Սկեսուրների մասին հարսները տարբեր օրինակներ են լսում: Սակայն գոյություն ունեն 5 տիպի սկեսուրներ և նույնքան վարքագծային ռազմավարություններ նրանց հետ լեզու գտնելու համար:
1.Սկեսուր- բարերար: Այս տիպի սկեսուրներին հեշտ է ճանաչել: Նրանք ծանոթության առաջին պահից կսկսեն սովորեցնել, թե ինչպես պետք է ապրել: Անգամ եթե դուք նրանցից խորհուրդ չեք հարցնում, միևնույն է նրանք կարտահայտեն իրենց տեսակետը: Նրանք կփորձեն ամեն բան սովորեցնել ձեզ, որպեսզի իրենց տղայի համար լավ լինի:
Մինչ կորոշեք ընդունել նրա օգնությունը, խորհուրդ է տրվում երկար մտածել, քանի որ նրանք ձեզ օգնելու փոխարեն ցանկանում են սողոսկել ձեր անձնական կյանք:
Փորձեք, առանց ավելորդ կոպտության, նրա օգնությունից հրաժարվել, քանի որ, երկուսիդ հարաբերությունների մեջ սահմանագիծ պահելով, ավելի հեշտ կշփվեք:
2.Սկեսուր- մրցակից: Նա միշտ այն կարծիքին է, որ տղայի բախտը կնոջ հարցում չի բերել: Քննադատությունների մեծ վարպետ է, իսկ ձեր ձեռքբերումները տղայինն է համարում: Նրա կարծիքով դուք ամեն բան սխալ եք անում:
Նման սկեսուր ունենալու դեպքում ձեզ մնում է միայն նրա քննադատություններին ժպիտով պատասխանել, քանի որ ինչքան էլ վիրավորական լինեն նրա ասածները, նա էներգիա է կլանում ձեզնից ու ինքնահաստատվում է ձեր հաշվին: Ձեր հանգիստ վարքագիծը կստիպի նրան փոխել ռազմավարությունը:
3.Բանսարկու սկեսուր: Նրա բնավորությունը ճանաչելու եք ուրիշների միջոցով: Նա ձեր թիկունքում` բոլորի մոտ դժգոհելու է ձեզանից ու զոհի կարգավիճակ է ընդունելու: Ամուսնու մոտ կձևացնի, որ վիրավորում եք իրեն:
Նման դեպքում աշխատեք հնարավորինս քիչ շփվել նրա հետ ու միշտ այլ թեմաներից խոսել նրա ներկայությամբ:
4.Սեփականատեր սկեսուր: Նա ցանկանալու է որդուն միշտ իր իշխանության տակ պահել: Նա ցանկանում է միշտ որդու կյանքում առաջին տեղում լինել: Նման սկեսուրների հետ չափազանց բարդ է, քանի որ նրանք անցնում են բոլոր սահմանները:
Փորձեք նրա համար նոր հետաքրքրություն գտնել, որպեսզի ավելի քիչ ներխուժի ձեր կյանք:
5.Սկեսուր- հրեշտակ: Նման սկեսուրները ցանկացած հարսի երազանքն են: Նրանք չեն խառնվում երեխաների կյանքին, ունեն սեփական հետաքրքրությունները, միշտ պատրաստ են օգնության հասնել: Ձեզանից միայն մի բան է պահանջվում` գնահատել ու հոգ տանել նրա մասին: