիմաստությունից՝ երբ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ն շոշափելի ներկայացվածություն կունենան Վրաստանում եւ սեւծովյան ավազանում․․․

Դա սկզբունքորեն բերելու է ռուս-ադրբեջանական հարաբերության վերանայման, որովհետեւ Մոսկվան հույս ունի Թուրքիային վաճառվելուց հետո իբրեւ «ՀԴՄ» կտրոն իր մոտ պահել գոնե Ադրբեջանը․․․

Եթե Թուրքիային վաճառվելն այլեւս իմաստ չունի, ապա իմաստազրկվում է նաեւ «կտրոնը»: Ռուսաստանի համար միակ գործնական իմաստավորումը ստանում է Հայաստանը, բայց արդեն ոչ թե իբրեւ «մանրադրամ»՝ ինչպես ավանդաբար, այլ ինչպես հենման կետ եւ ռեգիոնալ դերակատարության որոշակի երաշխիք․․․

Այստեղ առանցքային նշանակություն է ունենալու այն, թե Հայաստանը որքան երկար կարող է պահել սահմանադրական, լեգիտիմ իշխանության համակարգը, քանի որ գործընթացները մեծ հավանականությամբ շատ ավելի տեւական են լինելու, քան նոր խորհրդարանի հնգամյա ժամկետը․․․

Տրվե՞լ «սուլթանին», թե՞ այդուհանդերձ հանձնվել ԱՄՆ «անպատկառ» հավակնությանը, պահպանելով դերը Կովկասում՝ թեկուզ արդեն հայկական սցենարով, եւ պահելով իր հարավային սահմանները Կովկասի հյուսիսում: Ռուսական պետության առաջ դա է խնդիրը, որի լուծման բանալին այժմ Հայաստանի ձեռքում է․․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS