Իսրայելի ոստիկանությունը կալանավորել է 40 բժիշկների, ստաժորների ու դեղագործների, որոնց կասկածում է աշխատանքի ընդունվելիս կեղծ դիպլոմներ ներկայացնելու համար:
Հաղորդվում է, որ կեղծ դիպլոմները նրանք ձեռք են բերել հայկական բուհերում, գրում են իսրայելական ԶԼՄ-ները: Ձերբակալութեան ակցիան ոստիկանության կողմից ստացել է «Սպանելու վկայական» անունը:
Հետաքննությունն սկսվել է, երբ պացիենտներից մեկը առողջապահության նախարարություն անանուն բողոք է հղել՝ իրեն բուժող բժշկի մասնագիտական հմտությունները կասկածի տակ դնելով:
Երկար ժամանակ հետաքննությունը գաղտնի է պահվել և միայն այն ժամանակ, երբ ոստիկանության ձեռքի տակ եղել են բավարար ապացույցներ, կասկածյալները, որոնց մեծ մասն արաբներ են, կալանավորվել են: Կասկածյալները սովորել են Հայաստանի տարբեր բուհերում՝ «Սուրբ Թերեզա», «Մխիթար Գոշ», «Հայբուսակ»: Խաբեբայի օգնությամբ նրանք ընդունվել են այդ բուհեր, կարճ ժամանակ այնտեղ սովորել, ապա ստացել դիպլոմ՝ կրթության ավարտի մասին:
Կասկածյալների տներում խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել է գրականություն այն մասին, թե ինչպես բժշկական համալսարաններում դժվարությունների հանդիպող ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել հայկական կամ վրացական համալսարաններում:
Կասկածյալները կկանգնեն դատարանի առաջ: