Մեզնից ոչ մեկը կատարյալ չէ, եւ ամեն պահի կարող է սխալվել եւ սխալվում ենք: Բայց շատ կարեւոր է մարդկանց չխաբելը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետի պաշտոնակալման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ կարեւոր է, թե ինչո՞ւ է տեղի ունեցել այդ սխալը. նրա համար, որովհետեւ հակված ենք մարդկնց խաբե՞լ, թե՞ ուղղակի սխալվել ենք, որովհետեւ մարդը սխալական է: Մեր ամենակարեւոր առաքելությունը մարդկանց երբեք չխաբելն է, մարդկանց առջեւ կանգնելու, նրանց աչքերին ուղիղ նայելու իրավունքը չկորցնելն է: Մնացածը տեխնիկական հարցեր են, որոնք կլուծվեն, ավելին, սխալվելուց հետո ներողություն խնդրելու իրավունքը ունենալը, դրա ուժն ունենալը, կարեւորությունը գնահատելը»,-ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենք պետք է երաշխավորեն, որ կառավարությունում, Երեւանի քաղաքապետարանում գողեր չկան, որոնք գողանում են հարկերը. «Ժողովուրդը պետք է վստահ լինի, որ իր տված հարկերը չեն գողանում: Այո, դեռեւս անարդյունավետ օգտագործման դեպքեր կան, դա ճանապարհ է, որ պետք է անցնենք, բայց յուրաքանչյուր քաղաքացի իր վճարած ամեն կոպեկին այնպես պետք է վերաբերվի, ինչպես… ամեն տանը այդպիսի մի դարակ կա, որ բացում, փողը դնում են: Ամեն մարդ պետք է իր վճարած հարկին վերաբերի այնպես, որ դնում է այն իր տան դարակում, որը նախատեսված է ընտանիքի կարիքների համար»,-հայտարարեց Փաշինյանը: