Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղը չարի թագավորության մայրաքաղաքում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Երկու առաջնորդները սեփական երկրներում և աշխարհում միմյանցից խիստ տարբերվող դիրքերում են։
Եթե վարչապետ Փաշինյանն իր երկրում հարգված ու ընդունված, լեգիտիմ առաջնորդ է, ապա նախագահ Պուտինը համարվում է աշխարհի ամենաանարգված ու ատելի բռնապետերից մեկը, որը հաճախ է հայտնվում խայտառակ սկանդալների կիզակետում։ Օրեր առաջ 10 տարվա լռությունից հետո, խախտելով էթիկայի տարրական կանոնները, ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորեց Հայաստանում մեղադրյալի կարգավիճակ ունեցող, մի շարք հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող ու հայ ժողովրդի կողմից արհամարհված Ռ. Քոչարյանին, որը հանցագործին սատարելու յուրահատուկ ակցիա էր։
Երկու օր առաջ էլ բրիտանական իշխանություններն անհերքելի ապացույցներ հրապարակեցին` ապացուցելով, որ հայր ու դուստր Սկրիպալները թունավորվել են Կրեմլի գործակալների ձեռքով։ Այս ամենից հետո Պուտինը թիկունք կանգնեց մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալի` ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին` ՌԴ տարածքում չեղյալ հայտարարելու նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը։ Դրանով Պուտինը մեկ ավելորդ անգամ բացահայտեց, որ մարտի 1-ի սպանդն իրականացվել է իր պատվերով և անմիջական հովանավորությամբ։
Եթե Պուտինը մտածում է, որ այսպես անպատիժ ու ցինիկ ձևով խառնվելու է այլ երկրների ներքին գործերին ու անպատիժ է մնալու, ապա չարաչար սխալվում է։ Գալու է այն սպասված օրը, երբ նա Հաագայի միջազգային քրեական դատարանում իր մյուս հանցագործություններից բացի, պատասխան է տալու նաև մարտի 1-ի և տարիներ շարունակ հայ ժողովրդին` իր դրածոների կողմից դաժանորեն թալանելու համար։
Վարչապետ ջան, պինդ կաց` քո գործն արդար է»։