Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր խոսել եմ նաև Մարիամի զուգընկերոջ հետ, երբ քննիչների մոտ էր Մարիամը: Երիտասարդը շատ հստակ արտահայտվեց , որ պատրաստ է եղել ամուսնանալ Մարիամի հետ , սակայն աղջիկը չի համաձայնվել, քանի որ չի վստահում և հավատը կորցրել է տղամարդու նկատմամբ: Ասաց, որ սիրով հոգ է տարել երեխաներին և կրկին պատրաստ է: Աշխատում է և վաստակում այնքան, որ կարող են մինիմալ պահանջները այս պահի բավարարել: Իր խոսքերով, երբեք չի մնում անգործ, ունի մի քանի արհեստ և ինչպես էլ լինի, մի գործ գտնում է իր համար: Շատ ուրախացավ, երբ իմացավ, որ Մարիամի հետ խոսել եմ մասնագիտություն ձեռք բերելու մասին և հաստատեց, որ դա իրեն պետք է, քանի որ խելացի է և կարող է սովորել: Երեխաներին տեսավ և միանգամից տարբերեց անուններով: Ասաց, որ երկար աշխատանք է պետք Մարիամի հետ, որ իր մանկական կապրիզները վերանան: Մի քիչ հանգիստ եմ այս առումով: Պատմեց, որ տուն է վարձել երեխաների ծնվելուց հետո, որ երեխաները մի քիչ նորմալ պայմաններում մեծանան: Բայց, այնուամենայնիվ, սոցիալական դժվարություններն ակնհայտ էին և առանց աջակցության հնարավոր չի լինի հաղթահարել: Սա առաջին տպավորություն է և լրջություն կար ավելի շատ տղայի մոտ, քան Մարիամի, որն էլ կարող է պայմանավորված լինել տարիքով»:
Ըստ Lurer.com-ի՝ Մարիամը թեթև վարքի տեր կին է, նրա նոր զուգընկերը մոտ 30-35 տարեկան երիտասարդ է, ով ծննդաբերությունից հետո Մարիամին ու երեխաներին ապահովել է սննդով և հագուստով՝ խոստանալով առանձին բնակարանում շարունակել կյանքը, սակայն առանց երեխաների, որոնք իրենը չեն:
Մասիսի ԲԿ-ի Մանկաբարձագինեկոլոգիական բաժնի վարիչ Անուշ Կարապետյանը աղբյուրի հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունները, որ Մարիամին պարբերաբար մի տղամարդ էր այցելում և հագուստ ու սնունդ բերում:
Բաժնի վարիչի խոսքով՝ Մարիամը շատ ուշադիր է եղել երեխաների հանդեպ. «Ես, ճիշտն ասած, զարմացա, որ տեղեկացա՝ իր երեխաներին տարել և թողել է Գյումրու գիշերօթիկ հաստատության բակում: Նա այնքա՜ն լավ էր նայում նրանց. կերակրում էր, սոված չէր թողնում: Մարիամի զուգընկերն է հենց իրեն բերել հիվանդանոց՝ ծննդաբերության: Նա մոտ 30-35 տարեկան կլիներ»,- մանրամասնել է Անուշ Կարապետյանը: