Ո՞ր մեթոդներն են իսկապես արդյունավետ կորոնավիրուսից պաշտպանվելու համար, եւ կարո՞ղ է արդյոք օգնել խունկը կամ սխտորը
Blognews.am-ը գրում է․ Այսօր կարելի է բազմաթիվ խորհուրդներ լսել կորոնավիրուսից պաշտպանվելու մեթոդների մասին:Հայաստանում առաջին դեպքը հայտնաբերելուց հետո նման խորհուրդներն էլ ավելի շատ են դարձել` բժշկական դիմակներ անընդհատ կրելուց մինչեւ սխտորի եւ խունկի օգտագործում: Հիմնական խնդիրն այն է, որ իրականում այդ մեթոդներից ոչ բոլորն են արդյունավետ:
Եկեք տեսնենք` կորոնավիրուսից պաշտպանվելու որ մեթոդներն են իսկապես արդյունավետ եւ գիտական հիմնավորում ունեն: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսից պաշտպանության հետեւյալ գործողություններն է խորհուրդ տալիս.
Հաճախ լվացեք ձեր ձեռքերը
Ձեռքերի հիգիենան շատ կարեւոր է, քանի որ շատ հաճախ կորոնավիրուսի նման վիրուսները փոխանցվում են ձեռքերի միջոցով, եթե դրանցով դիպչում ենք դեմքին: Ձեռքերը պետք է պարբերաբար լվանալ հոսող ջրի տակ օճառով կամ հատուկ գելեր օգտագործել, որոնք ալկոհոլ են պարունակում:
Հեռավորություն պահպանեք
Անհրաժեշտ է առնվազն 1 մետր դիստանցիա պահպանել այն մարդուց, ով փռշտում եւ հազում է: Կորոնավիրուսը տարածվում է փոքր կաթիլներով, որոնք արտադրվում են հիվանդի քթից եւ բերանից, երբ նա հազում կամ փռշտում է: Եթե այդ կաթիլները մտնում են մեկ այլ մարդու օրգանիզմ, նա կարող է վարակվել։
Չկպչել աչքերին, քթին եւ բերանին
Ձեռքերը շատ մակերեսների են դիպչում, ուստի դրանց վրա կարելի է բազմաթիվ վիրուսներ գտնել: Կեղտոտ ձեռքերով դիպչելով աչքերին, քթին, բերանին` մենք հեշտացնում ենք այս բոլոր վիրուսների ներթափանցումը մեր օրգանիզմ:
Մի մոռացեք շնչառական հիգիենայի կարևորության մասին
Եթե փռշտում եք կամ հազում եք, փակեք ձեր քիթը եւ բերանը թեքած արմունկով (ոչ թե ձեռքի ափով) կամ անձեռոցիկ օգտագործեք:
Ախտանիշների դեպքում դիմեք բժշկի
Եթե ջերմություն, հազ, շնչառական դժվարություններ ունեք, խորհրդակցեք բժշկի հետ. մի ակնկալեք, որ ամեն ինչ ինքնաբերաբար կանցնի:
Այլ խորհուրդներ
Շատ երկրներում անիմաստ է բժշկական դիմակներ կրել կորոնավիրուսից պաշտպանվելու համար, հատկապես փողոցում: Սովորական դիմակներն անհրաժեշտ պաշտպանություն չեն ապահովում, բացի այդ՝ դրանք պետք է հաճախ փոխել, ինչը շատերը չեն անում:
Իսկ խունկը, ի հեճուկս ժողովրդական համոզմունքի, օդը չի ախտահանում, այլ, հակառակը, աղտոտում է այն` ավելացնելով շնչառական համակարգի հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը: