Այսօր՝մայիսի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շուշիում մասնակցել է Եռատոնի միջոցառումներին, հանդիպել Բակո Սահակյանի հետ:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Փաշինյանն այնուհետև այցելել է հուշահամալիրի հարևանությամբ գտնվող՝ Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատուն, ծաղիկներ դրել նրանց շիրիմներին` հարգանքի տուրք մատուցելով ազատամարտիկների հիշատակին:
Այնուհետև պաշտոնյաները ծաղիկներ են դրել Շուշիի Տանկ-հուշարձանին, սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Շուշիում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ Փաշինյանը զրուցել է ներկաների հետ և շնորհավորել նրանց տոնական օրվա
առթիվ:
Ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանը միանում է Գագիկ Գինոսյանի «Կարին» համույթի շուրջպարին և պարում նրանց հետ: