Վաբշե պատգամավոր դառնալու ցանկություն չունեմ. Առաքել Մովսիսյան

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Կուսակցությունները կանգնած են ռեյտինգային թեկնածուների հավաքագրման խնդրի առջեւ։ Նույնիսկ այդ մոդելի «կնքահայր» ՀՀԿ-ում են փնտրտուքների մեջ։ Սերժ Սարգսյանը վերջին օրերին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում գրեթե շուրջօրյա ռեժիմով առանձին-առանձին հանդիպումներ է ունենում կուսակցությունից ռեյտինգայինով ընտրված պատգամավորների հետ, համոզում առաջադրվել դեկտեմբերյան ընտրություններու։

Բայց կուսակցության օլիգարխիկ թեւը կտրուկ հրաժարվում է ռիսկի դիմել, ինչը բնական է՝ բիզնեսը վտանգելու իմաստ չեն տեսնում։ Հեղափոխությունից հետո իշխանությունը նրանցով այնքան զբաղվեց, որ ստիպված եղան շաբաթներ առաջ աջակցություն հայտնել արտահերթ ընտրությունների անցկացմանն ու խորհրդարանը ցրելուն։ Բացի այդ, իր հերթին իշխանությունն է որոշների հետ աշխատանքներ տանում, որպեսզի ընտրություններին աշխատեն «ՔՊ» թեկնածուների համար։

Թեեւ «ՔՊ» ցուցակով գնալու առաջարկները մերժվում են։ Սերժ Սարգսյանին մերժողներից է Արարատի մարզից պատգամավոր դարձած եւ ՀՀԿ-ի համար ամենաշատ ձայները հավաքած Արայիկ Գրիգորյանը։ Նա չի պատրաստվում նորից առաջադրվել եւ նեղսրտել է, թե վիրավորվել է իր ընտրողներից, որ իրեն այդքան քվե տված մարդիկ մեկ տարի հետո ՀՀԿ-ի հեռացումն էին պահանջում։ Արարատում ՀՀԿ-ից, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի Մուրադ Մուրադյանը, ով Արայիկ Գրիգորյանից հետո ամենաշատ ձայն ստացած ՀՀԿ-ականն է։

Նա մեզ հայտնեց, որ մեկ շաբաթից պարզ կդառնա՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ։ Արտահերթին աջակցություն հայտնած ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի մոտ նույնպես անորոշություն է։ «Դեռ պետք է որոշեմ, հասկանամ, հիմա ոչինչ պարզ չէ»,- ասաց նա։ «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային թեկնածուներից այս տարածքում քննարկվում են Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի, եւ Տիգրան Ստեփանյանի անունները։ Դիտարկելով 2017-ի ընտրությունները՝ կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի դիրքերն այս մարզում բավականին թույլ են։

Անցած տարվա ընտրություններին այս ընտրատարածքում «Ելք» դաշինքի ռեյտինգայինների ցուցակում ամենաշատ քվեն մարզից ստացել է Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թեւոնյանը, որը, սակայն, Արամ Զավենի Սարգսյանի ընկերն է ու նրա կուսակիցը, իսկ Նիկոլ Փաշինյանի ամենաշատ ձայն ստացած կուսակից Նշան Հակոբյանը 417 ձայն է ստացել։ Այնպես որ՝ չի բացառվում, որ Գրիգորյաններն աշխատեն Փաշինյանի ներկայացրած ցուցակի համար։ ՀՀԿ-ի համար շատ տխուր պատկեր է Արմավիրի մարզում․ նախկին աստղաբույլը՝ Նովո, գեներալներ Մանվել եւ Սեյրան, Շմայս, ՄԱՊ-ի Ալիկ, այլեւս չկան։

Սերժ Սարգսյանին Նովոն հայտնել է, որ չի առաջադրվի, որովհետեւ որդու նկատմամբ քրեական գործ կա՝ բանակից խուսափելու փաստով։ Սեյրան Սարոյանը Հայաստանից արդեն մի քանի ամիս է՝ հեռացել է եւ, մտերիմների պնդմամբ, վերադառնալու մտադրություն չունի։ Առաքել Մովսիսյանը՝ Շմայսն էլ երեկ մեզ ասաց․ «Վաբշե պատգամավոր դառնալու ցանկություն չունեմ, եթե համոզվեմ, որ հարյուր տոկոսով կդառնամ, մեկ ա՝ չեմ դնի»։

Եվ այլեւս չպատասխանեց եւ ոչ մի հարցի։ Իսկ ՄԱՊ-ի Ալիկը դեռ նախորդ ընտրություններից հետո է անհետ կորել։ «Ծառուկյան դաշինքից», ամենայն հավանականությամբ, կրկին կառաջադրվեն Արայիկ Աղաբաբյանն ու Հրանտ Դավթյանը, որոնք կուսակցությունում քննարկել են անգամ, թե ով ինչքան ձայն կարող է բերել։ «Ելք»-ի ռեյտինգային թեկնածուներից Արմավիրում ամենաշատ ձայնը ստացել է ներկայիս փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը՝1856 ձայն։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանն այս մարզում էլ կարող է դիմել ՀՀԿ-ական տիտանների օգնությանը։

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS