Հայաստանում «խելացի դրամապանակ» ստեղծողները երկու տարվա ընթացքում միլիոններ են աշխատել և հայտնի դարձել ամբողջ աշխարհում։ Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է MillionaireMatch պարբերականի հոդվածը, որում ներկայացված է Նարեկ Վարդանյանի հետ հարցազրույցը։ Վարդանյանը Volterman-ը (դրամապանակ, որն անհնար է կորցնել) ստեղծած հայ ինժեներների ընկերության ղեկավարն է։
Դեռ մեկ տարի առաջ Հայաստանում բոլորը զարմացել էին այս նորամուծությունից` դրամապանակն ու բջջային հեռախոսը անբաժան կապված են միմյանց հետ և նույնիսկ «ազդանշան են» արձակում, եթե դրանցից մեկը կորչում է։
Բանն այն է, որ հայ մշակողները որոշել են մարդկանց մեկընդմիշտ ազատել դրամապանակը կամ հեռախոսը կորցնելու արդիական խնդրից։ Եթե հանկարծ կորցնեք Volterman «խելացի դրամապանակը», որոշ ժամանակ անց սկսում է գործել Bluetooth alarm ֆունկցիան և տիրոջը հասկացնում, որ դրամապանակը չկա։
Ավելին, գործում է նաև ներդրված տեսախցիկի ֆունկցիան։ Եթե գողը կամ նա, ով գտել է դրամապանակը, բացի այն, տեսախցիկն անմիջապես կլուսանկարի և սմարթֆոնին կուղարկի լուսանկարը։ «Խելացի դրամապանակն» անմիջապես գնելու ցանկություն հայտնողների թիվը հասավ 2500-ի, թեև վաճառքների պաշտոնական մեկնարկը նախանշված էր 2017 թվականի դեկտեմբերին։ Հայ մասնագետների զարմանալի մշակումը հետաքրքրել է նաև համաշխարհային ազդեցիկ պարբերականներին։
«Երբևիցե որևէ կարևոր բան կորցրե՞լ եք։ Համոզված եմ, որ շատ եք ուզել փոքրիկ փերին ցույց տա ձեր կորցրածի տեղը։ Այժմ դուք կարող են նման բան ունենալ։ Հայ ինժեներների թիմը ստեղծել է մի դրամապանակ, որը հնարավոր չէ կորցնել։
Volterman-ը ոչ միայն հետևելու համակարգ ունի, այլևը նախազգուշացնելու է ձեզ, եթե դուք հանկարծ տանից դուրս գաք առանց դրամապանակի։ Արդեն ավելի քան 12000 մարդ գրանցվել են Volterman դրամապանակը ստանալու համար, և մենք կարծում ենք, որ սա մեծ հաջողություն է։ Բացի այն, որ Volterman-ի թիմը գրավել է համընդհանուր ուշադրությունը, այն նաև ավելի քան 1.8 մլն դոլար է վաստակել», — նշում է հոդվածի հեղինակ Ջորեսա Բլաունթը և ներկայացնում ընկերության տնօրեն Նարեկ Վարդանյանի հետ հարցազրույցը։
Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես ծնվեց նման դրամապանակ ստեղծելու գաղափարը, պատմել է, որ ամեն ինչ սկսվեց, երբ գյուտարար Ազատ Թովմասյանը կորցրեց իր դրամապանակը։ Նա էլ հենց տվեց այդ միտքը` ստեղծել դրամապանակ, որը երբեք չի կորչի։ Նախագծի աշխատանքները սկսել են իրականացնել 2 տարի առաջ։
Նարեկն ասել է, որ ինքը խորհրդատու է և մի շարք ընկերությունների օգնել է գումար աշխատել։ Երբ Ազատը պատմել է իր գաղափարի մասին, սկսել են մարքեթինգային ուսումնասիրություններ անել և որոշել են այնպիսի ֆունկցիաներ կիրառել, որ դրամապանակն իսկապես լավը լինի։
«Շատ որակյալ դրամապանակ է։ Դրա օգնությամբ կարող եք նույնիսկ մինչև 100% լիցքավորել ձեր հեռախոսը ճանապարհին։ Այն համալրված է Bluetooth ազդանշանային համակարգով։ Եթե ձեր հեռախոսը մոռանաք, դրամապանակը կզգուշացնի ձեզ, և հակառակը։ Ձեր հեռախոսը ազդանշան է ուղարկելու ձեզ, եթե մոռանաք ձեր դրամապանակը։ Այն նաև GPS համակարգ ունի։ Եթե ձեր դրամապանակը գողացել են, դուք կկարողանաք հետևել իրական ժամանակի ռեժիմում։ Աշխարհի ցանկացած ծայրում դուք կարող եք տեսնել, թե այն որտեղ է գտնվում։
Գողանալ հնարավոր չէ։ Եվս մեկ առանձնահատկություն ունի` տեսախցիկը։ Երբ դրամապանակը հասկանում է, որ կորել է, այս փոքր տեսախցիկը լուսանկարում է գողին, հենց որ նա բացում է դրամապանակը, լուսանկարն էլ ուղարկում է ձեր հեռախոսին։ Վերջին առանձնահատկությունը գլոբալ Wi-Fi-ն է։ Դրամապանակը կարող է համացանցի հասանելիություն ապահովել ձեզ համար աշխարհի ցանկացած ծայրում ամենամատչելի սակագներով` ուղևորության ընթացքում ռոումինգի համար վճարելու փոխարեն», — պատմել է Նարեկը։
Աղբյուր՝ armeniasputnik.am