Բույսի այլ անվանումներն են` հազար, կաթնուկ, աղցանախոտ։ Պարունակում է կենսաբանորեն ակտիվ բազմաթիվ նյութեր և ունի շատ ցածր էներգետիկ արժեք։ Անփոխարինելի սննդամթերք է գեր մարդկանց համար, կարգավորում է մարսողությունը, կանխարգելում է աթերոսկլերոզի և թոքերի քաղցկեղի զարգացումը։ Ուռուցքաբանները հայտնաբերել են, որ բույսը պարունակում է քաղցկեղի բջիջների առաջացումը կանխարգելող մեծաքանակ նյութեր։
Մարոլի հայրենիքը Միջերկրական ծովի ափերն են, որտեղ ապրող ազգերն օգտագործել են այն սննդի մեջ և բուժման նպատակով։
Մարոլն անհիշելի ժամանակներից մշակվել է Հայաստանում։ 15-րդ դարի հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին գրել է. «Հազարը վանում է անքնությունը, օգնում է մելամաղձության դեպքում, անցկացնում է շոգից առաջացած գլխացավը, առատացնում է մայրերի կաթը, սրում է տեսողությունը»։
Մարոլի տերևները պարունակում են մինչև 4 տոկոս շաքարներ, 2,5 տոկոս սպիտակուց, ենթավիտամին A, ասկորբինաթթու, ֆոլիաթթու, նիացին, բիոտին, B1, B2, E, K վիտամիններ, յոդ, զգալի քանակությամբ երկաթ (38 մգ` 100 գ հումքի մեջ), կալիում` 220 մգ, կալցիում` 80 մգ, մագնիում` 40 մգ, ֆոսֆոր 35 մգ, նատրիում, օրգանական թթուներ, ֆոլիաթթու, պեկտին և այլն։
Բույսին բնորոշ նյութերից մեկի` լակտուցինի շնորհիվ բույսը կիրառվում է հիպերտոնիկ հիվանդության, անքնության, նյարդային անհանգստության դեպքում։
Կալիումի և նատրիումի աղերի բարենպաստ փոխհարաբերակցության շնորհիվ մարոլը կարգավորում է օրգանիզմի ջրային բալանսը, ունի միզամուղ հատկություններ։
Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru