«Լրագրողներն ու վերլուծաբանները միանշանակ ճիշտ են, որ այդքան մեծ ուշադրություն են դարձնում Կապանի ընտրություններին, բայց նրանք սխալվում են մեծապես, երբ տեղի ունեցածը կապում են Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հետ:
Ընդհակառակը, Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումն էր կապված Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ կառավարության համոզմունքի և ստացված տեղեկատվության հետ»,- Աժ այսօրվա իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Իմ համոզմունքը հետևյալն է. Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր, ովքեր մտածում են, թե իրենք ավելի հզոր են ու կարող, քան պետական ժողովրդական իշխանությունը:
Սյունիքում պետական իշխանությունը պետք է այլընտրանք չունենա, Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի և աներկբա պետական, ժողովրդական իշխանություն, ու սա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ ազգային անվտանգության կարևորագույն հիմնահարց, որի մի շարք պարամետրերի անդրադարձել եմ հոկտեմբերի 19-ին Կապանում ունեցած ելույթում: Եվ հինգ ամիսների ընթացքում ձևավորված իմ աներկբա համոզմունքն է, որ այս խնդիրը կկարողանա լուծել միայն ու միայն կառավարման մեծ փորձ, քաղաքական հին համակարգի գործունեության բոլոր մանրամասներին և նրբություններին ծանոթ այնպիսի մի մարզպետ, ով կկարողանա կասեցնել նաև իրավապահ համակարգի նկատմամբ հին տնտեսական և քրեական էլիտայի ազդցեությունը:
Ինչպես ասում են, սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պիտի հանես: Ահա հենց սա էր Հայաստանի ոստիկանության պետի երկարամյա տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման պատճառը, և այդ որոշման հիմնական պատճառը ոչ թե Սյունիքում նոր դիկտատուրա հաստատելն է, այլ Սյունիքի հպարտ քաղաքացիների ազատությունների և իրավունքների երաշխավորումը, որը պարզապես անհնար կլինի առանց քրեական էլիտայի, առանց տնտեսական էլիտայի անառողջ ազդեցությունները չեզոքացնելու: Եվ դա մի խնդիր է, որ լուծելու ենք հստակ, վճռական և անառարկելիորեն»,- հավելեց Փաշինյանը: