««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը որոշել է`
բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի:
Համենայնդեպս, սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի:
Խնդիրն այն է, որ ավելի քան 15 տարի առաջ ընդունված ու մինչև այսօր գործող օրենքով «անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից՝ բարձրագույն մասնագիտական հիմնական կրթության բակալավրի կրթական ծրագրում
հայոց լեզու և հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են գիտելիքների պարտադիր ստուգմամբ»:
Այս դրույթը նախարարության մշակած նոր նախագծում չկա, ու պարզ չէ, թե ով է որոշել, որ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» մեզ անհրաժեշտ չեն:
Ինչ նպատակ է հետապնդում հայերենը, հայոց պատմությունը կրթօջախներից հեռացնելու այս ձեռնարկը` դժվար է ասել, բայց կռահել, իհարկե, կարելի է:
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը ամերիկահայերի հետ հանդիպմանը դեռևս սեպտեմբերի 23-ին հայտարարեց.
«հարյուրավոր, հազարավոր հայեր, հայ երիտասարդներ Ամերիկայում, ամենուր, որոնք նույնիսկ հայերեն սկսել էին չխոսել,
հեղափոխությունից հետո սկսել են ավելի շատ հետաքրքրվել իրենց հայրենիքով, իրենց ինքնությունով ու իրենց պատմությամբ»:
Այդ ելույթին հաջորդում է հայի ինքնության պահպանման սպառնալիք դարձած օրինագծի կոնկրետ ձևակերպումը. սաբոտա՞ժ է սա, թե՞ պլանավորված քայլ:
Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու,
դոցենտ Էդիկ Գևորգյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել է, որ այս նախագիծը քննարկվել է նաև ԵՊՀ գիտական խորհրդում ու բացասական գնահատականի արժանացել Մայր բուհում:
«Գործող օրենքի այդ ենթակետը պարտադիր պետք է ներառնվի նաև նոր օրենքում»,-պնդեց դոցենտ Գևորգյանը` հավելով,
որ այս նախագծի շուրջ մտավորականների առաջարկությունները ներկայացվել են նախարարությանը, սակայն դեռ արձագանք չկա:
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց նաև ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ,
ով տեղեկացրեց, որ նախագիծը հաշված օրերի ընթացքում կհրապարակվի, և հայերենը իսկապես պետք է հանվի:
«Եթե բուհը ցանկացավ, կներառի այդ առարկաները, պարզապես նախորդ տարբերակում դա օրենքով պարտադրված էր, ինչը հակասում է կրթական ծրագրերի կառուցման,
հիմնական, այսպես ասած, ժամանակակից սկզբունքին»,- տեղեկացրեց նախարարի խորհրդականը:
Ստացվում է՝ «Հայոց լեզուն», «Գրականությունն» ու «Հայոց պատմությունը» «ժամանակակից» առարկաներ չեն, դրա համար այլևս անպիտան են:
Այսպես մինչև ո՞ւր կգնանք, նախարարությունում կա՞ այս մասին գոնե մի մտածող»,-գրում է թերթը: