Նիկոլն ու իր թիմակիցները մտածում են, որ երկար ժամանակով են երկրի ղեկին մնալու. Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը…

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը մաքրվելու է աղբից.
Հայաստանի Հանրապետությունում տարիների ընթացքում ձևավորվել էր կրեմլահպատակ կարգավիճակով և խանական-մաֆիական բնույթով կառավարման համակարգ՝ իր կեղծ սահմանադրությամբ, գրված ու չգրված օրենքներով, կեղծ ու ապօրինի ինստիտուտներով, քրեաօլիգարխիկ վերնախավով: 2018թ. համաժողովրդական խաղաղ ապստամբությամբ տապալվեց պետությունը զավթած այդ համակարգը կառավարող ռեժիմը:
Սակայն դրանից անմիջապես հետո ապստամբությունը գլխավորած քաղաքական թիմը հրաժարվեց հեղափոխությունից, հրաժարվեց պետությունն ու քաղաքացուն ազատագրելուց և անտեսեց մեր ու մյուս այլ առողջ ուժերի ու գործիչների բոլոր հորդորները:
Եվ մինչ օրս էլ հրաժարվում է իրավաքաղաքական գնահատական տալ զավթիչ ու կեղեքիչ այդ համակարգին և նրա գործունեությանը, չի կազմաքանդում այն և պատասխանատվության չի ենթարկում նրա պարագլուխներին: Դրա փոխարեն՝ ամեն գնով պահպանում է կառավարման ապազգային ու հանցավոր այդ համակարգը, սրբացնում է նրա կեղծ սահմանադրությունը, օրենքները, կեղծ ու ապօրինի ինստիտուտները՝ իրեն ու բոլորիս խաբելով, թե ուրիշ ճանապարհ չկա:

Նույնիսկ ապաքաղաքական համարվող այնպիսի երևույթ, ինչպիսին աղբահանություն է, խանական-մաֆիական համակարգում բազմաթիվ թելերով հանգուցված է քաղաքական շահերի հետ: Պատահական չէ, որ ռևանշի ձգտող նախկինները «Սանիթեք»-ի նկատմամբ ունեցած մաֆիոզ լծակների գործադրմամբ նախ աղբահանության սաբոտաժի միջոցով աղբանոցի են վերածել մայրաքաղաքը՝ առաջացնելով ժողովրդի դժգոհության կայուն օջախ, այնուհետև այդ դժգոհության կրակի վրա յուղ են լցնում և փորձում են դրա միջոցով քաղաքական շահաբաժիններ ստանալ և ռևանշի համար հող նախապատրաստել: Եվ այդպես են վարվում ոչ միայն աղբահանության, այլև գրեթե բոլոր բնագավառներում:
Իրենց հերթին՝ իրավապահպան մարմինները, որ մնացել են մաֆիայի անդամ ղեկավարների ենթակայության տակ, իրենց իմիտացիոն աղմուկով խաբում են օրվա իշխանությանը, սաբոտաժ են անում և սպասում են ռևանշի հաղթանակին: Եթե, օրինակ, նույն «Սանիթեք»-ի նկատմամբ լիներ հեղափոխական մոտեցում, եթե անմիջապես բացահայտվեին Երևանի աղբահանությունը նրան վստահելու և այդ գործունեությունն իրականացնելու կոռուպցիոն մեխանիզմներն ու գործողությունները, դրանց հետ կապված անձինք, ապա այդ կազմակերպությունը ոչ միայն ինքը կմաքրվեր, այլև սաբոտաժ անելու փոխարեն մեծ ջանադրությամբ կմաքրեր քաղաքը: Գործող իշխանության նման վարքագիծը, որքան էլ տարօրինակ թվա, միանգամայն հասկանալի է:
Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մտածում են, թե կարող են ատելի նախկինների կամ, ինչպես ասում են՝ սևերի, վերադարձի սպառնալիքի պայմաններում հնարավորինս երկար ժամանակով ընկալվել որպես այլընտրանք չունեցող սպիտակ և մնալ պետության ղեկին: Սև-սպիտակ խաղով պետությունը կազմալուծող ներկաներին և նախկիններին տեղեկացնում ենք, որ իրենց պարզունակ մարտավարությունները ձախողվելու են: Մենք ունենք համբերատար ու ներողամիտ, բայց գիտակից ու հրաբխային ժողովուրդ, որ չի հանդուրժելու իրեն խաբելու կամ իր կամքը ոտնահարելու որևէ ծրագիր:
Մեր երկրում կան նաև ազգային-հեղափոխական ուժեր և գործիչներ, որոնք շարունակում են պետությունն ու քաղաքացուն ազատագրելու պայքարը և կյանքի ցուցմամբ դառնալու են ամբողջական բևեռ: Հայաստանը մաքրվելու է աղբից»:


Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS