Tert.am-ը գրում է․
Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո այլ վարչապետի թեկնածու առաջադրելու դեպքում մտավախություն ունեմ, որ մենք չենք կարողանալու պատգամավորներին զերծ պահել «Սանիտեկի» աղբարկղերում հայտնվելուց: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Ըստ նրա՝ վարչապետի հրաժարականով ԱԺ-ի լուծարմանը հասնելը ռիսկային է հենց ընդդիմադիր քաղաքական ուժերի համար: «Դրա ցանկությունը ժողովրդի մոտ արդեն շատ մեծ է այս գործելաոճի պատճառով: Իրենք փորձում են կրկին ժողովրդին խաբել, մոլորության մեջ գցել: Մարդիկ կբռնեն, կմտցնեն աղբարկղերի մեջ, չենք կարողանալու այդ մարդկանց զերծ պահել»,- նշեց Ա. Սիմոնյանը:
— ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը երեկ իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ներկա ԱԺ-ն չի խանգարում ներդրումների ներգրավմանը:
«Վերջին լիագումար նիստերում մենք 1-2 ժամում վերջացնում ենք, պառլամենտը օրակարգ չի կարողանում ձևավորել, որովհետև Կառավարությունը օրակարգ չունի, որ պառլամենտին օրենսդրական նախագծեր բերի, որով մենք կկարողանանք պայմաններ ստեղծենք ներդրումների ներգրավման համար: Իսկ ի՞նչ օրենք, նախագիծ է բերել կառավարությունը, որ խորհրդարանը մերժել է»,- ասել էր ԱԺ փոխնախագահը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Մ. Մելքումյանի հայատարարությունը:
— Պարոն Մելքումյանի համար մե՞կ է, թե ժողովուրդն ինչ է ուզում, կա քաղաքական ճգնաժամ: Ենթադրենք մի իրավիճակ է, որ կառավարությունն ինչ օրենք բերում է Ազգային ժողովը վավերացնում է, բայց դա ճիշտ չէ: Այդպիսի իրավիճակ չպետք է լինի, որ Ազգային ժողովը վավերացնի ուղղակի նրա համար, որ չցրվի: Այդ տրամաբանությամբ աշխատող Ազգային ժողով մեզ պետք չէ: Այսինքն՝ պետք է լինի քննարկում, դիմադրություն, բայց իրենք վավերացնում են, որպեսզի այս ամենն ասեն: ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ է, կա Ազգային ժողով, որը սաբոտաժ է անում կառավարությանը: Մենք ընդամենը մի քանի օր առաջ ականատես եղանք, որ երեկոյան, առանց լրագրողներին պատշաճ ձևով տեղյակ պահելու, առանց տեղյակ պահելու հանրությանը, մի օրվա մեջ ձեռքերով ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության օգտին քվեարկեցին: Ճգնաժամը ո՞նց է լինում, սպասենք, որ մի անգամ էլ նման բան անեն: Երկրորդ՝ ԱԺ-ն ներկայացուցչական մարմին է, այնտեղ ներկայացված պատգամավորներն այլևս չեն ներկայացնում ՀՀ հանրությանը:
— Այս մասով ընդդիմադիր պատգամավորների փաստարկը հետևյալն է՝ ԱԺ-ի մոտ հավաքված մարդիկ չեն արտահայտում ամբողջ ժողովրդի կարծիքը:
— Բայց չէ՞ որ մենք Երևանի ավագանու ընտրություններ ունեցանք: Այդ ընտրություններին մասնակցեցին ավելի շատ մարդիկ, քան նախորդ ավագանու ընտրություններին և մենք ստացանք 81.5 տոկոս ձայն: Այսքան մարդ քվեարկեց «Իմ քայլը» դաշինքին, որն առաջ էր քաշել հետևյալը՝ մենք գնում ենք նոր Ազգային ժողովի ընտրությունների, դա է հիմնական հարցը: Սա ռեալ ընտրություն էր, ռեալ ձայներ են, ռեալ պատկեր է: 81 տոկոսից ավելին ասում են՝ այո, մեզ պետք են խորհրդարանական ընտրություններ, քաղաքական պատկերը պետք է փոխվի: Ի վերջո, եթե նույնիսկ ելնենք այն փաստից, որ դա իրականությանը չի համապատասխանում, ապա ինչ խնդիր կա. եկեք ընտրություններ անենք և ԲՀԿ-ն թող հավաքի 50 տոկոս ձայն: Պարոն Մելքումյանը անհանգստանում է, որ ԲՀԿ-ն 7 տոկոսից ավելի ձայն չի հավաքելու:
— Միքայել Մելքումյանը նաև նշել էր, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո պետք է նախապատրաստվել ընտրություններին: «Քաղաքական ուժերը պատրաստ չեն, պետք է հասկանանք ի՞նչ կանոններով ենք գնալու դեկտեմբերի ընտրություններին»,- հայտարարել էր նա: Այստեղ խնդիր չե՞ք տեսնում:
— Ինչին իրենք պետք է պատրաստվեն: Ընդամենը մեկ տարի առաջ են եղել ընտրությունները, իսկ քարոզարշավը քաղաքականության մեջ սկսվում է ընտրությունների հաջորդ օրը:
— Խոսքը նոր կանոններով ընտրություններին գնալու մասին է:
— Եթե Ընտրական օրենսգիրքը փոխվի, փոխվելու է ԱԺ-ի կողմից, լսվելու են իրենց առաջարկները: Եթե փոխվի էլ, այդ ԸՕ-ն լինելու է շատ ավելի պարզեցված, քան այն Ընտրական օրենսգիրքը, որն անցյալ ԱԺ-ն ընդունել է, որից բոլորս մինչև վերջին րոպեն գլուխ չհանեցինք: Կարող ենք չփոխել Ընտրական օրենսգիրքը, եթե իրենց դա պետք է: Եթե իրենց համար նախորդ օրենսգիրքը լավ է, կարող ենք չփոխել, եկեք հին օրենսգրքով գնանք:
— Դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ի՞նչ ճանապարհներ կան: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց բանակցությունների դադարեցման մասին: «Եթե խոսում ենք և իրար ճիշտ չենք հասկանում, ի՞նչ իմաստ ունի խոսակցությունը: Եթե ՀՀԿ-ի օրակարգում չկա դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու օրակարգը, ուրեմն չի մասնակցի»:
— Թող չմասնակցեն, իրենց գործն է: Տարբերակները երկուսն են՝ կամ կբերվի օրենք, որով կնշանակվի սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու առաջարկ, կամ էլ վարչապետը հրաժարական կտա և որևիցե մեկը վարչապետ չի առաջարկի: Եթե որևիցե մեկ վարչապետ առաջարկի, կարծում եմ՝ ժողովուրդն ուղղակի թույլ չի տա, այդ Ազգային ժողովի նիստը տեղի ունենա:
Շարունակությունը՝ այստեղ․
Նյութի աղբյուր՝ Tert.am