«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ առնչվել են 2008թ. մարտի 1-ի ոճրագործությանը, կասկածվում են այդ հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ, հայտնվել են ծանր դրության մեջ: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, այս օրերին ներքին կարգով արգելանք է դրվել մարտի 1-ին հնարավոր առնչություն ունեցող նախկին պաշտոնյաների բանկային հաշիվների վրա, ընդ որում, խոսքը նաեւ օտարերկրյա պետություններում գործող բանկերում նրանց ունեցած հաշիվների մասին է:
Ըստ մեր աղբյուրների` նման իրավիճակում հայտնվածներից մեկն էլ 2008 թվականին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն է, որին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի համաձայն եւ հայտարարել հետախուզում։
Պատահական չէ, որ երեկ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երկրից թալանված եւ արտերկրում հանգրվանած ունեցվածքի նույնականացման եւ վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով խորհրդատվական եւ տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը:
Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, բացի բանկային հաշիվներն արգելափակելուց ՀՀ-ում արեւմտյան մի շարք երկրների դեսպանատներ նախկին այդ պաշտոնյաների անուններն ընդգրկել են «սեւ ցուցակներում»:
Նպատակը մեկն է՝ մերժել նրանց իրենց երկրներ մուտքի վիզա տալը` այդկերպ խափանելով հայկական արդարադատությունից խուսափելու հնարավոր պլանները: Այնպես որ, այս գործը դեռ շատ ջուր է քաշելու»:
Աղբյուր՝ Asekose.am