«Այսօր հրամցվում է մի նախագիծ՝ փոփոխություն ԱԺ կանոնադրության մեջ, որը որոշակի հիմքերի դեպքում վարչապետ չընտրելու նիստը համարելու է չկայացած»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:
Գործող Սահմանադրությամբ՝ վարչապետի հրաժարականի դեպքում 7-օրյա ժամկետում խմբակցությունները կարող են թեկնածուներ առաջադրել: Եթե վարչապետ չի ընտրվում, չկան առաջադրումներ և այլն, ապա քվեարկությունից 7 օր անց անց են կացվում վարչապետի նոր ընտրություններ, ու եթե 2-րդ անգամ վարչապետ չի ընտրվում, Աժ-ն արձակվում է: «Բերված փոփոխությամբ ասվում է՝ եթե արտակարգ իրավիճակներ լինեն, կամ սպառնալիքի միջոցով խոչընդոտվի պատգամավորների մասնակցությունը նիստին, ԱԺ նախագահը կարող է հայտարարել, որ նիստը ընդհատված է ու չհաշվել որպես չկայացած նիստ… Որտե՞ղ է ՀՀԿ-ի վախը: Որ եթե հանկարծ վարչապետի հրաժարականի դեպքում քաղաքացիները հավաքվեն Աժ-ի մոտ ու թույլ չտան, որ պատգամավորները մասնակցեն նոր վարչապետ ընտրելու նիստին, այդ նիստը չհամարվի չկայացած, քանի որ 2 անգամ շարունակ չկայացածի դեպքում, Աժ-ն կլուծարվի»,- հավելեց Նազարյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները նախաձեռնել են Արփինե Հովհաննիսյանն ու «Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը: