ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գեղամ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ԵՊՀ դասախոսներից մեկի հետ էի խոսում, ում հանդեպ յուրահատուկ հարգանքով եմ լցված: Դասախոսը որոշ օբյեկտիվ քննադատությունների հետ նշեց նաև՝ ցավալի է, որ ոչ ոք չի բարձրաձայնում տավարի մսի` շուրջ 1000 դրամով թանկանալու մասին: Դասախոսիս խոսքով արդեն երկար ժամանակ է` խանութներում, մասնավորապես Նոր Զովքում, տավարի միսը 3700-3800 դրամ է, ինչը շուրջ 1000 դրամով ավելի է ապրիլ-մայիսի գներից: Փորձեցի մի փոքր հետաքննություն անցկացնել: Մտա Նոր Զովք: Տավարի ամենաէժան միսը (ոսկորոտը) 3780 դրամ էր, փափուկը հասնում էր մինչև 4400 դրամի: Հարցրի՝ ե՞րբվանից է այս խայտառակ գինը, ասացին՝ մոտ երկու ամիս: Մտա ՍԱՍ: Գրեթե նույն պատկերը՝ 3890: Փորձեցի գտնել նորմալ խանութներ, որոնք օլիգարխների սուպերմարկետ չեն, բայց այնքան կայացած են, որ ունեն, օրինակ, մսի բաժին: Տավարի միսը 3200 դրամ էր: Շուրջ 700-800 դրամի տարբերություն էլ գառի մսի մեջ էր սուպերմարկետներից: Այդպես երկրորդ, երրորդ սովորական խանութում: Զանգեցի ցուլ ու կով պահող ծանոթներիս, 2800-3000 դրամ են վաճառում կամ ընդհանուր հանձնում: Այսինքն՝ ինչքան ես եմ հասկանում, որոշ մականունավորների և օլիգարխների սուպերմարկետների ցանցերը հստակ սաբոտաժ են անում կառավարության դեմ՝ գլխի չընկնելով, որ նորմալ հասարակությունում կարժանանային համատարած բոյկոտի առնվազն միս գնելու առումով: Նշյալ սուպերմարկետներից գոնե միսը չգնեք»: