«Ավո ՖՄՀ» ընկերությունը պատկանում է սիրիահայ Ավետիս Կարագուլյանին, նրան է պատկանում նաեւ Աբովյան-Արամի փողոցներին հարող եւ դրանցով պարփակված ամբողջ տարածքը, որի նկատմամբ կառավարությունը երեք անգամ հանրային գերակա շահ ճանաչելու որոշում է ընդունել։
Ինչո՞ւ երեք։ Որովհետեւ Ավետիս Կարագուլյանը չի կարողացել օրենքով սահմանված ժամկետում իրացնել տարածքը, հյուրանոց կառուցել այնտեղ, ինչպես ծրագրում էր, եւ Հայաստանի կառավարիչները՝ Սերժ Սարգսյանը եւ նրա վարչապետները, նորից ու նորից «կրկնել» են կառավարության նույն որոշումը, ընդ որում՝ նույն հիմքով։ Սերժ Սարգսյանին, ավելի ճիշտ՝ նրա եղբորը պետք է եղել, որ Երեւանի սիրտը՝ Աբովյան փողոցի կենտրոնական հատվածը, կառուցապատի հենց սիրիահայ Ավետիս Կարագուլյանի «Ավո ՖՄՀ» ընկերությունը։ Ահա ինչու կառավարությունը նորանոր որոշումներ է ընդունել նույն տարածքը բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ՝ աչք փակելով ժամկետների խախտումների վրա, ներելով կառուցապատողի խախտումները եւ նոր ժամկետ տալով նրան։ Ինչո՞ւ։
Վաղուց, շատ վաղուց խոսակցություններ են տարածված, որ սիրիահայ Կարագուլյանին Սիրիայից Հայաստան է բերել Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանը, որը ժամանակին Սիրիայում դեսպան էր, իսկ այժմ մեղադրյալի կարգավիճակ ունի եւ կասկածվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ։ Նրա հովանավորության շնորհիվ Կարագուլյանին հինգ տարին մեկ նոր «քարտ բլանշ» էր տրվում։ Վերջին «քարտ բլանշը» 2017 թվականին է տրվել՝ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից։ Այս որոշման մեջ կրկնվել է նախորդի հիմնավորումը․ «Նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երեւանի կենտրոնից կվերանա կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, տարերայնորեն տեղակայված, ոչ բավարար խտությամբ եւ հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը, որի փոխարեն պետք է կառուցվի բազմաֆունկցիոնալ կառույց եւ ստորգետնյա ավտոկայանատեղի: Ամբողջ տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, ինչպես նաեւ հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները, եւ ստեղծվելու է ներթաղամասային կանոնակարգված ճանապարհային ցանց»։
Բայց բազմաֆունկցիոնալ կառույցը ոչ մի կերպ չէր գոյանում։ Պետական մակարդակով դրսեւորված այս հովանավորչության արդյունքում Երեւանի կենտրոնական փողոցներից մեկը՝ Արամի փողոցը, վերածվել է մշտական շինհրապարակի, քաղաքացիները զրկվում էին սեփականության իրավունքից եւ վտարվում տարածքից։ Մարդիկ տարիներ շարունակ, թողնելով իրենց բանուգործը, դատվում էին ու սնանկանում, ինչպես Աբովյան փողոցի 4/6 հասցեի նախկին բնակիչ Ալբերտ Բաբաջանյանը, որը դատի էր տվել «Ավո ՖՄՀ» ՍՊԸ տնօրեն Ավետիս Կարագուլյանին՝ իրացված տան դիմաց փոխհատուցումը չտալու համար։ Ինչպես գործարար, «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը։ Երեւանցիներից շատերն են հիշում 2011 թվականի օգոստոսի 22-ի առավոտը, երբ «Միլանո» խանութի շենքը հողին հավասարեցրին՝ փլատակների տակ թողնելով Ղուկասյանի մոտ 100 հազար դոլարի հասնող գույքը։ «Ավո ՖՄՀ» ՍՊ ընկերության տնօրեն Ավետիս Կարագուլյանը հրաժարվել էր համարժեք փոխհատուցում տալ Ղուկասյանին՝ տվյալ տարածքում իրենց ունեցած սեփականության դիմաց, եւ առաջարկել էր չնչին գումար։ Այս գործը ներկայումս ՄԻԵԴ-ում է։ Իհարկե, այս հատվածում նաեւ այլ անհաջողակ կառուցապատողներ կան, որոնք սկսել են ու ինչ-ինչ պատճառներով կիսատ թողել շենքերը՝ այլանդակելով Աբովյան փողոցը։ Մենք դրանց դեռ առանձին կանդրադառնանք։
Վերադառնանք մեր սիրիահայ հերոսին։ Ի փառս նրա, պետք է ընդունել, որ երբեմն հարցերը լուծվել են նաեւ ջենթլմենության տիրույթում։ «Լիլիթ» խանութի սեփականատեր Աշոտ Թադեւոսյանին 90-ականներից պատկանող «Լիլիթ» խանութը, որը գիտի կենտրոնի ամեն բնակիչ, ընկալվում է որպես երեւանցու կամքի խորհրդանիշ։ Երեւանցիները դրա կողքով անցնելիս հպարտությամբ են նկատում, որ դրա տերը չի հանձնվել կառուցապատողի արշավանքին, պահել է երեւանյան կոլորիտի մաս կազմող իր սեփականությունը։ «Լիլիթի» տերը՝ Աշոտ Թադեւոսյանը, վստահեցնում է, որ ոչ մի պայքար կամ դիմադրություն չի եղել։ Պարզապես իր՝ «քաղաքի տղա» լինելու հանգամանքը, կապերն ու ինչ-ինչ ազդեցությունները գործի դնելով՝ հասել է նրան, որ Կարագուլյանը խոստացել է «Լիլիթ»-ին ձեռք չտալ ու պահել է խոստումը։ «Երկու անգամ կառավարության որոշումներ ընդունվեցին տարածքի նկատմամբ բացառիկ, գերակա հանրային շահ ճանաչելու մասին։ Երբ երկրորդ որոշման ժամկետն էլ անցավ, ես արդեն սեփականաշնորհեցի նաեւ հողը, բայց անցյալ տարի նոր որոշում ընդունվեց, փաստացի իմ դեմ»,- ասում է Թադեւոսյանը, քանի որ նա միակն է տարածքում սեփականություն ունեցողներից, որոնք դեռ չեն վտարվել։ Այս եզրահանգմանը Թադեւոսյանը եկել է՝ կարդալով Կարեն Կարապետյանի կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 638-Ն որոշման հինգերորդ կետը, որում գրված է․ «Առաջարկել Երեւանի քաղաքապետին սույն որոշմամբ նախատեսված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում օտարվող սեփականության սեփականատերերի կամ այլ իրավունքներ ունեցողների եւ սույն որոշման հավելվածներում նշված տարածքը ձեռք բերողի միջեւ կնքված պայմանագրերում ապահովել՝ որպես տարածքի փոխհատուցման ձեւ, ապագայում կառուցվելիք շենքից բնակարանների եւ այլ տարածքների տրամադրման բացառումը»։
Այլ կերպ ասած՝ տարածքի սեփականատերը պետք է համաձայնի այն գրոշներին, որոնք իրեն կառաջարկվեն որպես փոխհատուցում։ Կառուցվող շենքերից բնակարաններ կամ բիզնես-տարածքներ նրան չեն կարող առաջարկվել։ «Այս կետով նրանք բացառում են, որ ես տարածք ստանամ այստեղից։ Սրանով լավություն են արել կառուցապատողին ու նրա հովանավորներին, թույլ է տրվել ժողովրդից խլել ամեն ինչ։ Ես 33 տարի այդտեղ աշխատել եմ, հարյուր հազարավոր դոլարների հարկեր եմ վճարել պետությանը եւ հիմա պետք է տամ իրենց ու հեռանա՞մ։ Ինչպե՞ս»,- ասում է Աշոտ Թադեւոսյանը։
Ավետիս Կարագուլյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով, որ սիրով դա կանի, եթե խորհրդակցի իր փաստաբանի հետ։ Նա նշեց, որ շինարարությունը չի կարողացել իրականացնել, քանի որ իրենից ոմանք տարածք են խլել, կան քրեական գործեր, որոնք դեռ ընթացքի մեջ են։ «Լիլիթ» խանութի վերաբերյալ էլ հայտնեց․ «Ուշ կամ կանուխ պիտի քանդեմ, անկարելի է ձգեմ։ Ծախու բան չունեմ այնտեղ, պիտի շինեմ ինձի համար»։ Այս տարածքում սիրիահայը պատրաստվում է «օթել» կառուցել։ Տարածքի սեփականատիրոջը նա փոխհատուցում է պատրաստվում տրամադրել շուկայական արժեքներով։ Բայց այդ տեղում բիզնես տարածքի 1 քմ-ն արժե 10 հազար դոլար, ինչպե՞ս եք հաշվարկելու։ Մեր այս հարցին Կարագուլյանը պատասխանեց․ «Ես էլ 20 հազար կասեմ։ Բայց շիտա՞կ է արդյոք, տեսականն ուրիշ է, գործնականն ուրիշ է»։ Նման դիրքորոշման դեպքում նոր դատական հայտն անխուսափելի է։
ՀԳ. Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Կարագուլյանը, այնուամենայնիվ, ինքը չի պատրաստվում կառուցել հյուրանոց, այլ տարածքը վաճառելու է մեկ այլ անձի։ Անգամ հայտարարել է, որ այս կտորի համար 20 գնորդ կա, բնականաբար՝ կվաճառի ամենաբարձր գին առաջարկողին։ Եվ այս եղանակով Սիրիայից ժամանած բիզնեսմենը, հովանավորվելով նախկին իշխանությունների կողմից, տնօրինել եւ տնօրինում է Երեւան քաղաքի ամենաթանկ՝ կենտրոնական հատվածը եւ միլիոններ աշխատում։ Արդյոք ժամանակը չէ՞, որ նոր իշխանությունն անդրադառնա այս որոշումներին եւ դրանք չեղյալ համարի։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ