Քո առաջ նստած է մի տարեց կին: Քո մայրն է: Իսկ դու հիշում ես, ինչպես էր նա քեզ հաճախ ծեծում, թույլ չէր տալիս գնալ զբոսնելու, թույլ չէր տալիս համակարգչով խաղալ…Իսկ հետո ծանոթացավ քո ապագա ամուսնու հետ, ասաց, որ իրեն դուր չի եկել: Դու գոռում էիր, արտասվում.
-Մայրիկ ջան, խնդրում եմ, ինձ ոչ մի բան մի բացատրիր: Մի ստիպիր, որ բոլորին քո աչքերով նայեմ: Մինչ նրան իմ աչքերով եմ տեսնում, սիրում եմ և երջանիկ եմ:
Եղե՞լ է նման բան: Գուցե մի ուրիշ թեմայի շուրջ են եղել վիճաբանությունները: Բոլորի ընտանիքներում խնդիրները տարբեր են: Բայց կան: Ժամանակն արագ է անցնում: Հիմա դու քո երեխաների ծնողն ես: Իսկ մայրիկդ անօգնական է, քեզանից կախվածության մեջ…Իսկ դու դեռ հիշում ես հին ցավը: Եկել է վրեժի ժամանակը: Հիմա դու ինքնահաստատված ես, խելացի, ուժեղ և ԱՄԵՆ ԻՆՉ ՀԻՇՈՒՄ ԵՍ…Դե սկսիր…
Ասա նրան, որ նեղացած ես, չես ներել: Ասա, թե ինչպես էիր արտասվում ձեր յուրաքանչյուր վեճից հետո, հատկապես, երբ նա հարվածում էր քեզ:
Հաճախ եմ լսում այն մասին, որ չի կարելի ներել նման ծնողներին: Թող հասկանան, որ սխալ են եղել: Եվ ես հիմա չեմ խոսում այն մայրերի մասին, ովքեր լքել են երեխաներին: Ծնել և մոռացել են: Ես նրանց մասին եմ խոսում, ովքեր եղել են երեխաների կողքին, նրանց կերակրել, հագցրել և դաստիրակել են, ինչպես որ կարողացել են:
Նստած ես մորդ առաջ: Նա նույնիսկ երբեմն մոռանում է, որ դու իր աղջիկն ես: Կոշիկները չի կարողանում կոճկել, անդադար հեռուստատեսությամբ տեսած նորություններն է պատմում, նույն բանը 10 անգամ: Եկեք վրեժ լուծենք նրանից: Թող զղջա, որ մեզ սխալ է դաստիրակել: Պատժենք նրան:
Նրա դեմքին ասենք այն ամենը, ինչ մտածում ենք: Հիմա դրա համար չենք պատժվի, անվտանգ է խոսելը: Ի պատասխան ոչ ապտակ կստանանք, ոչ էլ կոպիտ խոսք:
Ոչ ոք ի վիճակի չէ վերադարձնել և շտկել որևէ մի բան: Իսկ արդյունքը կարող է լինել երկակի.
Նա չի հասկանա: Չի հիշում: Այդ դու ես հիշում, քանի որ դու ես ցավ զգացել: Նա նույնիսկ չի հասկանում, թե ինչի մասին ես խսում:
Նա կհասկանա, որ շատ սխալներ է գործել: Եվ ի՞նչ…Դրանք անհնար է ուղղել: Կյանքն արդեն ապրած է, հնարավոր չէ հետ բերել:
Նստած է տարեց կինը և արտասվում: Կամ իրեն նեղացրել են, կամ իզուր է ապրել…Իսկ դու քեզ թեթևացած կզգա՞ս դրանից: Մտածիր, նախքան ծեր ծնողներին դաս տալը, գուցե և զղջաս հետո: