Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Լավրովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասին՝ օգոստոսի 17-ին, վարչապետի պաշտոնում 100 օրվա կապակցությամբ: Փաշինյանը հայտարարել է, որ այդ օրը հետաքրքիր զրույց է սպասվում թե՛ անցած հարյուր օրերի, թե՛ առավել ևս ապագայի մասին:

Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի հրավերը հաջորդել էր Հայաստանում երկրորդ նախագահ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդման մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բավականին բազմիմաստ հայտարարությանը, որում նա խոսել էր այն մասին, թե Հայաստանի նոր իշխանությունը հավատարիմ չէ նախորդներին չհետապնդելու հայտարարություններին: Լավրովը ասել էր, թե այդ մասին մտահոգությունը փոխանցում են Հայաստանի նոր ղեկավարներին:

Այդպիսով, Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի հրավերը կամա թե ակամա ստացվում է պատասխան ՌԴ արտգործնախարարի հայտարարությանը, որով Երևանը ցույց կտա իր հանրային մեծ լեգիտիմությունը՝ Ռուսաստանին հիշեցնելու համար, որ գործ ունի Հայաստանում որակապես այլ իշխանության հետ և, ըստ այդմ, պետք է նաև մտածի այդ իշխանության հետ հարաբերությունում նախորդ իշխանության հանդեպ վերաբերմունքի գործիքները մի կողմ դնելու և այլ գործիքներ կիրառելու մասին:

Այս իրավիճակը գնահատվում է որպես հայ-ռուսական լարվածություն, ինչը խորքային առումով, սակայն, ընդամենը պետք է բնորոշել հայ-ռուսական փոխադարձ հարաբերությունների ճշգրտման գործընթաց, որը կարող է լինել և ցավոտ դրսևորումներով, բայց ցավոտ ոչ թե հարաբերության համար ինքնին, այլ ցավոտ, այսպես ասած, նախորդ հարաբերության կամ հարաբերության նախորդ բնույթի համեմատ, որտեղ չկար խնդիրների մասին բաց ու անկեղծ խոսելու համարձակություն: Բայց ինչպե՞ս լուծել խնդիրները, եթե չկա այդ համարձակությունը, և ի՞նչ արժե Հայաստանի թավշյա հեղափոխությունը, եթե այն այդ համարձակությամբ չի օժտելու նոր ու լեգիտիմ իշխանությանը Հայաստանի պետականության համար այնպիսի կարևորագույն, ռազմավարական նշանակության հարցում, ինչպիսին է հայ-ռուսական հարաբերությունը:

Ըստ այդմ՝ ստեղծված իրավիճակի լուծումը անկասկած հակառուսականության և Արևմուտք, թե Ռուսաստան դիլեման վերստին ակտիվացնելու մեջ չէ: Դա կլինի զգայականություն, որը հեռու է լինելու պրակտիկ քաղաքականությունից և ըստ էության լինելու է ծուղակ այդ քաղաքականության համար: Հայաստանի համար հավասարապես կարևոր է հարաբերության խորացումը թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ: Դրանք ըստ էության անհամարժեք հարաբերություններ են, այսինքն՝ այդ հարաբերությունները այնպիսին են, որ մեկը մյուսով փոխարինելի չեն իրենց ամբողջության մեջ: Ըստ այդմ՝ խնդիրները, տվյալ դեպքում՝ հայ-ռուսական հարաբերության տիրույթում, պետք է դրվեն շատ հստակ և առանց շանտաժային տրամաբանության:

Այդ իմաստով Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը կոշտ պատասխան է, բայց ամենևին ոչ շանտաժ, և այդ տեսանկյունից հրավիրելով հանրությանը, թավշյա հեղափոխությունն իրականացրած ժողովրդին հանրահավաք հետաքրքիր զրույցի՝ Նիկոլ Փաշինյանը իրական քաղաքականության ռեժիմում փաստացի «հետաքրքիր զրույցի» է հրավիրում նաև Ռուսաստանին:

Աղբյուր՝ 1in.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS