Ո՞ւմ է փնտրում Մոսկվան Երևանում. 1in.am

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան, ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե Մոսկվան կցանկանար, որպեսզի Փաշինյանը խորհրդարանում հակակշիռ ունենար, այսինքն` չունենար բացարձակ մեծամասնություն։

Դուբնովը, առանց մանրամասնելու, ըստ էության բացահայտել է Ռուսաստանի հայաստանյան քաղաքականության բանաձևերից մեկը։

Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում, որպեսզի Ռուսաստանին հայտնի իր հավատարմությունը ու դա երբեմն արտահայտվում է նույնիսկ ոչ այնքան դիվանագիտական ձևակերպումներով, ու այս համատեքստում թվում է՝ Մոսկվային առանձնապես չպետք է անհանգստացներ այն, ինչ կատարվում է Հայաստանի ներքին քաղաքականության մեջ։

Սակայն դա ամենևին էլ այդպես չէ։ Ամբողջովին ռուսական գծի մեջ են եղել նաև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, սակայն նրանց նախագահության շրջանում Մոսկվան Հայաստանում պահել է, այսպես կոչված, ընդդիմություն, որի միջոցով շատ հաճախ խմբագրել է իշխանությունների քաղաքականությունը ՝ այն դարձնելով ավելի վերահսկելի։ Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի ընդդիմության դերում հանդես եկող «Արդարություն» դաշինքը՝ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ, ամենևին չէր թաքցնում իր ռուսական կողմնորոշումը, իսկ երբ այդ դաշինքին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը տարբերվող տեսակետներ հնչեցրեց, Մոսկվայի գործուն միջամտությամբ անմիջապես «պայթեցրեցին» այդ «վտանգավոր» ուժին՝ այն բաժանելով երկու մասի։

Սերժ Սարգսյանի գլխավոր ընդդիմությունը, այսպես կոչված, Եռյակ/Քառյակն էր, որը, ըստ էության, ապահովեց Հայաստանի անդառնալի եվրասիականացումը։

Նույն տրամաբանությամբ Ռուսաստանը ցանկանում է աշխատել Փաշինյանի իշխանության հետ, առավել ևս, երբ, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, Մոսկվայում Փաշինյանին չվստահելու օբյեկտիվ հիմքեր ունեն։ Օրինակ՝ Հայաստանի վարչապետն ունի լեգիտիմության բարձր մակարդակ, ինչը նրան թույլ է տալիս իրականացնել ավելի անկաշկանդ արտաքին քաղաքականություն, էլ չենք ասում այն մասին, որ երկրում իրականացվող հակակոռուպցիոն ու հակամենաշնորհային քաղաքականությունը վերացնում է ռուսական ազդեցության ստվերային մեխանիզմները։

Արտահերթ ընտրությունները հարուցել են Մոսկվայի անսքող մտահոգությունը։ Երբ հյուսիսից մենք լսում են մտահոգություններ քաղաքական կամ իշխանության մենաշնորհի մասին, իհարկե՝ այնքան միամիտ չենք, որ կարծենք, թե Մոսկվայում մտահոգված են հայկական դեմոկրատիայի ճակատագրով։ Պարզապես Հայաստանում արտահերթ ընտրություններով չեղարկվում է երկբևեռ քաղաքական համակարգը, ինչի շնորհիվ Ռուսաստանը շուրջ երկու տասնամյակ տոտալ վերահսկողության տակ է պահել Հայաստանի քաղաքական կյանքը։ Նիկոլ Փաշինյանի թիմի բացարձակ հաղթանակը Հայաստանը ռուսների համար դարձնում է անկանխատեսելի․ մեր երկիրը ստանում է անկախության այնպիսի մակարդակ, ինչը թույլ չի տա, որպեսզի Ռուսաստանն ուղղակիորեն ազդի Երևանի քաղաքականության, որոշումների վրա։

Մոսկվայի բոլոր հենարանները, ըստ էության, «դուրս գրված» վիճակում են։ Հաջորդ խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, չի լինի ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն օբյեկտիվորեն պիտանի չէ հակակշռի դեր ստանձնելուն, մանավանդ որ այս կուսակցության քաղաքական հեռանկարը պատված է մշուշով։

Ռոբերտ Քոչարյանը կարող էր դառնալ երկբևեռ համակարգի առանցք, սակայն երկրորդ նախագահը Հայաստանում չունի քաղաքական, հանրային հենարան ու լավագույն դեպքում կարող է օգտակար լինել Ռուսաստանի մեծ ու փոքր սադրանքների համար, որոնց կազմակերպումը հիմա չափազանց ռիսկային է․ Մոսկվան հազիվ թե կարողանա նոր Հոկտեմբերի 27 մարսել։

Նման իրավիճակում Մոսկվայում համառորեն փնտրում են այն մարդկանց, ուժերին, որոնց մեջ կարող են տեսնել պոտենցիալ դաշնակիցներ։ Դրանով են պայմանավորված Ռուսաստանի Պետդումայի էմիսարների վերջին այցելությունները Հայաստան ու նաև Արմեն Սարգսյանի մոսկովյան հանդիպումները Սերգեյ Լավրովի հետ։

Դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները խիստ կարևոր նշանակություն ունեն ոչ միայն ներքաղաքական իմաստով, այլ նաև Հայաստանի ու միջազգային գործընկերների հարաբերությունների հստակեցման առումով։ Մասնավորապես՝ դրանք կարող են էական նշանակություն ունենալ հայ-ռուսական հարաբերութուներում։ Ցավոք, առայժմ այս ուղղությամբ ավելի շատ տեսանելի են անորոշության ու ռիսկերի, քան՝ կայունացման միտումներ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS