Մայիսի 6-ին այն ժամանակ դեռ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը «Անտարես» հրատարակչության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ իր՝ «Երկրի հակառակ կողմը» վեպը հրատարակելու շուրջ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
«Երբ դեռ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված էր, Արամազդ Ղալամքարյանի հետ նախաձեռնեցինք գրքի ձեւավորումը, հետո արդեն համաներման հարց եղավ, սպասեցինք, որ Նիկոլ Փաշինյանը բանտից դուրս գա եւ ինքը որոշի՝ իր գրքի հետ ինչպես վարվի: Այս տարիների ընթացքում, սակայն, միշտ ցանկություն եմ ունեցել անդրադառնալ այդ գործին: Եվ երբ մեկնարկեց ժողովրդական շարժումը, ես նրան տեղեկացրեցի, որ ցանկանում եմ հրատարակել գիրքը: Այդպիսով՝ ամսի 6-ին հանդիպեցի նրան, եւ ձեռք բերեցինք պայմանավորվածություն»,- պատմեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ դեռեւս փետրվարից Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ սկսել էր խմբագրել գիրքը, սակայն հետո, երբ որոշվել է այն տպագրել, ցանկություն է հայտնել, որ մեկ այլ հմուտ խմբագիր եւս այն աչքի անցկացնի. «Խմբագրական և սրբագրական աշխատանքներն ավարտել ենք։ Տեխնիկական խմբագրման եւ կազմի ձևավորման փուլում ենք։ Կազմի գաղափարը հեղինակինն է։
Այդ լուծումն ինձ շատ է դուր եկել: Արդեն մի քանի երկրներից առաջարկ ենք ստացել թարգմանության համար։ Սկսել ենք անգլերենով եւ ռուսերենով փորձնական թարգմանչական աշխատանքները։ Հիմա սպասում ենք, որ պարոն վարչապետը կես ժամ ազատ ժամանակ ունենա, որպեսզի ստորագրի, եւ գիրքը հանձնենք տպագրության»,-մանրամասնեց պարոն Մարտիրոսյանը:
Նա շեշտեց՝ եթե «Երկրի հակառակ կողմը» վեպը թարգմանվի, այն ճանապարհ կբացի մյուս հայկական գրքերի համար. «Սա առաջին մասսայական պահանջարկն է, երբ աշխարհն ասում է՝ եկեք ձեր Հայաստանում ծնված գիրքը թարգմանենք»,- ասաց նա:
Նշենք, որ վեպը մաս-մաս թողարկվել է «Հայկական ժամանակ»-ում, բայց դեռ չխմբագրված տարբերակով: «Որպես ընթերցող կարող եմ ասել, որ շատ մտքեր, որոնք ծնվել են ընդհատակում, այսօր իրագործվում են: Մենք պարոն Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանակ խոսում էինք այն մասին, որ գրականությունը նախորդում է իրականությանը»,- եզրափակեց պարոն Մարտիրոսյանը:
Աննա Բաբաջանյան