<<Իմ և Վլադիմիր Պուտինի հարաբերությունները բացարձակ անկեղծ են եղել>> Ռ. Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտի» հետ զրույցում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընկերության մասին:

— Վլադիմիր Պուտինի հետ Ձեր ընկերությունը հայտնի փաստ է: Դուք այն քիչ մարդկանցից եք, որոնց հետ նա իսկապես մտերիմ հարաբերություններ ունի: Այդ մարդկանց թվում են Սիլվիո Բեռլուսկոնին, Գերհարդ Շրյոդերը և Դուք: ՌԴ նախագահը օգոստոսի 31-ին անձամբ շնորհավորեց Ձեր ծննդյան տարեդարձը: Շատերը դա աջակցություն համարեցին:

— Իմ նախագահության 8 տարիների և Վլադիմիր Պուտինի նախագահության ժամանակ մենք համագործակցել ենք: Հարաբերությունները բացարձակ անկեղծ են եղել, արդյունքները՝ ապշեցնող: Հայաստանում գրեթե չկային ռուսական ներդրումներ: Այժմ, տեսեք, քանի ռուսական ընկերություն մտավ հայկական շուկա: Լուրջ, խոշոր, հետաքրքիր ընկերություններ: Ես արդեն չեմ խոսում ռազմատեխնիկական հարաբերությունների մասին: Մենք երբեք միմյանց չենք խաբել: Մեր շփումները շարունակվում են նաև իմ նախագահությունից հետո: Մեր հանդիպումները, զրույցները երբեք չեն սահմանափակվել Հայաստանի իրավիճակով, մենք անդրադարձել ենք հարցերի լայն շրջանակի:

— Ի՞նչն է ընկած երկու պետությունների ղեկավարների ընկերության հիմքում: Ինչ որ հայացքնե՞ր կամ անցած ուղի՞, որը մոտեցնում է մարդկանց: Ձեր դեպքում ի՞նչն է:

— Դա քիմիա է, որը չես բացատարի: Դա կարող է լինել և՛ անցած ուղին, և՛ փոխադարձ համակրանքը: Չեմ կարծում, որ կա կոնկրետ գործոն:

— 1999թ. հոկտեմբերին 30-ին Վլադիմիր Պուտինը ժամանեց Երևան, որտեղ ահաբեկչություն էր տեղի ունեցել խորհրդարանում: Դուք այդ ժամանակ անձամբ բանակցություններ վարեցիք ահաբեկիչների հետ: Այդ ժամանակ Պուտինի հետ Ձեր առաջի՞ն շփումն էր:

— Առաջին շփումն էր: Չեմ կարող ասել, որ առաջին շփումից ընկերություն սկսվեց: «Ընկեր» հասկացությանը լուրջ եմ վերաբերվում: Դա կառուցվում է տարիներով: Եվ նաև չեմ կարծում, որ մարդ կարող է ունենալ հարյուր ընկեր:

— Կարո՞ղ եք վերցնել հեռախոսն ու զանգել Պուտինին: Նրա ծննդյան տարեդարձը հոկտեմբերին է:

— Տեխնիկապես դժվար է: Հաճախ եմ լինում Մոսկվայում և օգտագործում եմ այդ հնարավորությունը:

— Այժմ Դուք չեք կարող բացակայել երկրից և ներկա չեք լինի նրա ծննդյան տարեդարձին:

— Դա ակնհայտ խնդիր է: Բացարձակ անօրինական է: Սակայն չեմ հուսահատվում: Ինչը մեզ չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS