Սրանք իրենց գլխի գալիքը լավ էլ գիտեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին անխոս տպավորիչ էր և իր մեջ ներառում էր այսօրվա մեր իրականության գրեթե բոլոր հրատապություն ունեցող հարցերը։ Վարչապետը խոսքը կառուցել էր հայաստանյան ներքաղաքական կյանքի, կայացած թավշյա հեղափոխության, արտաքին քաղաքականության և, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ։

Հասկանալի է, որ Հայաստանի համար շատ կարևոր այս փուլում Նիկոլ Փաշինյանը բավականին մանրամասն անդրադարձավ «Հայկական թավշյա հեղափոխությանը», որը տեղի ունեցավ առանց բռնության, զոհերի կամ հասարակական անկարգությունների։ Արդյունքում հեղափոխությունը տոնեց հաղթանակ, քանզի մարդիկ պահանջատեր էին, և խորհրդարանն, այլընտրանք չունենալով, «անսաց ժողովրդի կամքին»։ Վարչապետը ընդգծեց՝ այսօր անհրաժեշտություն կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ գործող խորհրդարանը չի ներկայացնում ժողովրդի կամքը. «Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն, որը կհանգեցնի ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների և հակակշիռների կայացմանը»։

Արտահերթ ընտրությունների կարևորության մասին վարչապետի խոսքը, ինչպես և սպասելի էր, Հայաստանում ընկալվեց, քննարկվեց և բուռն արձագանքներ ստացավ ՀՀԿ-ի առաջամարտիկների կողմից, ովքեր չզլացան իրենց դժգոհությունն արտահայտել լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով։

«Հայոց աշխարհի» հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը շտապեց հիշեցնել, որ «մենք խորհրդարանական երկիր ենք, և սա 2017թ․լեգիտիմ ընտրությունների միջոցով ընտրված խորհրդարան է».
-Եթե Փաշինյանը համարում է, որ գործող խորհրդարանը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, ես էլ կարող եմ համարել, որ ինքն էլ է ոչ լիգիտիմ, որովհետև հենց այս խորհրդարանի քվեով է դարձել վարչապետ։

Իհարկե, ծավալված քննարկումներից անմասն չմնաց Էդուարդ Շարմազանովը։ Վերջինս իր խոսքը Tert.am-ի միջոցով ուղղեց հենց Նիկոլ Փաշինյանին․«Հարգելի՛ պարոն վարչապետ, Երևանի բնակչության 57%-ը Ձեր նախաձեռնությանը ասաց ո՛չ՝ չմասնակցելով այդ ընտրությանը։ Իսկ սիրո և համերաշխության մասին խոսելը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից առավել քան զվարճալի էր՝ հաշվի առնելով Ձեր կոչերը՝ խելքները գլուխները հավաքելու, ԱԱԾ-ով սպառնալու, ասֆալտին պառկեցնելու և պատերին «ծեփելու» կոչերի ֆոնին»։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ չմոռացավ իր սրտի ցավն արտահայտել օնլայն հարթակում՝ շեշտելով, որ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնը օգտագործեց սեփական դիրքերն ընդգծելու և ոչ թե Հայաստանի անվտանգության ու ազգային հարցերն ամրացնելու համար։

Նման արձագանքները, միանգամայն հասկանալի են: Դրանք ավելի շատ հասարակության վրա ներազդելու հուսահատ փորձեր են հիշեցնում։ Միանշանակ է, որ հանրապետականները հստակ գիտակցում են, որ արտահերթ ընտրություններով կարձանագրվի իրենց կուսակցության անփառունակ վախճանը և պատմության թատերաբեմից որպես քաղաքական ուժի ընդմիշտ հեռացումը։ Դժվար է պատկերացնել, որ ՀՀԿ-ն ազնիվ և թափանցիկ քվեարկության արդյունքում կստանա հանրության վստահությունը՝ Ազգային Ժողովում ներկայացնելու ժողովրդի շահերը։

hing.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS