Ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Հարգելի պարո՛ն Փաշինյան։ Այս նամակ-խնդրանքով դիմում եմ Ձեզ, (խնդրանքս ընդունեք որպես քաղաքավարական ժեստ)։ Դիմում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի ժողովրդի սեր և հարգանք վայելող վարչապետի։ Դիմում եմ Ձեզ՝ որպես հեղափոխական շարժման միջոցով իշխանության եկած վարչապետի։ Հայրս՝ Շանթ Հարությունյանը, 2013թ.-ին դուրս է եկել փողոց՝ արժեքների հեղափոխության՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի բռնատիրական ռեժիմի։ Շանթ Հարությունյանը, ես, և մեր գործով անցնող մեր ընկերները, դատապարտվեցինք ՀՀ քրեական օրենսգրքով՝ խուլիգանություն կատարելու համար։ Այս ամենը պարզ աչքից երևացող քաղաքական հաշվեհարդար էր՝ Շանթ Հարությունյանի քաղաքական պայքարի նկատմամբ։ Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ են ճանաչել հայաստանյան բազմաթիվ իրավապաշտպան կազմակերություններ, քաղաքական կուսակցություններ, մշակութային գործիչներ և առանձին անհատներ։ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է ճանաչվել միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից, ինչպիսիք են՝ Amnesty Internatonal-ը և Human Rights Watch-ը, եվրոպական շատ գործիչներ։ Շանթ Հարությունյանին քաղբանտարկյալ համարում եք հենց դու՛ք, պարո՛ն վարչապետ։ Նա առաջիններից էր, որ թավշյա հեղափոխության հաղթական ավարտից հետո, հենց բանտից բաց նամակով դիմեց հայ հասարակությանը, և հորդորեց 3 ամիս սպասել Ձեր և Ձեր նոր կառավարության բարեփոխումներին և չիրականացնել զանգածային անհնազանդություններ։ Ստացվեց այնպես, որ բոլոր քաղբանտարկյալները ազատության մեջ են։ Եվ ոչ միայն քաղբանտարկյալները։ Այլ նաև՝ երբեմնի քաղբանտարկյալներին դատողները։ Ուստի, պարո՛ն վարչապետ, հույս եմ հայտնում, որ շատ կարճ ժամանակում, կլուծվի հորս՝ արժանապատվությամբ ազատ արձակվելու խնդիրը և ես ու հայրս՝ ինչպես 2013թ.֊ին միասին դուրս եկանք պայքարի, այնպես էլ հիմա՝ միասին ազատորեն արտահայտենք մեր քաղաքական հայացքները։ Նախապես շնորհակալություն։ Հարգանքներով՝ Շահեն Հարությունյան։ |
Շահեն Հարությունյանի նամակ-խնդրանքը` Նիկոլ Փաշինյանին

Աղբյուրը` Շահեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջ